|
|
# 21 (107), 16
Դեկտեմբերի, 2008թ.
ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ

Նորերս ԼՂՀ Ազգային ժողովում քննարկվեց «Խղճի
ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը, որը բուռն
բանավեճի տեղիք տվեց: Մի շարք պատգամավորների կարծիքով՝ այնտեղ կան
բավականին կոշտ դրույթներ, իսկ որոշ հարցերում էլ հիմնական շեշտադրումն
արված է արգելիչ միջոցների վրա: Շատ այլ պատգամավորներ էլ բևեռային կարծիքի
էին, այն է՝ հարկ է ավելի խստացնել նույն այդ դրույթները և առաջնորդվելով
ռազմական դրության մասին օրենքով՝ արգելել Հայ Առաքելական Եկեղեցուց բացի
գործող կրոնական կազմակերպությունները կամ մեկուսացնել դրանց
ներկայացուցիչներին:
Ուշագրավ է, որ ոչ ոք էլ չէր թերագնահատում աղանդներից բխող վտանգը,
պարզապես մոտեցումներն էին տարբեր: Մասնավորապես, հնչեց այն միտքը, որ
միայն արգելիչ միջոցներով հնարավոր չէ լուծել հարցը ժամանակակից աշխարհում,
որ գաղափարի դեմ պիտի պայքարել գաղափարով, որ ժամանակի հրամայականով մեր
ավանդական եկեղեցին պիտի վերարժեվորի իր գործելակերպը:
Մեր եկեղեցին, ինչպես հայտնի է, առաքելական է: Քրիստոնեության տարածման վաղ
շրջանում առաքյալները շրջում էին գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ու զրուցում
մարդկանց հետ, մինչդեռ այսօր մեր եկեղեցին կորցրել է դեպի մարդկանց տունն
ու հոգին տանող ճանապարհը: Ինչպես կատակեց պատգամավորներից մեկը, Քրիստոսն
ավանակի վրա նստած այցելում էր մարդկանց, իսկ մեր քահանաները հիմա «Ջիպ»-ով
անգամ մարդկանց մոտ չեն գնում:
Իհարկե, հնարավոր է արգելել ուրիշների մուտքը մեր քաղաքացիների տունն ու
հոգին, բայց սոսկ դրանով մեր ներկայությունն այնտեղ չի ամրանալու, մեր
բացակայությունն այնտեղ այս կամ այն կերպ լրացվելու է, քանի որ, ինչպես
ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում:
Ինչ վերաբերում է կրոնական այլ կազմակերպություններին, ապա նրանց նկատմամբ
ևս միանշանակ կոշտ վերաբերմունքը ոչ մի լավ բանի չի հասցնի: Աշխարհում թափ
է առնում ամենատարբեր եկեղեցիների համագործակցությունը, այն է՝ էկումենիկ
շարժումը, որին ակտիվորեն մասնակցում է նաև Հայ Առաքելական Եկեղեցին: Բացի
դրանից, ոչ առաքելական մի շարք կազմակերպություններ բավականին նպաստավոր
գործ են արել Հայաստանի ու Արցախի համար, և մենք չենք կարող հենց այնպես
նրանց երեսին շրխկացնել դուռը: Շատ ավելի խոհեմ կլիներ համագործակցության
մեզ համար ընդունելի տարբերակ մշակել:
Ինչ վերաբերում է այն բանին, որ մեր եկեղեցին կարծես թե հեռացել է մարդկանց
առօրյա հոգսերից, ապա այստեղ երկու կարևոր գործոն կա: Նախ՝ մեր բազմաչարչար
պատմության մեջ հայ եկեղեցին ստիպված է եղել պետականության կորստի ու
օտարերկրյա տիրապետության պայմաններում հիմնականում զբաղվել
ազգապահպանությամբ: Այլ ուղղություններով գործունեության համար լիարժեք
հնարավորություններ քիչ են եղել:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նկատում են
մի շարք հայ դավանաբաններ, չունի սոցիալական ուսմունք, մինչդեռ եկեղեցիների
սոցիալական ուսմունքները կարևորագույն դեր են կատարում ժամանակակից
հասարակությունների սոցիալական կյանքում: Ինչպես նշում է դավանաբաններից
մեկը, մեզ մոտ քրիստոնեությունը գոյություն ունի միայն վանքերում (նկատի
ունի եկեղեցու գործունեության ներկայիս հիմնական՝ ծիսական կողմը): Հայ
Առաքելական Եկեղեցին առավելապես դիմում է անհատներին՝ առանց դիտարկելու
հասարակության մեջ առկա սոցիալական ուժերը և մեխանիզմները, եկեղեցական
վերնախավը սովորաբար խուսափում է սոցիալական թեմաներին անդրադառնալուց,
հիմնականում կենտրոնանալով հոգու փրկության խնդրին: Մինչդեռ, փաստում են
դավանաբանները, եթե Հայ Առաքելական Եկեղեցին հավակնում է ունենալ
հովվություն մարդկանց հոգեկան կյանքի, ապա պետք է ունենա որոշակի հայացք
հասարակական կյանքի նկատմամբ:
Իսկ դա հնարավոր չէ անել առանց մարդկանց հետ սերտ շփումների: Նման
շփումների կարիքն ունի հատկապես սոցիալապես անապահով խավը, որն էլ
ամենախոցելին է հոգեորսության որոգայթներում:
Բյուջե-2009
2009-ԻՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ, ԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
ԼՂՀ Ազգային ժողովում շարունակվում են 2009թ. պետական բյուջեի մասին օրենքի
նախագծի քննարկումները: Օրենքի նախագծով առաջարկվում է ԼՂՀ 2009թ. պետական
բյուջեն հաստատել եկամուտների գծով՝ 54.052.0 մլն դրամ, ծախսերի գծով՝
58.542.1 մլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 4.490.1 մլն դրամ:
Աշխատավարձեր
Հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կկազմի 30 հազար դրամ՝ 25
հազարի դիմաց: Աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում տարբեր
բնագավառներում. կրթության ոլորտում արտադպրոցական հիմնարկների աշխատողների
աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով, իսկ հանրակրթական դպրոցների
ուսուցիչներինը՝ 29.5 տոկոսով: Բժիշկների աշխատավարձերը կբարձրանան 50
տոկոսով, իսկ միջին բուժաշխատողներինը՝ 20 տոկոսով: Աշխատավարձերի 20
տոկոսի աճ է նախատեսվում սպորտդպրոցների աշխատողների, իսկ 10 տոկոսի՝
մշակույթի բնագավառի աշխատողների համար: Ոստիկանության համակարգում գլխավոր
խմբի աշխատավարձերը կբարձրանան 47.4, ավագ խմբինը՝ 50.8, միջին խմբինը՝
55.3, կրտսեր խմբինը՝ 56.3 տոկոսով: Ազգային անվտանգության ծառայության
համակարգում աճը համապատասխանաբար կկազմի 23.7, 17.6, 18.7 եւ 21.8 տոկոս:
Նպաստներ
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանի տեղեկացմամբ,
հունվարի 1-ից կփոխվի երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված
խրախուսման համակարգը. ընտանիքներում 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան
կապակցությամբ ծնողին տրվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 100 հազար դրամ՝
նախկին 70 հազարի փոխարեն: Կշարունակվի բազմազավակության եւ ծնելիության
խթանման ծրագիրը, ըստ որի ընտանիքի 3-րդ երեխայի համար կհատկացվի 500 հազար,
իսկ 4-րդ եւ հաջորդ երեխաների համար՝ 700 հազար դրամ: Նույն չափով
նպատակային ժամկետային ավանդներ կբացվեն 3-րդ եւ հաջորդ երեխաների համար: 6
եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար նոր բնակելի տների
կառուցման ծրագիրը նույնպես կշարունակվի:
Չաշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստը կբարձրանա 20 տոկոսով
եւ կկազմի 138 հազար դրամ: Երկու անգամ կբարձրացվի միակողմանի ծնողազուրկ
երեխաների նպաստի չափը՝ կազմելով 21 հազար դրամ: Առանց ծնողական խնամքի
մնացած երեխաներին կտրամադրվի 30 հազար դրամ՝ 20 հազար դրամի դիմաց: 11,8
տոկոսով կաճի հաշմանդամ երեխաներին տրվող նպաստի չափը եւ կսահմանվի 18
հազար դրամ: Առաջին խմբի հաշմանդամների երեխաներին տրվող նպաստը կկազմի 15
հազար դրամ՝ 9 հազար դրամի դիմաց: 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող
ընտանիքների երեխաներին կտրամադրվի 9 հազար դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխա
խնամող բոլոր մայրերը կստանան 12 հազար դրամ՝ նախկին 4,5 հազար դրամի
փոխարեն:
Կենսաթոշակներ
Հունվարի 1-ից Ղարաբաղում բազային կենսաթոշակը նախատեսվում է սահմանել 5800
դրամ՝ այս տարվա 5000 դրամի դիմաց: Հիմնական կենսաթոշակը կկազմի 8 հազար
դրամ՝ 6800 դրամի դիմաց, իսկ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը 395
դրամից կաճի մինչեւ 450 դրամ:
Սոցիալական կենսաթոշակի միջին չափը կաճի 15,4, իսկ ապահովագրական
կենսաթոշակը՝ 11,3 տոկոսով: ԼՂՀ պատերազմում զոհված զինծառայողների
ընտանիքներին եւ հաշմանդամ զինծառայողներին կվճարվի 9800 դրամ՝ 7500 դրամի
դիմաց, իսկ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին
եւ հաշմանդամ զինծառայողներին՝ 6800 դրամ՝ 5700-ի դիմաց: Սպայական
անձնակազմի եւ շարքային զինծառայողի կենսաթոշակների միջին չափը կաճի 12,2
եւ 16 տոկոսով:
Գործազրկության նպաստը կբարձրանա 20 տոկոսով՝ կազմելով 18 հազար դրամ, իսկ
անմրցունակ անձանց աշխատանքի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը
կկազմի 30 հազար դրամ:
Դպրոցաշինություն
2009թ. պետբյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների ծրագրով
նախատեսվում է 100.0 մլն դրամի աշխատանք իրականացնել Ստեփանակերտի 11-րդ
դպրոցի շենքի կառուցման նպատակով: Ծրագրի համաֆինանսավորողը Երևանի
Ամերիկյան համալսարանն է:
Ասկերան շրջկենտրոնում կշարունակվի քաղաքի միջնակարգ դպրոցի կառուցումը,
ինչպես նաեւ շրջանի Նորագյուղ գյուղի 320 տեղանոց դպրոցի շինարարությունը:
Դպրոցներ կկառուցվեն շրջանի Ուղտասար, Հովսեփավան եւ Բերքաձոր գյուղերում.
Ուղտասարում կկառուցվի 120 տեղանոց դպրոց, Հովսեփավանում՝ տարրական դպրոցի
շենք, իսկ Բերքաձորում՝ 4-ամյա դպրոց: Մարտակերտի շրջանում կշարունակվի
Հարությունագոմեր գյուղի դպրոցի շենքի կառուցումը: Մարտունու շրջանում 240
տեղանոց նոր դպրոցի շինարարություն կսկսվի Ալիբալի տեղամասում: Հադրութի
շրջանում դպրոցներ են կառուցվելու Արեւշատ, Ազոխ, Տող գյուղերում: 2009-ին
նախատեսվում է ավարտին հասցնել Հակակու գյուղի դպրոցի շինարարությունը, իսկ
Շահումյանի շրջանում կշարունակվի Եղեգնուտ գյուղի դպրոցի կառուցումը:
Կապիտալ ներդրումների ծրագրով հանրապետության տարբեր բնակավայրերում
նախատեսվում են նաեւ դպրոցների շենքերի վերանորոգման աշխատանքներ:
ԿՈՆՖԵՐԱՆՍ`
ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Դեկտեմբերի 9-10-ը Ստեփանակերտում անց է կացվել «Մարդու իրավունքների
պաշտպանությունը սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեմայով՝ ԼՂՀ
Սահմանադրության օրվան եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի
60-ամյակին նվիրված համատեղ կոնֆերանս, որը նախաձեռնել են ՀՀ Սահմանադրական
իրավունքի կենտրոնը, ԼՂՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը եւ Գերագույն դատարանը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը,
գլխավոր դատախազը, Երեւանի պետական համալսարանի եվրոպական եւ միջազգային
իրավունքի ամբիոնի վարիչը, Սահմանադրական դատարանի անդամներ:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, նշել է,
որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ հավատարիմ է եղել ազատության,
ժողովրդավարության գաղափարներին, ինչպես նաեւ այնպիսի իրավական պետության
ստեղծմանը, որտեղ մարդու եւ քաղաքացու անվտանգությունն ու ազատությունը
կլինեն բարձրագույն արժեք: Նախագահի կարծիքով, կոնֆերանսը նոր առիթ է
գնահատելու ԼՂՀ նվաճումները՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ
ազատությունների ապահովման, քաղաքացիական եւ ժողովրդավարական հասարակության
ձեւավորման գործում, ինչի ուղղությամբ պետությունը այսուհետ կլինի
հետեւողական եւ ավելի կակտիվացնի իր ջանքերը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտնեց այն կարծիքը, որ «ի
տարբերություն շատ երկրների, որտեղ մարդու իրավունքները ձեռք են բերվել
ընդունված փաստաթղթերով, Ղարաբաղում այդ իրավունքները ձեռք են բերվել
ազգային-ազատագրական պայքարով»: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Գագիկ Հարությունյանի համոզմամբ, Ղարաբաղում սահմանադրականությունը կարող է
շատ ավելի շուտ ինքնահաստատվել, քան ցանկացած մեկ այլ երկրում, որովհետեւ «այստեղ
սահմանադրորեն ապրելու ավանդույթները բավականին խոր արմատներ ունեն, որոնք
պետք է գուրգուրել, որպեսզի սահմանադրականության իրողությունը
Սահմանադրության հետ մեկտեղ դառնա մարդու կենցաղ»:
ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ
ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
ԼՂՀ անկախության հանրաքվեի 17-ամյակի կապակցությամբ Արցախի ժուռնալիստների
միությունը հանրապետության տարածքում անցկացրել է հասարակական կարծիքի
հարցում, որի մի շարժառիթն էլ եղել է ղարաբաղյան կարգավորման
բանակցություններում վերջին ժամանակներս քննարկվող այն դրույթը, որով
առաջարկվում է որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղում անցկացնել եւս մի
հանրաքվե կամ պլեբեսցիտ՝ ճշտելու համար Լեռնային Ղարաբաղի վերջնական
իրավական կարգավիճակը:
Հարցումն անցկացվել է 300 հարցվողների շրջանում. հարցման մասնակիցներին
առաջադրվել է հետեւյալ հարցը. «Գտնո՞ւմ եք, որ ԼՂՀ իրավական կարգավիճակի
որոշման համար անհրաժեշտ է Արցախում անցկացնել նոր հանրաքվե»: Հարցման
արդյունքներով բացասական պատասխան են տվել 249 հարցվողներ, 24-ը՝ դրական,
27-ը դժվարացել են պատասխանել: Հարցին բացասական պատասխանողները եղել են
մինչեւ 30 եւ 30-50 տարիքային խմբերի, իսկ «Այո» եւ «Դժվարանում եմ
պատասխանել» հարցերին պատասխանողները՝ 50-ից բարձր տարիքային խմբի
մասնակիցներ:
Ըստ տարիքային խմբերի հարցման՝ մասնակիցները եղել են. մինչեւ 30 տարեկան՝
138 հոգի, 30-50 տարեկան՝ 102 եւ 50-ից բարձր տարիք ունեցողներ՝ 60 հոգի:
Ըստ զբաղվածության նրանցից 197-ը եղել են տարբեր բնագավառների աշխատողներ,
43 հարցվող ոչ մի տեղ չէր աշխատում, 40-ը ուսանողներ էին, իսկ 20-ը՝
թոշակառուներ: 148-ն ունեցել են բարձրագույն, 64-ը՝ թերի կամ
միջնակարգ-մասնագիտական, իսկ 88-ը՝ միջնակարգ կրթություն:
ԱԹԵՆԱԿԱՆ «ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ»
Կալիմեյրա, Աթենք և ադիո, Ալեքսանդրոս
Բարի լույս, Աթենք:Մամուլի զարգացման գլոբալ համաժողովին մասնակցելու
նպատակով Հունաստանի մայրաքաղաքում մեր գտնվելու յոթ օրերին էլ լույսը շատ
էր այնտեղ, ընդ որում՝ նաև գիշերները:Եւ ոչ միայն այն պատճառով, որ
փողոցները լավ են լուսավորված, այլև մերօրյա բուտաֆորիայի շնորհիվ.
Աթենքում ամեն գիշեր խանութներ, կրպակներ ու շենքեր էին վառվում:Դեկտեմբերի
6-ին մի խումբ երիտասարդների հետ ոստիկանների ընդհարման ժամանակ զոհվել է
15-ամյա մի պատանի՝ Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսը:Զոհվել է ոստիկանի արձակած
գնդակից, որից հետո գազազած երիտասարդությունը հազարներով դուրս էր եկել
փողոց ու ավերում-վառում էր ամեն ինչ:Չխնայեցին անգամ ամանօրյա հսկա
տոնածառը:
Մնաս բարով, Ալեքսանդրոս:Տեղական հեռուստաալիքներն ամեն օր ցուցադրում էին
պատանի Ալեքսանդրոսի լուսանկարները՝ համակրելի դեմք, հմայիչ ժպիտ, խոսուն
ու ծիծաղկուն աչքեր:Ու սիրտդ ցավում էր ընդհատված կյանքի համար:Ցավիդ
լրացուցիչ մրմուռ էր հաղորդում այն հանգամանքը, որ նա մորական կողմով
Չալիկյանների հայտնի ընտանիքի ժառանգներից է:Չալիկյաններն Աթենքում տոհմիկ
ոսկերիչների ամենահայտնի ընտանիքներից են:Քաղաքում «Չալիկյան» անվամբ բոլոր
ոսկերչական խանութների շեմերին այդ օրերին ծաղկեթմբեր էին՝ մարդիկ այդտեղով
անցնելիս ծաղիկներ էին դնում ի հիշատակ և հարգանս վաղամեռիկ երիտասարդի:Իսկ
եթերից անընդհատ հնչում էր՝ «մնաս բարով, Ալեքսանդրոս»:
Աթենական «հրավառ» զարգացումներում մեզ համար անըմբռնելի ու տարակուսելի
շատ բան կար: Խորհրդային ամբողջատիրական և հետխորհրդային ավտորիտար
իրականության պայմաններում հասունացածներիս համար փոքր ինչ «մարսելի» չէր
ազատության այն լայնահուն ընկալումը, որին ականատես եղանք այնտեղ:Այո,
ոստիկանի կրակոցից զոհվել է երիտասարդը, ամենայն հավանականությամբ՝
պատահական կրակոցից, բայց փաստը մնում է փաստ՝ զոհվել է ոստիկանի
կրակոցից:Միևնույն ժամանակ, ոստիկանների համբերությունն ու ագրեսիվության
բացակայությունն ուղղակի շշմեցուցիչ էին:Նրանք միայնումիայն պաշտպանվում
էին նետված քարերից, մոլոտովյան շշերից, փայտի ու երկաթի կտորներից:Մեկ-մեկ
էլ համբերության բաժակը լցվում էր, և ձեռքով կամ քացով խփում էին «էրեխեքի»
«փափուկ տեղերին»:Եւ քաղաքական իշխանությունները, և ոստիկանները փորձում
էին լեզու գտնել և համոզել ցուցարարներին:Ընդ որում, դեպքի օրը հրաժարականի
դիմում էր ներկայացրել ներքին գործերի նախարարը՝ այն պատճառաբանությամբ, որ
ինքն արդեն բարոյական իրավունք չունի պաշտոնավարելու, քանի որ ոստիկանի
կրակոցից մարդ է զոհվել:Երկրի ղեկավարությունն էլ քանիցս ներողություն է
խնդրել, հավաստիացրել, որ նման բան այլևս չի կրկնվի, ձերբակալվել են երկու
ոստիկաններ:Մարդը, մարդկային կյանքը Հունաստանում, ինչպես և ողջ քաղաքակիրթ
աշխարհում, մեծագույն արժեք է, և մարդկային կյանքերի գնով իրավիճակի
կայունացում ոչ ոքի մտքով չի անցնում:
Երկրորդ անսովոր հանգամանքն այն էր, որ բոլոր, անխտիր բոլոր
հեռուստաընկերությունները ուղիղ եթերով ցուցադրում էին բոլոր
իրադարձությունները, այդ թվում և առաջին հերթին՝ պետական
հեռուստատեսությունը, պարտադիր կերպով խոսք տալով թե ցուցարարներին և թե
ընդդիմությանը, որոնց ամեն օր հրավիրում էին նաև հեռուստաստուդիա:
Երրորդ անսովոր հանգամանքը մեզ համար օրենքների անսասանությունն է:
:Երիտասարդ ցուցարարները, ովքեր հիմնականում ուսանողներ են, իրենց «մարտական
պատրաստությունները» տեսնում էին համալսարանների տարածքներում, որտեղ էլ
պատրաստում էին մոլոտովյան շշերն ու նմանատիպ այլ պարագաներ, իսկ
ոստիկաններն էլ չէին կարողանում կանխել դա, քանի որ օրենքով արգելված է
ուժային կառույցների ներկայացուցիչների մուտքը կրթօջախներ:Հունաստանի
պատմության մեջ արդեն եղել է մի ողբերգական իրավիճակ, երբ ուժայինները
ճնշել են ուսանողների բողոքը, որի արդյունքում տասնյակ երիտասարդներ են
զոհվել:Հենց այդ դեպքից հետո էլ ընդունվել է սույն օրենքը:Եւ նույնիսկ իր
համար այս ծանր օրերին իշխանությունը չի փորձում փոփոխել այդ օրենքը:Եւ
հիմա իշխանափոխությունն այստեղ ավելի հավանական է, քան օրենքի
փոփոխությունը:Ամենայն հավանականությամբ, նոր կառավարություն կձևավորվի, և
նոր վարչապետն էլ կլինի ընդդիմության առաջնորդ, «Պասոկ» կուսակցության
ղեկավար Գեորգիու Պապանդրեուն:Հենց նրա անվան հետ էլ առնչվում է մեր «չորրորդ
զարմանքը»:
Չորրորդ անսովոր հանգամանքն այն էր, որ ոչ ոք՝ ոչ իշխանությունը, ոչ
ընդդիմությունը և ոչ էլ հանրությունը չէին ողբերգականացնում կատարվածը,
ազգային նման հոգեկերտվածք-մենթալիտետ հույները չունեն
:Մերոնցից այս նրբերանգը նկատեց «Ինտերնյուզ-Հայաստան» կազմակերպության
ղեկավար Նունե Սարգսյանը:Այո, վատ բաներ են կատարվում, բայց
ողբերգականության նրբերանգ ոչ մեկի դեմքին ու խոսքում չկար:Օրինակ,
արհմիությունները սույն դեպքերից մի ամիս առաջ համընդհանուր գործադուլ էին
հայտարարել դեկտեմբերի 10-ին և իրենց խոսքի տերը եղան, նրանց չխանգարեց
երիտասարդի սպանությունը, շենքերի հրկիզումը, իշխանության ճգնաժամը, երկրին
պատճառված հսկայական վնասը և այլն:Եւ ճգնաժամին մի շիթ էլ իրենք
ավելացրին:Ինչպես Գ.Պապանդրեուն ասաց մեզ հետ հանդիպման ժամանակ՝ «Մենք
ժողովրդավարական ձևով մեր բողոքն ենք արտահայտել»:Ընդ որում, ամեն ինչ
բացատրվում է երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու՝
իշխանության անկարողությամբ, խոսվում է նաև համաշխարհային ֆինանսական
ճգնաժամին պատրաստ չլինելու մասին և այլն, և այլն:Այնտեղ բոլորն էլ այն
մտայնությունն ունեն, որ իշխանությունը պատասխանատու և հաշվետու է ամեն
ինչի համար, այնտեղ ոչ թե մարդիկ են վախենում իշխանությունից, այլ
իշխանությունն է վախենում հանրությունից:
Ինչ խոսք, այս ամենն ուսանելի է, այս մտայնությունը ժողովրդավարական երկիր
դառնալու ամենամեծ երաշխիքն է:
:Այլ հարց է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները համընդհանուր են,
և մի մարդու կամ հանրության մի մասի իրավունքներն ու ազատությունները չպիտի
վնասեն մյուս մասի իրավունքներին ու ազատություններին:Այս
հավասարակշռության ու իրավունքային համերաշխության պահպանման համընդհանուր
դեղատոմս չկա, և ամեն երկիր իր համար ընդունելի ձևն է
գտնում:Ժողովրդավարական Հունաստանի համար այսօր ամենամեծ հիմնախնդիրը հենց
դա է՝ իրավունքների ու ազատությունների պահպանմամբ քաոսից
խուսափելը:Հանրության մի զգալի մասն էլ իշխանությունից պահանջում է
շուտափույթ կարգուկանոն հաստատել, պահպանել իրենց սեփականությունը ու
ապահովել անվտանգությունը, կոչելով վճռական գործողությունների:Բայց վճռական
գործողություններ ասելով ոչ ոք արյունահեղություն չի ենթադրում:Եւ սա
ամենակարևորն է:
Լրագրողական-բաբելոնյան աշտարակաշինություն
Աթենքում իր նախադեպը չունեցող լրագրողական համաժողով էր այդ օրերին՝
մամուլի զարգացման համաշխարհային համաժողով, որին հրավիրված էին մոտ 100
երկրներից շուրջ 500 լրագրողներ: Լսարանն այնքան մեծ էր, որ ուղղակի
բաբելոնյան աշտարակաշինություն էր հիշեցնում իր բազմալեզվությամբ ու
բազմամշակութայնությամբ:Մասնակցում էին նաև աշխարհիս միջկառավարական և ոչ
կառավարական ամենահեղինակավոր կազմակերպությունների ու տեղեկատվական դաշտի
զարգացման դոնորությամբ զբաղվող կազմակերպությունների
ներկայացուցիչներ:Լսարանն այնքան մեծ էր, որ բաժանվեց տարածաշրջանային
խմբերի՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա և այլն:Մենք եվրասիական խմբում էինք:
Սա համաշխարհային լրագրողական ընկերակցության ստեղծման փորձ էր
:Ի՞նչ իմաստ և նպատակ ունի նման կառույցը:Մամուլի զարգացման համաշխարհային
համաժողովը (Global Forum for Media Development) նպատակ ունի ընդգծել ազատ,
անկախ, բազմակարծիք և ինքնուրույն լրատվամիջոցների կարևորությունը
մարդկային և տնտեսական զարգացման համար, պլատֆորմ ստեղծել մամուլի
զարգացմամբ գործնականում զբաղվողների և դոնոր կազմակերպությունների միջև
համագործակցության համար, փոխանակել գիտական ու վերլուծական տվյալներ,
մշակել տեղեկատվական դաշտի համար ընդհանուր չափանիշներ ու վարքականոն,
տարածել առաջավոր փորձը:Սա լրագրողական ընկերակցություն է, որին
անդամագրվում են լրագրողական կազմակերպություններ ու անհատ լրագրողներ:Բայց
այս ընկերակցությունը նպատակ չունի փոխարինել այլ լրագրողական
կազմակերպությունների կամ ստանձնել դրանց դերը, ավելին՝ այն կոչված է
նպաստելու իր անդամ-կազմակերպությունների ինքնուրույնության ապահովմանը:
Համաշխարհային համաժողով անցկացվելու է երեք տարին մեկ անգամ, իսկ
համաժողովների արանքում կայանալու են տարածաշրջանային համաժողովներ
:Մեր՝ եվրասիական տարածաշրջանային կառույցի ղեկավարությունում ընտրվել է
մեր համերկրացի, «Ինտերնյուզ-Ռուսաստան» կազմակերպության նախկին ղեկավար,
ներկայումս «Ինտերնյուզ-Ֆրանսիա»-ի ղեկավար Մանանա Ասլամազյանը:
Ստեփանակերտի մամուլի ակումբի անունից ընկերակցությանն անդամագրվելու հայտ
է ներկայացրել նաև տողերիս հեղինակը
:Չճանաչված երկրի համար, կարծում եմ, կարևոր է գոնե ոչ կառավարական
կազմակերպությունների մակարդակով միջազգային կառույցներում ներկայացված
լինելը:
Իսկ թե որքանով կկայանա նորաստեղծ համաշխարհային լրագրողական կառույցը՝
ժամանակը ցույց կտա: Համենայն դեպս, շատ բազմաբղետ է այն, ինչից էլ բխում է
բաբելոնյան աշտարակին նմանվելու վտանգը:
Ինչպես չհայտնվել «ստորին միլիարդում»
Համաժողովում ելույթ ունեցավ համաշխարհային հռչակ ձեռք բերած գիտնական Փոլ
Քոլիերը՝ «ստորին միլիարդ» կոչվող տեսության հեղինակը:
:Նրա բնորոշմամբ՝ «ստորին միլիարդի» մեջ այն երկրների բնակչությունն է,
որոնք գտնվում են տնտեսական զարգացման «հատակում»:Ըստ նրա ու
կազմակերպիչների՝ այդ հատակից դուրս գալու, այն է՝ տնտեսական զարգացման
համար այդ երկրներն առաջին հերթին կարիք ունեն քաղաքական զարգացման, ինչում
անգնահատելի է լրատվամիջոցների դերը, անկախ մամուլի ինստիտուտի
կարևորությունը:
Միայն տեղեկացված մարդը կարող է ճիշտ ընտրություն կատարել, միայն
տեղեկացված հասարակությունը կարող է վերահսկելի կառավարություն ունենալ և
գնալ ժողովրդավարական ուղիով:Իսկ տեղեկացվածության ապահովման հարցում
լրատվամիջոցների դերն անփոխարինելի է:Եթե բանաձևելու լինենք այս
տեսությունը, ապա կստացվի հետևյալ ձևակերպումը՝ հանուն լրատվամիջոցների, և
լրատվամիջոցները՝ հանուն զարգացման:Այլ կերպ՝ համընդհանուր զարգացմանը
կարող են նպաստել միայն զարգացած լրատվամիջոցները:Առանց ազատ, ինքնուրույն
ու պատասխանատու լրատվամիջոցների հնարավոր չէ ձևավորել ազատ ու
պատասխանատու հանրություն:Ինչպես համաժողովում ընդգծվեց՝ տեղեկատվության
որակից է կախված կյանքի որակը:
Կամա թե ակամա համեմատում ես հայտնի ասույթի հետ:Ինչպես ժամանակին
սրամիտներից մեկն է նկատել՝ այո, գեղեցիկը կփրկի աշխարհը, բայց դրա համար
հարկավոր է փրկել գեղեցիկը:
Գնացքից չընկնելու համար
Համաշխարհային այս համաժողովում ուղղակի խելահեղ «վազք» էր, որը հայելին է
համաշխարհային ընդհանուր խելահեղ վազքի:
:Շատ դժվար է կողմնորոշվել այս վազվզուքում, գտնել սեփական տեղն այդ
սրընթաց զարգացումներում:Այստեղ կարելի է սեփական տեղը գտնել ու ոտնատակ
չընկնել միայն խելքով, ինտելեկտով, բաց լինելով, քանի որ փակ լինելն
ինքնաժխտում է նշանակում:Նման պարագայում հատկապես դժվար է չճանաչված
երկրների համար, թեև միայն ճանաչված լինելու հանգամանքն ինքնին ոչինչ չի
նշանակում:Այսպես, ֆրանսիացի գործընկերս նկատեց, որ տևական ժամանակ է, ինչ
Հունաստանը բացակայում է միջազգային, այդ թվում՝ ֆրանսիական տեղեկատվական
օրակարգից:Այդ երկրում, ասել է թե, միջազգային ուշադրությանն արժանահիշատակ
ոչինչ չի եղել, և միայն վերջին օրերի «հրավառության» շնորհիվ է երկիրը
դուրս եկել տեղեկատվական դաշտ:
Ինչ վերաբերում է չճանաչվածներին, ապա պարտավոր եմ նշել, որ իմ պարագայում
մի պրոբլեմ եղավ՝ ճիշտ ներկայացվելու պրոբլեմ:Միտումնավոր ոչինչ չկար,
համենայն դեպս՝ նման խնդիր ունեցան նաև Մակեդոնիան և Պաղեստինը:Առաջին իսկ
օրը իմ պահանջով ներկայացման թերթիկում ճիշտ նշվեց մեր երկիրը, բայց այս
խնդիրը ևս մի առիթ էր քննարկումներին ակտիվ մասնակցելու և ըստ այդմ էլ
երկրի անունը հնչեցնելու համար:
Կազմակերպիչներն առկա խնդիրը բացատրում են նրանով, որ իրենք առաջնորդվել են
ՄԱԿ-ի «ցուցակով»: Կազմակերպության ապագայի շուրջ քննարկումներում հանդես
եկա ելույթով, առաջարկելով չվերածվել քաղաքական կազմակերպության, այլ լինել
ազատ կազմակերպությունների ազատ ընկերակցություն, քանի որ աշխարհի
լրագրողական քարտեզը շատ ավելի հարուստ ու հմայիչ է, քան աշխարհի քաղաքական
քարտեզը:
Ինչ վերաբերում է համաշխարհային ճեպընթացից չընկնելուն, ապա շատ կարևոր է,
հատկապես մեր չճանաչվածության պարագայում, համաշխարհային տեղեկատվական
օրակարգում, դաշտում լինելը, ինչը համազոր է համաշխարհային քաղաքական
դաշտում լինելուն
:Մենք պիտի կարողանանք տեղեկատվական առիթներ ստեղծել:Սովորական,
իրադարձային-հաշվետվային տեղեկատվությամբ, այն էլ՝ մեր պարագայում, դա
պարզապես հնարավոր չէ:Պիտի կարողանանք հասու լինել համաշխարհային
զարգացումներին և ըստ այդմ էլ տեղավորվել այդ զարգացումների տրամաբանության
շրջանակներում:
Համաշխարհային տեղեկատվական օրակարգում կարելի է հայտնվել կամ «հրավառությամբ»,
այն է՝ ֆորս-մաժորով, արտակարգ իրավիճակով, կամ էլ խաղաղ, ստեղծագործ
աշխատանքով
:Առաջինը շատ հեշտ է ու նույնքան էլ վտանգավոր, և հազար տարի մեզ պետք
չէ:Երկրորդը շատ ավելի դժվար է, դրա համար մեծ ինտելեկտ ու
տեղեկացվածություն է պետք:Առաջինի պարագայում մենք արդեն եղել ենք արցախյան
պատերազմի ժամանակ, երկրորդ պարագան առայժմ հասու չէ մեզ:Եւ առաջին հերթին
այն պարզ պատճառով, որ ցանկություն էլ չկա:Իսկ սա գիտակից անէության պես մի
բան է:Եւ արժե այս մասին խորհել:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երևան-Աթենք-Երևան-Ստեփանակերտ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱՏԵՔՍՏՈՒՄ

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և
անվտանգության հարցերով
անկախ փորձագետ
Ընդունված կարծիք է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման և
համագործակցության շուրջ պայմանավորվածություններ ձեռքբերելու գործում
ցանկացած էական առաջընթացի բանալին է: Բանը նրանում է, որ այս
հակամարտությունն ուղղակիորեն առճակատման մեջ է դնում երկու ճանաչված և մեկ
«չճանաչված» պետություններ (ըստ էության՝ տարածաշրջանի վեց սուբյեկտների
ուղիղ կեսը): Ակնհայտ է, որ կայուն խաղաղություն հնարավոր է միայն այն
դեպքում, եթե հաշվի առնվեն հակամարտության բոլոր կողմերի շահերը:
Իսկ ի՞նչն է առավելս մտահոգում ղարաբաղյան կողմին:
Մեր կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի խորքում ընկած է երկրամասի հայ
ազգաբնակչության՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խնդիրը: Տվյալ
տարածքում հայ ժողովրդի բնիկ լինելը կասկածի տեղիք չի տալիս: Այս մասին
վկայում են հազարավոր պատմական, հնէաբանական, ճարտարապետական և
վավերագրական հուշարձանները՝ հին օրերից մինչև մեր ժամանակները:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն առաջին անգամ ծագել է 1918 թվականին՝
ռուսաստանյան կայսրության փլուզումից հետո, երբ ծագեց անկախացած Հայաստանի
ու Ադրբեջանի տարածքային սահմանազատման անհրաժեշտությունը: Սույն վեճը, որ
քննարկման առարկա է դարձել նաև Ազգերի լիգայում, տևել է մինչև 1921 թվականը,
երբ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկների
կուսակցությունը որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղն ինքնավարության
իրավունքներով տալ Ադրբեջանին: Ընդունված որոշումն անտեսել էր
արցախահայության կամքը, և դա այն դեպքում, երբ հայերն այն ժամանակ կազմում
էին երկրամասի բնակչության ավելի քան 90 տոկոսը:
Ղարաբաղում ավագ սերնդի ներկայացուցիչները քաջ հիշում են, թե Ադրբեջանական
ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում
հանրապետական իշխանություններն ինչպես են պարբերաբար խախտել արցախահայերի
իրավունքները, իրականացնելով պատժիչ քաղաքականություն, որի նպատակն Արցախի
ժողովրդագրական պատկերը փոխելն էր: Խափանում էին տնտեսության բնական
զարգացումը, այն կախվածության մեջ դնելով Ադրբեջանի մյուս երկրամասերից,
ինչը նպաստում էր էթնիկ ադրբեջանցիների ներհոսքին ինքնավար մարզ: Ղարաբաղի
հայերն իրենց մաշկի վրա զգացել են խորհրդային պատժիչ համակարգի ամբողջ
ծանրությունն ու դաժանությունը: Տեղի էին ունենում սպանություններ,
մարդկանց առևանգում ու տանջահար էին անում, սովորական էին դարձել կամայական
կալանքները, քաղբանտարկյալների ցուցադրական դատավարություններ և, դրանց
արդյունքում, այլակարծության ճնշումն ու տասնյակ բնակավայրերի բնակիչների
բացահայտ տեղահանումը:
Ղարաբաղցիների ներկայիս սերունդն էլ հիմնովին բնաջնջվելու իրական վտանգի
տակ է հայտնվել 1992 թվականին Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական
ագրեսիայի ժամանակ: Եւ միայն մարդկային ու նյութական մեծ կորուստների գնով
հաջողվեց կանգնեցնել պատերազմը, որից փաստացի տուժել է ղարաբաղյան ամեն մի
ընտանիք, զոհվել են հազարավոր մարդիկ:
Եւ եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը Ղարաբաղում վարում էր բնիկ հայերի
ուծացման փոքրիշատե զգուշավոր (Կրեմլի հնարավոր արձագանքից զգուշանալով)
քաղաքականություն, ապա ԽՍՀՄ փլուզումից և անկախության ձեռքբերումից հետո
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ բացահայտ բռնի
միջոցների և Ղարաբաղի դեմ անմիջական ռազմական ագրեսիայի:
Այսպիսով, Ադրբեջանը աշխարհի քաղաքական քարտեզին 1918 թվականին հայտնվելուց
ի վեր իր առջև դրել էր արցախահայության բռնագաղթման ու ֆիզիկական բնաջնջման
խնդիր: Փոխհարաբերությունների ամբողջ ընթացքում և բոլոր ռեժիմների ժամանակ
Ադրբեջանն իրական սպառնալիք է եղել Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Ահա
թե ինչու ԼՂՀ-ի և նրա ժողովրդի արտաքին անվտանգության ապահովումն այսօր էլ
հանդիսանում է ամենահրատապ հարցը:
Միևնույն ժամանակ հարկ է փաստել, որ ԼՂՀ-ն ամենևին էլ չի սպառնում
Ադրբեջանի անվտանգ գոյությանն ու զարգացմանը: Ընդհակառակը, իր կազմից
Լեռնային Ղարաբաղի իրավական ճանապարհով դուրս գալուց և հրադադարի կնքումից
հետո Ադրբեջանը տնտեսական բուռն զարգացում է ապրել և, ինչպես Ադրբեջանի
նախագահն է վկայակոչում, այդ երկրի մակրոտնտեսական ցուցանիշները տարեցտարի
աճում են: 1994 թվականի հետպատերազմական սահմանները, որոնք արդյունք են
էթնոտարածքային տարանջատման, մյուս գործոնների հետ միասին հանդիսանում են
տարածաշրջանում կայունության պահպանման կարևորագույն տարրեր: Ստեղծված
իրավիճակը մի կողմից տարածաշրջանի երկրներին թույլ է տալիս զարգանալ, իսկ
մյուս կողմից էլ նպաստում է ԼՂՀ քաղաքացիների՝ ֆիզիկական անվտանգության և
պետական անկախության իրավունքների ապահովմանը: Միանգամայն ակնհայտ է, որ
ԼՂՀ-ն չի կարող ինքնուրույն զարգանալ և ապահովել ռազմական, պարենային,
էներգետիկ և բնապահպանական անվտանգությունը նախկին ինքնավարության էն գլխից
ոչ իրավազոր և անկլավային սահմանների պարագայում: Ակնհայտ է նաև, որ
Ղարաբաղի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգություններն ընդամենը
քաղաքական նկրտումներ են, այլ ոչ թե այդ երկրի զարգացման համար
կենսականորեն անհրաժեշտ գործոն:
ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովումը Ադրբեջանի հետ հակամարտության
կարգավորման առանցքային խնդիրն է: Ղարաբաղի անվտանգությունը կարող է
ապահովվել ԼՂՀ անկախ պետականության ճանաչմամբ միայն: Համաշխարհային փորձը
ցույց է տալիս, որ ամբողջ հանրության անվտանգության ապահովման առավել հզոր
ու կատարյալ կազմակերպական ձևը պետությունն է: Պետության կարևորագույն
գործառույթներից մեկն էլ հենց իր բոլոր քաղաքացիների, սոցիալական խմբերի
շահերի պաշտպանությունն է, նրանց անվտանգ գոյության ու կենսագործունեության
ապահովումը: Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը,
ստեղծել և պարտադրված պատերազմում պահպանել է իր պետությունը: ԼՂՀ
ինքնիշխան պետականության կարգավիճակն ինքնանպատակ չէ, այլ առկա և հնարավոր
սպառնալիքներից սեփական ժողովրդին քաղաքական-դիվանագիտական միջոցներով
ապահովագրելու հնարավորություն: Տարածաշրջանի և աշխարհի տերությունների
կողմից ԼՂՀ ճանաչումն ի զորու է Ադրբեջանին օգնել հաղթահարելու առկա
հոգեբանական խոչընդոտները և համագործակցելու Հարավային Կովկասի բոլոր
երկրների հետ, ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքն է Սերբիային օգնում
ինտեգրվելու Եվրամիությանը, «պահպանելով դեմքը» Կոսովոյի հարցում:
Իրավիճակի նման զարգացումը կհանգեցնի Հարավային Կովկասում երկարատև
կայունությանը և կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
Վերջին ամիսներին նկատելի է Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական
ներկայացուցիչների շփումների աշխուժացում: Քննարկումների ժամանակ
պաշտոնական Անկարան ձգտում է նախաձեռնություն դրսևորել նաև ղարաբաղյան
կարգավորման հարցում: Ի՞նչ դեր է Թուրքիան խաղացել ղարաբաղյան
հակամարտությունում և հնարավո՞ր է, արդյոք, այդ դերի փոխակերպում:
Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության ամբողջ ընթացքում Թուրքիան
մշտապես աջակցել է Ադրբեջանին: Այդպես է եղել հակամարտության առաջին
փուլում՝ 1918-20 թվականներին, իսկ վերջին երկու տասնամյակների ընթացքում
մենք ականատեսը եղանք ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործակցության:
Բավական է միայն ի ցույց դնել Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական
օգնությունը Ադրբեջանին՝ վերջինիս կողմից ԼՂՀ-ի ժողովրդի դեմ ծավալած
ռազմական ագրեսիայի ընթացքում, ադրբեջանական բանակի համար սպայական կադրերի
պատրաստումը, բազմաթիվ ռազմական խորհրդատուների առկայությունն այդ երկրում
և Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի և ԼՂՀ-ի ցամաքային շրջափակման
շարունակմանը: Հանրահայտ է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից
շրջափակումը հանդիսանում է թշնամական գործողությունների ձևերից մեկը: Մյուս
կողմից էլ՝ Թուրքիան 1992 թվականից ներգրավված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում,
որն էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելություն է
իրականացնում: Այսպիսով, Ադրբեջանի հետ մեր հակամարտությունում Թուրքիան
հանդես է գալիս երկու իրարամերժ կեցվածքով: Մի կողմից՝ այն անթաքույց
սատարում է Ադրբեջանին, երբեմն էլ իրեն պահելով որպես հակամարտության
կողմերից մեկը, իսկ մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամների հետ
միասին միջազգային միջնորդ է հանդիսանում:
Ըստ տարածաշրջանով զբաղվող փորձագետների, այդ թվում՝ Թուրքիայի
փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, Անկարայի նմանօրինակ
վերաբերմունքը Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ ցույց է տվել իր
անարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը, իսկ ռուս-վրացական «հնգօրյա
պատերազմից» հետո Հարավային Կովկասում ստեղծված ուժերի նոր
հարաբերակցությունը խթան է հանդիսացել, որպեսզի Թուրքիան «սրբագրի» իր
արտաքին քաղաքականությունը: Թուրքիայի ղեկավարների՝ տարածաշրջանի երկրներ
ու Մոսկվա կատարած այցերի շարանը, Կովկասում «անվտանգության պլատֆորմի»
ստեղծման նախաձեռնությունն ինքնին վկայում են կովկասյան տարածաշրջանում
լուրջ խաղացող դառնալու Անկարայի ձգտման մասին:
Կկարողանա՞, արդյոք, Թուրքիան իր նոր տեղը գտնել տարածաշրջանում և դրական
ու կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում:
Գտնում ենք, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական
ղեկավարությունը հրաժարվի հակամարտության կողմերից մեկի (Ադրբեջանի)
սատարումից, իրեն չեզոք պահի, ինչպես վայել է միջազգային միջնորդական
առաքելության անդամին: Իրականում Թուրքիան առանձնակի ազդեցություն ունի
Ադրբեջանի վրա, և անաչառ ու կառուցողական մոտեցման դեպքում Անկարայի
հնարավորությունների իրականացումը կարող է օգնել հիմնախնդրի լուծմանը, ասել
է թե՝ տարածաշրջանին առավել կայունություն կհաղորդի: Այդ նպատակին հասնելու
համար կան որոշակի նախադրյալներ: Օրինակ, միայն Թուրքիան կարող է
ադրբեջանցիներին համոզել հանուն սեփական երկրի իրական անկախության
ապահովման հրաժարվելու տարածքի ոչ մեծ մասից, առավել ևս, որ դա մի տարածք
է, որը ենթակա էր Բաքվին միայն խորհրդային իշխանության օրոք և երբեք մաս չի
կազմել անկախ Ադրբեջանի: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի ներկայիս վարքագծի
շարունակումը էներգետիկ մեծ ներուժ և ըստ այդմ էլ՝ ինքնուրույն
քաղաքականություն վարելու հնարավորություն ունեցող Ադրբեջանը կվերածի այլ
պետություններից կախված հումքային կցորդ երկրի: Մնալով սեփական անհիմն
նկրտումների պատանդը՝ Ադրբեջանը կկորցնի տարածաշրջանում իր դիրքերը, այդ
թվում՝ սեփական էներգապաշարների փոխադրման ուղիների վերահսկումը:
Վերջին հարյուրամյակի հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը
մթագնված է ողբերգական էջերով և բացասական փաստերով: Խոսքը հայերի
Ցեղասպանության մասին է, Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի
ժամանակ վերջինիս աջակցելու, ինչպես նաև Հայաստանի շրջափակման մասին: Ահա
թե ինչու մենք՝ արցախցիներս, որոշակի անվստահությամբ ենք վերաբերվում
թուրքական նախաձեռնություններին: Հայաստանի հետ բարիդրացիական
հարաբերությունների հաստատման Թուրքիայի մտադրությունների անկեղծության
առհավատչյան կարող են լինել Անկարայի հետևյալ գործուն քայլերը. հրաժարվել
հայերից պահանջել, որ նրանք տարածքային զիջումներ անեն Ադրբեջանին,
դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և բացել ցամաքային
սահմանը:
Այդ քայլերը պիտի ցույց տան մեզ, թե ում հետ մենք գործ ունենք. մի երկրի՞
հետ, որ առաջնորդվում է պանթյուրքիզմի դոկտրինով, թե՞ ժամանակակից
Թուրքիայի հետ, որը ձգտում է Եվրոպական Միության մաս կազմել ու որդեգրել
այդ միավորման արժեհամակարգը: Եթե պարզվի, որ Հայաստանը գործ ունի առաջադեմ
երկրի հետ, ապա հնարավոր է, որ 21-րդ դարում հայերի և թուրքերի մեր սերնդին
հաջողվի քննարկման համար գտնել այնպիսի թեմաներ, որոնք երկու հարևան
երկրներին ոչ թե կվանեն միմյանցից, այլ համահունչ կլինեն փոխադարձ շահերին:
Փոխշահավետ համագործակցության բավարար պաշարներ ունեն այնպիսի թեմաներ,
ինչպիսին են ղարաբաղյան և կիպրոսյան խնդիրները, քրդական հարցը,
եվրաինտեգրումը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը:
Փոխհամաձայնեցված քայլերի իրականացումը և տարածաշրջանային ծրագրերին
մասնակցությունը կմերձեցնեն երկու ժողովուրդներին և երկարատև ու վստահունակ
հարաբերություններ կստեղծեն նրանց միջև:
Անկեղծ երկխոսությունը, փոխշահավետ տնտեսական ու մարդասիրական փոխկապերի
հիմնումը, գիտական, կրթական և մշակութային համագործակցության ծրագրերի
իրականացումը կնպաստեն երկու ժողովուրդների միջև լարվածությունն ի չիք
դարձնելուն և կխթանեն տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:
(Հոդվածը պատրաստվել է
ս.թ. նոյեմբերին Երևանում Կովկասի ինստիտուտի (Հայաստան) և TESEV
կազմակերպության (Թուրքիա) անցկացրած «Հայ-թուրքական երկխոսության շարք.
ճեղքելով արատավոր շրջանը» սեմինարում ունեցած ելույթի հիման վրա)
հասարակություն
ՎԵՐԻՆՇԵՆՅԱՆ ԿՈՆՏՐԱՍՏ
Գնալով` բարգավաճում ենք կամ Դռան շեմին՝ 26 կոշիկ

Շահեն Մարգարյանն իր տասնմեկ երեխաների ու կնոջ հետ ապրում է Նոր
Շահումյանի շրջանի Վերին Շենում: Ընտանիքը գյուղում ամենաբազմանդամն է.
սպասվում է նաեւ 12-րդ երեխայի ծնունդը:
1995 թվականին են տեղափոխվել Վերին Շեն գյուղը: Եկան եւ սկսեցին օրըստօրե
հիմնավորվել այստեղ: Գյուղը համարում են իրենց հայրենիքը, Շահենն ու կինն
ասում են, որ կարծես այստեղ լինեն մեծացած:
Շահենը գյուղի դպրոցի տնօրենն է, իսկ կինը՝ Գայանեն, դպրոցի
գրադարանավարուհին, եւ ինչպես Շահենն է կատակով ասում՝ «Իմ տունն էլ դպրոցն
է, որտեղ չորսը լավ են սովորում, իսկ մյուս չորսը՝ վատ»:
Գայանեն պատմում է, որ իրենց ընտանիքը գյուղում հիմնավորվելու սկզբնական
տարիներին դժվարություններ շատ է տեսել: «Ջրի պրոբլեմ ունեինք, չորս տարի
առանց էլեկտրաէներգիայի ենք ապրել»,- վերհիշում է Գայանեն եւ հիշում, թե
ինչպես մի անգամ երեխաները, մի քանի օր Վարդենիսում բարեկամների տանը
մնալուց հետո՝ վերադառնալով գյուղ, զարմացած ծնողներին պատմել են, թե
ինչպես են իրենք ականատես եղել «անսովոր» երեւույթին, երբ «քեռին մատը դրել
է պատին, եւ առաստաղին լույս է հայտնվել»:
Այսօր, ինչպես խոստովանում են Մարգարյանները, բոլոր պրոբլեմները ետեւում են
մնացել:
Նրանց մեծ ու լուսավոր տունը, որը վերջերս է վերանորոգվել ԼՂՀ
կառավարության աջակցությամբ, գտնվում է լեռնալանջին՝ գյուղի ամենաբարձր
մասում: Բակ ներս մտնելուն պես անմիջապես աչքի են զարնվում տան շեմին
խնամքով դասավորված ընտանիքի անդամների տասնյակից ավելի կոշիկները:
Շահենն ասում է, որ չնայած իրենց ընտանիքի բազմանդամությանը, ապրում են
ապահով կյանքով ու «ոչ մի բանի կարիք չունեն»: Նա առանց թաքցնելու,
հպարտությամբ ասում է, որ իր ու կնոջ 245 հազար դրամ աշխատավարձը թույլ է
տալիս, որ ապրեն բարեկեցիկ կյանքով: Այնուհետեւ շտապում է նշել իրենց խոշոր
եղջերավորների, ընտանի թռչունների քանակը, որոնք այնքան շատ են, որ «հազիվ
են հասցնում խնամել»:
Գայանեի ասելով՝ ամսական օգտագործում են 3-4 պարկ ալյուր, մթերքները
ստանում են բանջարանոցից: Նրանց շատ է օգնում 16-ամյա որդին: Ինչպես ասում
է Շահենը՝ տան բոլոր անդամները գիտեն իրենց անելիքը, ու ամեն մեկը
պատասխանատու է ինչ-որ մի գործի համար. օրինակ, տան ամենակրտսեր տղան
պատասխանատու է կոշիկների դասավորության համար:
Իրեն անուղղելի լավատես համարող Շահենը երբեք ոչնչից չի բողոքում ու չի
դժգոհում. «Գուցե դա է պատճառը, որ քանի գնում՝ այնքան բարգավաճում ենք»,-
իր եզրահանգումն է անում Շահենը:
Աշխարհից կտրված, ընդամենը մի քանի տարվա վերաբնակեցման պատմություն
ունեցող Վերին Շենում, պարզվում է, կա մի ընտանիք, որն ապրում է շատերի
համար երազանք դարձած կյանքով: Բացի նրանից, որ տունը մեծ է ու
վերանորոգված, վերջերս էլ, ինչպես պատմում են ամուսինները, ԼՂՀ սոցիալական
ապահովության նախարար Նարինե Ազատյանի նախաձեռնությամբ, «տան համար նոր ու
ժամանակակից կահույք են նվեր ստացել»:
Արև, արև, եկ, եկ...

43-ամյա Արայիկ Օսիպյանի բազմանդամ ընտանիքը Նոր Շահումյանի շրջանի Վերին
Շեն գյուղի վերաբնակիչներից են:
Նրանք այստեղ են տեղափոխվել Չարեքտար գյուղից, իսկ այստեղ էլ եկել էին
Վարդենիսից: Վերին Շենը համարում են իրենց վերջին հանգրվանը: Արայիկն իր
ծնողների հետ արցախյան շարժումը սկսվելուն պես գաղթել է Մարտունաշենից:
Այժմ նա իր վեց անչափահաս երեխաների ու կնոջ հետ ապրում է Վերին Շենում,
որտեղ իրենք ամենաչքավորն են:
Նրանց երկսենյականոց կացարանում, որտեղ նույնիսկ էլեկտրական լամպն է
ժլատորեն լուսավորում, քնում են, ճաշում, լողանում: Տան կահույքի մի մասը
Արայիկն է իր ձեռքերով շինել, իսկ մի մասն էլ տարբեր տեղերից են ձեռք
բերվել: Սենյակի կենտրոնում դրված երկաթե, ժանգոտած հին օրորոցը, որտեղ
քնում է Արայիկի կրտսեր դուստրը, գյուղի քանդված տներից մեկում է գտել:
Սակայն, ի տարբերություն սովորական օրորոցների, այս մեկը, բացի նրանից, որ
ամեն օրորի հետ ճռճռում է, նաեւ վտանգավոր է. ամեն վայրկյան երեխան կարող է
ընկնել օրորոցից. «Դրա համար էլ երեխուն ամուր թոկով կապում եմ մի քանի
տեղից, որ չընկնի, բայց մեկ է, ամեն անգամ, երբ նա քնած է, ուշք ու միտքս
օրորոցի վրա է լինում: Ես ավելի հանգիստ եմ լինում, երբ երեխան արթուն է
լինում»,- պատմում է Լարիսան:
Արայիկը պատմում է, որ իրենց տան կահույքը վերջերս համալրվել է սառնարանով
ու կարի մեքենայով. «Մեղվի պարս եմ գտել անտառում, ծախել եմ ու էդ փողով
առել»: Սառնարանը, ամուսինների պատմելով, ծառայում է միայն կաթ պահելու
համար. երբ կաթ չի լինում, այն անջատում են:
Օսիպյանների ընտանիքի «բյուջեն» պետության կողմից երեխաներին տրվող նպաստն
է, որը կազմում է 54 հազար դրամ ու էլեկտրաէներգիայի դիմաց պետության
կողմից մեկ շնչին տրվող 1200-ական դրամը:
«Չի հերիքում էդ փողը: Երեխաներս կիսատկլոր են: Կոշիկ չունեն, ոչ էլ տաք
շորեր: Միջնեկ աղջիկս մինչեւ էսօր ամառային կոշիկով է դպրոց գնում: Իսկ
մյուս աղջիկս էն օրը դպրոցից լացելով տուն եկավ, թե էլ չեմ ուզում դպրոց
գնամ, որովհետեւ բոլորը դուբլյոնկա են հագնում, ես՝ չէ»,- սրտնեղում է
Լարիսան, քանի որ երեխաների նպաստը չի հերիքում նույնիսկ սնունդ ձեռք
բերելու համար:
Ամուսինների ասելով՝ իրենց ընտանիքին ամսական երկու պարկ ալյուրը հազիվ է
հերիքում. «Անցած ձմեռ կես տոննա կարտոֆիլ ենք առել ու երեք ամիս շարունակ
խաշած կարտոֆիլ ենք կերել: Էս տարի էդ էլ չունենք»,- ասում է Արայիկը:
Լարիսան էլ ցավով ավելացնում է, որ առաջիկա ցուրտ ամիսներին երեխաները չեն
գնալու դպրոց՝ տաք շորեր ու կոշիկ չունենալու պատճառով:
«Էն օրն էլ տղայիս կոշիկի կրունկն է պոկվել, ու երեխես մնացել ա բոբիկ:
Գոնե կրունկը գտնեինք, որ կպցնեինք, ու յոլա գնար, մինչեւ որ տեսնենք՝ ինչ
ենք դառնում»,- իրեն հուսադրելով՝ պատմում է Լարիսան:
Բավարար քանակի սննդամթերքներին կարոտ այս ընտանիքը ծանր օրեր շատ է տեսել:
Ընտանիքի մայրը պատմում է, որ օրեր են եղել, երբ երեխաներին եգիպտացորենի
հատիկներով է կերակրել: «Մտածել եմ, որ երեւի լույսը կբացվի՝ բարին էլ
հետը», բայց հետո պարզվեց, որ բարին եգիպտացորենի հատիկներն էին, որով
ստիպված էին սնվել օրեր շարունակ, մինչեւ որ համարձակություն ունեցան
հարեւանից մի քիչ ալյուր ու կարտոֆիլ խնդրել:
Օսիպյաններն այսօր էլ, ինչպես իրենք են ասում, «նիսյա» են ապրում՝ խանութից
պարտքով ապրանք են վերցնում եւ ստացած նպաստով մարում պարտքը. «Պարտքեր շատ
ունենք, ու հիմնականում՝ ուտելիքի դիմաց»,- ասում է Արայիկը ու հիշում
ամիսներ առաջ գնած ձիու պարտքը, որի համար ձիու տիրոջը դեռ 60 հազար դրամ
պիտի տա:
Հենց այդ ձիու շնորհիվ է, որ Օսիպյանների կացարանը տաք է: Անտառից փայտ
բերելու գործն անում են որդիները:
Արայիկը պատմում է, որ մի քանի տարի առաջ փայտ ջարդելուց խփել է աչքին եւ
վնասել այն: Հիմա վիճակն ավելի է վատացել, բայց վիրահատության մասին, իր
ասելով, չի էլ մտածում՝ ֆինանսների բացակայության պատճառով:
Այս տխուր պատմությունը ուրախ ավարտի մի շանս ունի՝ Օսիպյանների ընտանիքում
վեցերորդ երեխայի ծնվելուց հետո ԼՂՀ կառավարությունը գյուղում նոր տուն է
կառուցում, որը պատրաստ կլինի գարնանը:
Ծնողները խոստովանում են, որ շատ են երազում, որպեսզի իրենց երեխաներն էլ
առավոտյան արթնանան արեւի շողերի ներքո...
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարները՛ Անահիտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
«ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ ՍՏԵՂԾԵՑ ՆՐԱՆՑ»
Եվրոպայի խորհուրդը 2007 թվականը հայտարարել էր կանանց նկատմամբ
բռնությունների, այդ թվում՝ ներընտանեկան բռնության դեմ պայքարի տարի: Այդ
կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2006թ. հունիսին
ընդունել է «Կանանց նկատմամբ բռնությունների, այդ թվում՝ ներընտանեկան
բռնության դեմ պայքարի արշավի մասին» փաստաթուղթ: ՀՀ-ն եւս միացել է այդ
ակցիային: Եվ պատահական չէ, որ հայաստանյան մամուլում հաճախակի են
անդրադառնում կանանց իրավունքների պաշտպանությանը: Կարդալով որոշ հոդվածներ,
այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայ կանայք մեր հասարակության մեջ
ամենաանպաշտպան, հաճախակի հալածանքների ու բռնությունների ենթարկվող
էակներն են: Ահա այդ «նմուշներից» մեկը. «Հայաստանի կանանց մեկ քառորդից
ավելին հարված է ստացել կամ ծեծվել է տան անդամի կողմից, իսկ մոտ երկու
երրորդը ենթարկվել է հոգեբանական բռնության, սակայն պետությունը չի
կարողանում կանխել, հետաքննել եւ պատժել կանանց դեմ բռնությունը»: Այս
համոզմանն են եկել «Միջազգային համաներում» կազմակերպության աշխատակիցները
Հայաստանում կատարած հետազոտության արդյունքում: Այդ կազմակերպության
ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը կոչ են արել ընդունել հատուկ օրենք՝
կանաց ընտանեկան, սեռական բռնություններից պաշտպանելու համար, քանի որ
կառավարությունները պարտավոր են հետազոտելու բռնությունների պատճառներն ու
ամեն ինչ անել դրանք կանխելու համար:
Վերջերս Երեւանում հրավիրված՝ «Կանայք քաղաքացիական հասարակության
ձեւավորման գործում» թեմայով կոնֆերանսին, որին մասնակցում էին ամենատարբեր
բնագավառների կանայք, հնչեցվել է այն միտքը, թե կանանց շրջանում
գործազրկությունն ավելի մեծ է, նրանք նույն աշխատանքի համար ավելի քիչ են
վարձատրվում, քան տղամարդիկ, իսկ աշխատանքային հիմնարկներում կանայք
ենթարկվում են բռնությունների, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների:
Նման պնդումները, թերեւս, ճիշտ են որոշ աֆրիկյան եւ ասիական երկրների
կապակցությամբ, բայց Հայաստանի պարագայում բացահայտ կեղծիք են, քանի որ
գրեթե բոլոր բնագավառներում էլ կանայք ակտիվ գործունեություն են ծավալում:
Մասնավորապես, կրթության ոլորտում 86 տոկոսը կանայք են, առողջապահության
բանգավառում` 83 տոկոսը, մշակույթի ոլորտում` 73 տոկոսը, դատավորների՝ 20
տոկոսը, փաստաբանների՝ 1/3-ը, դիվանագետների՝ 25 տոկոսը: Սա նշանակում է,
որ կանայք ամենուր են: Բայց այլ խնդիր է, որ նրանց թիվը պետական կառավարման
մարմիններում քիչ է: Դա էլ է պայմանավորված մի շարք հանգամանքներով, առաջին
հերթին՝ տղամարդու եւ կնոջ տարբերությամբ: Տեղին է մեջբերել տիկին Հրանուշ
Հակոբյանի՝ վերոհիշյալ կոնֆերանսում ելույթի ժամանակ արտահայտած հետեւյալ
միտքը. «Ես համաձայն չեմ, որ կանանց պետք է նշանակել նախարար կամ ընտրել
պատգամավոր միայն այն բանի համար, որ նա կին է: Այսինքն՝ նա ուրիշ արժանիք
չունի»:
Բայց մի՞թե այդքան դաժան ու անհանդուրժողական են հայ տղամարդիկ կանանց
նկատմամբ: Իհարկե, ժամանակակից հայ կանանց մեծամասնության վիճակը հեռու է
բավարար լինելուց: Բայց այդ «վիճակ» հասկացության մեջ բռնությունները եւ
հալածանքները եթե կան էլ, ապա ամենավերջին տեղն են գրավում: Ուստի դրա
համար հատուկ օրենքի ընդունումը, մեղմ ասած, անհասկանալի է: Հետաքրքիր է,
ինչպե՞ս են պատկերացնում նման օրենքի ընդունման ջատագով կանայք ամուսնուց
մի ապտակ ստանալուց եւ դատը շահելուց հետո տղամարդու հետ համատեղ ապրելը
նույն հարկի տակ: Դա գուցե հնարավոր է այլ մշակութային հարթությունում
ապրող որոշ արեւմտյան ազգերի ներկայացուցիչների համար, որոնք ամուսնանում
են պայմանագրային հիմունքներով կամ, ինչպես ընդունված է ասել, ապրում են ոչ
թե միասին, այլ կողք-կողքի: Հայության համար դա ոչ միայն անընդունելի է,
այլև կործանարար է ազգային-հոգեւոր տեսանկյունից: Թե ինչու է կործանարար՝
փորձենք գտնել հոգեւոր գրականության աղբյուրներում, որոնց հեղինակների
անունները, հոդվածի նյութը չծանրաբեռնելու համար, նպատակահարմար չգտանք
նշել:
Չափազանց կարեւոր է հասկանալ այն արմատական տարբերությունը, որ կա կնոջ եւ
տղամարդու միջեւ եւ դրսեւորվում է նրանց հոգեբանական ազդակներում: Արդի
հասարակական միտքն ամեն կերպ ջանում է ջնջել սեռերի միջեւ եղած
տարբերությունը եւ ընթանում է դեպի սեռերի լիակատար
համահարթեցման-համահավասարեցման: Բայց եթե մենք չենք ցանկանում մեր
փոխհարաբերությունները կառուցել միմյանց մշտապես չհասկանալու հիմքի վրա եւ
հույս ունենք խուսափել դրա հետ կապված բազմաթիվ բարդույթներից,
անհամաձայնությունից եւ տառապանքներից, ապա անպայման պետք է գիտակցենք, թե
ինչն է որոշում տղամարդու եւ կնոջ բնությունները, ըմբռնենք յուրաքանչյուրին
բնորոշ առանձնահատկությունները:
Տղամարդն ու կինը ստեղծվել են իբրեւ իրար հավասար, բայց իրարից տարբեր են:
Պարզապես ծիծաղելի է՝ վկայակոչելով հավասարությունը՝ ժխտել նրանց
առանձնահատկությունները: Մարդկային ցանկացած հարաբերության մեջ անհրաժեշտ է
գիտակցել մարդկանց տարբերությունները, որպեսզի ուրիշին չվերաձևես ըստ քո
պատկերի եւ «վերմակը վրադ քաշես»: Եվ հենց այս տարբերություններն էլ մեզ
ամենից շատ են անհանգստացնում: Ձգտելով մեզ ապահովագրել անակնկալներից՝
մենք ինչ ասես անում ենք, որ դրանք վերացնենք կամ պարզապես չնկատենք:
Այստեղ է ուզածդ աղանդավորության, նացիզմի եւ նման բաների արմատը: Մեզանից
յուրաքանչյուրի մեջ մի կենդանական բնազդ է նստած, որը չի ընդունում այն
ամենը, ինչը նման չէ մեզ: Մեզնից տարբերվող բաներից մենք վախենում ենք՝ մեզ
վրա վստահ չլինելու պատճառով: «Ուրիշին» բախվելով՝ իսկույն պաշտպանական
դիրք ենք գրավում, որովհետեւ վախենում ենք թույլ դուրս գալ կամ որեւէ
կորուստ կրել: Բայց այս ամենն առաջնային մեղքի հետեւանքն է, որը փոխլրացնող
տարբերություններին անհավասարության դիմակ է հագցրել: Մեկ ուրիշն իրեն օտար
է զգում ամուսնու ընտանիքում եւ շատ հիվանդագին է տանում այդ վիճակը,
հատկապես եթե կողակիցը չի կարողանում թողնել իր ծնողներին, «կտրել
պորտալարը»: Բայց հաճախ պարզվում է, որ հենց ամուսիններն են խորթ ու օտար
իրար: Մեր հարաբերությունները թողնենք Աստծո հայեցողությանը, որպեսզի մեր
սրտերը բացենք իրար հանդիման եւ առանց երկյուղի ընդունենք մեր
տարբերությունները: Այդժամ դրանք մեզ համար կդառնան հարստության աղբյուր:
Իր առանձնահատկության հանդեպ ունեցած վախից բուժվելով՝ միայն կինն, իրոք,
կարող է գերազանցել իրեն՝ սիրով վերաբերվելով իրեն: Կինը կենտրոնացած է իր
վրա: Նա կարող է շռայլորեն եւ առանց երկար-բարակ մտածելու նվիրաբերել իր
անձը, բայց, ընդսմին, մնալ խորապես խոցված. նրան թվում է, թե իր սերն
ընդունում են ոչ իր ուզածի պես, թե տղամարդը ներքուստ հեռու է նրանից եւ
զբաղված է անհամեմատ պակաս կարեւոր գործով ու չի նկատում իր իղձերը: Եվ երբ
տղամարդը մոտենում է նրան, վերջինս, ցավից պաշտպանվելով, պահ է մտնում իր
«խեցու» մեջ:
Տղամարդը գլխովին կլանվում է իր գործերով: Տղամարդու կոչումն այս աշխարհում
աշխատելն է՝ հանապազօրյա հացի վաստակումը: Աշխատելիս նա օգնություն եւ
համագործակցություն է սպասում եւ քիչ է բացված ուրիշի գործերի ու հոգսերի
համար: Դուրս է գալիս, որ աշխատանքը՝ ընտանիքի նկատմամբ նրա սիրո եւ
ընտանեկան բարեկեցության այդ գրավականը, նրա աչքից ծածկում է մերձավորի ու,
նախ եւ առաջ, կնոջ իղձերը: Տղամարդը դժվարությամբ է գլուխ հանում նրա
հոգեբանության նրբություններից: Անձամբ լինելով ավելի պարզ եւ ուղղաձիգ՝ նա
դեպի գլխավորն է ընթանում՝ առանց մանրուքների վրա կանգ առնելու եւ չի
հասկանում, թե ինչու է հանկարծ ամեն ինչ խճճվել եւ ինչում են իրեն
մեղադրում: Նրա աչքից վրիպում է կարեւորությունն այն մանրամասների, որոնք
կյանքի դաժան ոստայնի վրա անհրաժեշտ մեղմություն ու քնքշություն են
հյուսում:
Ի տարբերություն տղամարդու՝ կինն ակնթարթաբար նկատում է այլոց կարիքներն ու
տառապանքները: Հիշենք Մարիամին Գալիլեայի Կանա քաղաքում: Կինը դյուրությամբ
է մտնում իրեն միանգամայն խորթ հոգսերի մեջ, եթե դրանք վերաբերում են
սիրելի անձանց: Կինն իր հետաքրքրության առարկան կրում է սրտում, իսկ
տղամարդուն ավելի գրավում է այն, ինչ գտնվում է նրանից դուրս: Այսպիսով,
տղամարդու եւ կնոջ դաշինքում միանում են եսամոլության երկու տեսակ. դեպի
ներս դարձած՝ կանացի եւ իր գործերի մեջ պարփակված՝ այրական: Երկուսի
բժշկումն էլ իրենց անձերն ուրանալն է՝ հանուն ուրիշի երջանկության:
Փորձության պահերին եւս տղամարդն ու կինն իրենց տարբեր կերպ են պահում:
Տղամարդը, դարձած լինելով դեպի դուրս, ավելի հեշտությամբ է «անջատվում»
իրենից եւ տանում տառապանքը: Նա ավելի շուտ է մոռացության տալիս եղածը՝
կլանվելով աշխատանքով կամ ստեղծագործությամբ: Արվեստի ամենասքանչելի
գործերը ծնվել են ամենասոսկալի տառապանքների ընդերքից: Դեպի իր ներսը
հակված կինն ավելի դժվարությամբ է կտրվում անձնական տառապանքներից: Նրա
բոլոր ուժերը ծախսվում են ներքին պայքարի վրա, եւ նա կարող է նույնիսկ
մեռնել վշտից: Նա այն աստիճանի է հալումաշ լինում, որ ամենահեշտ գործն իսկ
անելու ուժ չի ունենում: Սուրբ Գրքում ասված է, որ կինը «պիտի փրկվի
որդեծնությամբ» (Ա Տիմոթեոս 2.15): Միայն մայրությունը, մարմնավոր կամ
հոգեւոր, կարող է հարկադրել, որ կինը մոռանա իր անձը եւ մտածի լոկ խնամքի
տակ գտնվողների մասին:
Վերը նշածները չպիտի կասկած հարուցեն, թե կնոջ տեղը սահմանափակվում է միայն
ընտանիքով (որդեծնություն, խնամք, կրթություն եւ դաստիարակություն, խոհանոց
եւ այլն): Հայության մեջ դարերի ընթացքում հայ կնոջ տեղի եւ դերի
վերաբերյալ ձեւավորվել է մշակույթ, որը գենետիկորեն, ավանդույթների եւ
սովորույթների, գրականության միջոցով հասել է 21-րդ դար: Այդ մշակույթը,
որն անցած 70 տարիների ընթացքում խաթարվել, խեղաթյուրվել եւ հարմարեցվել է
կոմունիստական գաղափարախոսությանը, նախ պետք է ամբողջությամբ վերականգնել,
յուրացնել եւ հետո միայն մտածել թարմացնելու եւ կատարելագործելու մասին:
Այդ դժվարին ու բարդ գործառույթը չի կարելի վստահել միայն հասարակական
կազմակերպություններին (այն էլ` միայն կանացի), քանի դեռ այդ ազգային խնդրի
վերաբերյալ չկա պետականորեն ձեւավորված հստակ հայեցակարգ:
Արեւմտյան երկրներում ժողովրդավարության արտահայտությունը համարելով նաեւ
կանանց ընդգրկվածությունը պետական կառավարման մարմիններում՝ հասարակության
ղեկավարման տարբեր օղակներում, պարտադրում են «նորովի» մոտենալ հայ կնոջ
հիմնախնդիրներին (իմա՝ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին):
Տղամարդու եւ կնոջ տարբերության չգիտակցումը կամ անտեսումն աղետալի
հետեւանքներ է ունեցել եւ շարունակում է ունենալ ազգի համար:
Հայաստանում, հիմնականում արտաքին ուժերի հովանավորությամբ եւ
ֆինանսավորմամբ, ստեղծվել են կանանց բազմաթիվ կազմակերպություններ, որոնք,
հաճախ կատարելով արտերկրի իրենց «շեֆերի» պատվերները, հայուհիներին մղում
են ազգային պատկերին անհարիր բարքերի, որոնք կարող են հիմք հանդիսանալ
հայկական ավանդական ընտանիքների քայքայմանը: Իհարկե, սոցիալական ծանր
կացությունն էլ է իր կործանարար դերը կատարում, բայց չմոռանանք, որ մարդն
առաջին հերթին հոգեւոր էակ է, եւ հետո միայն՝ հասարակական, սոցիալական եւ
այլն:
Համոզված ենք՝ իր մարմնավոր եւ հոգեւոր գեղեցկությամբ փայլող հայուհիները
կդիմակայեն նոր հազարամյակի ազգակործան մարտահրավերներին եւ ազգի համար
դժվարագույն այս ժամանակահատվածում կիրագործեն նժդեհյան հետեւյալ գաղափարը.
«Հայուհու հայրենասիրությունն աստվածային կրակ, բոց ու ջերմություն պիտի
արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի
թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը: Ոգիացած
հայրենասիրություն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ,
անհրաժեշտ՝ Հայրենիքների անկախության ու հզորության համար»:
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
պատմություն
ԴՐՎԱԳՆԵՐ՝ ՄԵՐ ՈՉ ՎԱՂԵՄԻ ԱՆՑՅԱԼԻՑ
«ՍԱԼԴԱՖՈՆ ԿԵԳԵԲԵՇՆԻԿԸ»
Նոր էի նշանակվել (1970թ. մայիսին) մեր մարզային ռադիոհաղորդումների
կոմիտեի նախագահ, երբ ծանոթացա պետանվտանգության մարզային բաժնի պետ Դմիտրի
Սեպտայի հետ: Ծանոթացնողն էլ իմ դպրոցական ընկեր, նրա համագյուղացի Սերգեյ
Համզոյանն էր: Նա Մեծ հայրենականից տուն էր դարձել վիրավոր, ապա ապաքինվել,
ստացել էր իրավաբանական կրթություն, աշխատանքի անցել պետանվտանգության
մարմիններում:
Սերգեյն անվտանգության համակարգի այն եզակի պաշտոնյաներից էր, ովքեր չէին
չարաշահում իրենց դիրքը, անտեղի մեղադրանքներ չէին ներկայացնում մարդկանց:
Ընկեր-ծանոթ պատահեր՝ զրույցի էր բռնվում, տուն էին հրավիրում՝ գնում էր,
ինքն էլ տանը հյուրեր էր ընդունում, թեկուզ գիտեր, որ այդպիսի վարքը նրա
համար կարող էր առնվազն կշտամբանքի առարկա դառնալ:
Նաեւ հայրենասեր էր, բայց ոչ ազգայնամոլ: Հիշում եմ, թե ինչպես հանրահայտ
«Տասներեքի նամակի» հետքերով սկսվել էին հալածանքները: Ոմանք արդեն
Ղարաբաղից Երեւան էին տեղափոխվել: Բայց Բագրատ Ուլուբաբյանը՝ նամակի
հիմնական հեղինակը, դեռ տեղում էր եւ չէր ցանկանում թողնել հայրենի
բնօրրանը:
Եւ ահա օրերից մի օր Սերգեյը այցելում է նույն այդ «Տասներեքի նամակի» մեկ
այլ հեղինակ եւ դրա համար «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի պաշտոնից
ազատված, նույն խմբագրությունում երկրորդական աշխատանքի նշանակված Լազր
Գասպարյանի տունը եւ հայտնում, որ Բաքուն եռանդագին մտադիր է ազգամիջյան
կրքերի բորբոքման մեղադրանք կպցնել Բագրատ Ուլուբաբյանին՝ նրան կալանքի տակ
առնելու համար:
Լազրը (որն, ի դեպ, իմ հորաքրոջ տղան է) Բագրատին տեղեկացրեց սպառնացող
վտանգի մասին: Բագրատն առանց այն էլ ընկճված էր եւ ավելի ընկճվեց: Հապաղելը
հղի էր վտանգով, եւ նա, թեեւ ոչ իր կամքով, ստիպված եղավ շուտափույթ թողնել
Ստեփանակերտն ու տեղափոխվել Երեւան:
Կարելի էր այլ օրինակներ բերել Ս. Համզոյանի առաքինի կերպարի մասին: Բայց
բավարարվենք սրանով եւ նշենք, որ նրա լրիվ հակապատկերն էր իր պետը՝ Դմիտրի
Բիստրովը: Երբ առաջին անգամ նա երեւաց Ստեփանակերտում, մարդիկ
տարակուսանքով նայում էին նրան եւ իրար ասում.
-Սա՞ է մեր Կեգեբեի նոր պետը:
-Աչքներս լույս:
-Որքան էլ գեշ է:
Եւ նման կարծիքներն անհիմն չէին: Թեկուզ հազիվ 35-40 տարեկան լիներ
Բիստրովը, բայց քայլում էր այնպես, կարծես թե ոչ թե ոտներն էին առաջ տանում
մարմինը, այլ մարմինը՝ ոտքերին: Մեծ քիթն էլ ավելի անճոռնի էր դարձնում
կոշտ, դեղնագույն, չեչոտ դեմքը:
Իմ առաջին ծանոթությունը Խթը-ի նոր պետի հետ կայացավ Սերգեյի տանը:
Մտնելուց եւ Բիստրովին նրա տանը նկատելուց ես Սերգեյին հանդիմանեցի.
- Իմանայի՝ այս անճոռնին մոտդ է, չէի գա:
- Մի երկու ամսից ավելի է՝ զահլես տանում է, թե ինչու տուն չեմ հրավիրում
իրեն: Դիմացիր, այդպիսի մարդկանց հետ ծանոթանալն էլ անհրաժեշտ է:
Քիչ անց Սերգեյի կինը՝ Ժենյան, մեզ ճաշի հրավիրեց: Բիստրովն ուտում էր
արագ, հետո ամեն մի գդալի պարունակությունը կուլ տալուց՝ թեթեւ փնչացնում:
Արդեն անցել էինք սուրճ ըմպելուն, երբ Սերգեյի դուստրը՝ Գալյան, կից
սենյակից, ուր հերթական դասերն էր պատրաստում, մոտեցավ մեզ եւ խնդրեց օգնել
դպրոցական քարտեզի վրա գտնելու Բերմուդյան կղզիները:
Ես ինձ լոյալ պահեցի, սպասելով, թե ինչ պատասխան կտա առաջադրված հարցին
Բիստրովը:
-Քարտեզի տակ,- դիմեց նա Գալյային,-տեղեկագիր կա, նրանում պետք է փնտրել
ուզածդ կղզիների տեղը:
Զգում էի, Գալյան ուղղակի խաղ էր խաղում Բիստրովի մոտ, ստուգում էր նրա
գիտելիքների մակարդակը: Դրանում համոզվելու համար էլ նա Բիստրովին
առաջադրեց երկրորդ հարցը.
-Քեռի, իսկ Նոր Զելանդիայի տե՞ղն էլ չգիտեք:
-Դարձյալ պետք է գտնել տեղեկագրով,- ասաց Բիստրովը:
Գալյան գաղտագողի ժպտաց, աչքով արեց ինձ, որը ես հասկացա յուրովի՝ քեռի
Եղիշե, ես սրա օձիքը բաց թողնողը չեմ, էլի եմ գալու:
Եւ եկավ, այս անգամ հանրահաշվի խնդիրների դասագիրքը ձեռքին եւ խնդրեց ցույց
տալ ինչ-որ վարժության լուծման եղանակը:
-Եթե խնդիրը կազմված լիներ միատեսակ թվերից, ես կարող էի օգնել,- եղավ
Բիստրովի պատասխանը:
Ես Գալյային հուշեցի վարժության լուծման եղանակը: Եւ քիչ անց նա ասաց, որ
լուծումը ստացվել է, պատասխանն էլ ճիշտ է: Բիստրովը չլսելուն տվեց
Գալյային: Նրա համար, անշուշտ, ծանր էր գիտակցել իր պարտությունը:
Մեր երեքի հաջորդ հանդիպումը իմ եւ Սերգեյի հայրենի Սարուշեն գյուղում էր:
Մինչ մեկնելը ես փորձեցի կանխել մեր այցելությունը:
-Սերգեյ,- ասացի ես ընկերոջս,- արժե՞, որ այդ սալդաֆոնը մեր գյուղում էլ
լինի:
Սերգեյն այլ կարծիքի էր: Նա հայտնեց, որ գյուղում ինքը նորոգել, կարգի է
բերել իր պապական տունը, բայց իր պետը կարծում է, թե պալատ է կառուցել:
-Թող տեսնի, համոզվի,- ավելացրեց Սերգեյը: - Թե չէ՝ վաղը հնարավոր է, որ
պետս հերթական դոնոսը տա Բաքվին: Արդեն մի երկու անգամ խայթել է ինձ, բայց
մեր վերեւներում ուշադրություն չեն դարձրել:
Գյուղ հասնելուց առաջինը դիտեցինք Սերգեյի տունը: Նորոգել էր եւ այն էլ՝
ճաշակով: Ինձ այնպես թվաց, թե Բիստրովը տխրեց: Չէ՞ որ Սերգեյը եթե ոչ թե
նորոգած, այլ նոր տուն լիներ կառուցած, ապա ինքը գրպանում պարսաքարեր
կունենար իր տեղակալին լուրջ ընդհարման դեպքում քարկոծելու համար:
Քիչ անց մենք արդեն Սերգեյի քեռու՝ Աղալարի տանն էինք: Սարուշենում նա
անուն հանած մարդ էր: Եվ ոչ միայն Սարուշենում, այլեւ հարեւան գյուղերում,
հայտնի ոչ միայն աշխատասիրությամբ, այլեւ իր ատլետիկ կազմվածքով, ֆիզիկական
ուժով: Մեծ հայրենականից տուն էր դարձել հաշմանդամ, ձախ ձեռքը բացվում էր
կիսով չափ, բայց, մեկ է, շարունակում էր մնալ ամենաուժեղ տղամարդը
գյուղում:
Համագյուղացիները պնդում էին, որ Աղալարին այդ հատկանիշները փոխանցվել են
հորից՝ Հովսեփ քեռուց: Ողջ գյուղում ժամանակին նրանից ուժեղ տղամարդ չկար:
Հիմա էլ գյուղում տարեցները լեգենդանման պատմություններ են պատմում Հովսեփ
քեռու քաջագործությունների մասին: Ասում են, օրինակ, որ երբ Շուշիից գյուղը
նշանավոր փահլեւան էր եկել, մինչեւ իր համարները ցուցադրելը մրցման է
հրավիրել գյուղի ամենաուժեղ տղամարդուն, նրան հաղթողը եղել է քեռի Հովսեփը:
Փահլեւանն անմիջապես հավաքել է իրերն ու թողել գյուղը:
Քեռի Հովսեփը մահացել է 120 տարեկան հասակում: Մինչեւ այսօր էլ Սարուշենում
ոչ ոք չի հատել այդ սահմանագիծը: Երբ արդեն հարյուրն անց էր, շատերն էին
նրան հարցնում, թե ինչու, դեռ «երիտասարդ» լինելով, չի ամուսնանում կնոջ
մահից հետո: Պատասխանում էր, որ կին առնել ցանկանում է, բայց տղաները եւ
հատկապես նրանցից մեկը՝ Աղալարը, չեն թողնում:
Տան բակում ձգաձող կար, եւ դա շատ զարմացրեց Բիստրովին: Նա արդեն հարցրել
եւ իմացել էր, որ Աղալարն արդեն 70, իսկ նրա կինը՝ Ժենյան, 64 տարեկան է,
նրանց երկու տղաներն էլ Բաքվում են, ուստի հարցրեց, թե ինչի համար են
բակում պահում ձգաձող: Երկուսն էլ ասացին, որ իրենք վարժանքներ են
կատարում: Բիստրովը շատ զարմացավ, երբ Աղալարը բարձրացավ ձգաձողի վրա եւ ի
տես իր հյուրի մի քանի հնարք ցույց տվեց:
- Ես էլ մի ժամանակ ձգաձողի վրա վարժություններ էի կատարում,- ասաց
Բիստրովը, մոտեցավ ձգաձողին, մի երկու-երեք անգամ ձգվեց եւ՝ վերջ: Նրա
հայացքն այդ պահին մի այնպիսի երանգ ուներ, որ կարծես հուշում էր՝ սրանք
կարողանան, իսկ ես՝ պետանվտանգության սպաս, չկարողանա՞մ:
Նստեցինք ճաշի: Հիանալի սեղան էր պատրաստել տիկին Ժենյան: Սեղանի զարդն էին
համով, ուտեստներով պատրաստված խորովածն ու ժենգյալով հացը, մեր գյուղի
Ամարասի տեղամասից Աղալարի բերած խազազը, տնամերձից քաղած այլ կանաչեղեն:
Բիստրովը շատ գոհ մնաց հյուրասիրությունից: Սարուշենյան ընտիր եւ թունդ
օղու ազդեցության տակ նույնիսկ «տաքացավ», մեկական-երկուական կուպլետներ
կատարեց ռուսական ինչ-որ ժողովրդական երգերից:
Ստեփանակերտ վերադարձանք ուշ երեկոյան: Բաժանվելիս ես Սերգեյին ասացի.
-Ճիշտ ես վարվել, որ պետիդ բերել ես Սարուշեն: Կարծում եմ, այսուհետ
համերաշխ կաշխատեք:
Սերգեյը հասկացավ իմ ակնարկը: Նրա եւ Բիստրովի միջեւ հաճախակի էին վեճեր
ծագում: Բիստրովը, ինչպես ընդունված է ասել, լվից ուղտ էր սարքում, միայն
թե Բաքվում իրենից գոհ մնան:
-Ուղտի սապատը ոչնչով չես հարթեցնի,- եղավ Սերգեյի պատասխանը:
Սերգեյը ճշմարիտ էր: Վիհը, որ ծագել էր նրա եւ Բիստրովի միջեւ, չվերացավ:
Պետք էր ազատվել մեկից: Եվ ազատվողը Սերգեյը եղավ, այն էլ՝ ժամկետից շուտ:
Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ
մշակույթ
«ՎԱՆՔԸ ԵԿԵՂԵՑՈՒ
ԹՈՔԵՐՆ Է», - ԱՍՈՒՄ Է ՔՈՒՅՐ ՏԱԹԵՎԻԿԸ
2000 թվականին Էջմիածնում Ս.Գայանե եկեղեցուն կից ստեղծվեց վանք՝
միանձնուհիների համար: Միգուցե շատերի համար տարօրինակ ու արտառոց թվա,
բայց ինչպես Մայակովսկին է գրել՝ եթե աստղերը վառվում են, ուրեմն դա ինչ-որ
մեկին պետք է: Նույնն էլ վանքը. եթե ստեղծվել է, ուրեմն այն ինքնանպատակ
չէր: Համենայն դեպս, դա Տաթևիկի (այսօր արդեն՝ քույր Տաթևիկի) համար շատ
կարևոր և ճակատագրական էր: Պատանեկությունից երազելով վանական կյանքի
մասին՝ նա հնարավորություն չուներ իրագործելու իր երազանքը: Բայց ինչպես
ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Արդեն ութ տարի է, ինչ ապրում է Ս.Գայանե
վանքում՝ խոնարհաբար ծառայելով Աստծուն ու եկեղեցուն…
- Ի՞նչ կասեիք վանական կյանքի մասին Հայաստանում, որո՞նք էին նրա
ակունքները:
- Մեր ժողովուրդն, ըստ իս, միշտ էլ իմացել է վանքի արժեքը, իսկ մեր
վեհափառներն ու հոգևորականներն արժեվորել են վանքի դերը եկեղեցու կյանքում:
Մի տեղ կարդացել եմ, որ վանքը եկեղեցու թոքերն է, վանքով է շնչում
եկեղեցին:
Վանական կյանքը Հայաստանում մեծ ծաղկում է ապրել 10-11-րդ դարերում, և դրա
մասին վկայում են Հաղպատավանքը, Տաթևի Կուսանանց և մյուս վանքերը: Ցավոք
սրտի, այսօր լոկ շինություններն են պահպանվել, վկայությունն այն բանի, որ
վանքերն եղել են ոչ միայն արական, այլև կուսանանց: Այսպես,
օրինակ,Հաղպատում կար Կուսանանց անապատ, Տաթևի ներքևի վանքը ևս կույսերի
համար էր նախատեսված:
Ինչ վերաբերում է վանական կյանքի բարի ավանդույթների վերացմանը, ապա
Հայաստանում այն կապում են քաղաքական իրադրությունների և ազգի բազմացման
խնդրի հետ:
- Ե՞րբ ծնվեց միանձնուհիների համար վանք ստեղծելու գաղափարը, և ի՞նչ
կանոններով է վանքն առաջնորդվում:
- Սա Հայ Առաքելական Եկեղեցու եզակի վանքերից է և արդեն ութ տարի է, ինչ
գոյություն ունի: Սկզբում ընդամենը երկու քույր էինք: Երեք տարի առաջ մեզ
միացավ ևս մեկ քույր: Այսօրվա դրությամբ մենք արդեն չորսն ենք, 4-րդը երկու
ամիս է, ինչ մեզ հետ է: Ճիշտ է, ցանկացողներ շատ կան, բայց, ինչպես
հասկանում եք, խանգարող հանգամանքները ևս քիչ չեն: Պարզապես առանց ծնողների
օրհնության վեհափառը չի արտոնում նման որոշումները:
Վանք մտնելու կանոններ որպես այդպիսին ստուգապես գոյություն չունեն: Մարդ
միանգամայն ազատ է իր ընտրության մեջ: Եթե նա ուզում է իրեն նվիրել Աստծուն
և մնացած կյանքն անց կացնել վանքում՝ ծառայելով Աստծոն ու եկեղեցուն, բայց
դեռ լիովին համոզված չէ իր որոշման մեջ, նրանց համար մեկ տարի փորձաշրջան
գոյություն ունի: Դա նշանակում է, որ ապագա միանձնուհիները (ովքեր,
իմիջիայլոց, կարող է նախկինում ամուսնացած լինեին, բայց ապա ազատված
ամուսնական պարտականություններից, իսկ երեխաների առկայության դեպքում
վերջիններս պետք է չափահաս լինեն) կարող են գալ-գնալ, ծանոթանալ վանական
կյանքին: Ասեմ նաև, որ մեկ տարին հստակ չէ. տվյալ դեպքում ժամանակը ավելի
շուտ և ավելի շատ կախված է անհատից. փորձաշրջանը կարող է երկարաձգվել կամ
էլ՝ ընդհակառակը: Կարևոր է նշել նաև այն, որ ինչքան մարդ ազատ է վանք
մտնելու իր որոշման մեջ, նույնքան ազատ է վանքից հեռանալու հարցում: Բանը
նրանում է, որ ուխտադրություն և ձեռնադրություն դեռևս չեն եղել, բայց,
ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս տեղի կունենան: Միայն դրանից
հետո որոշ կանոններ կփոխվեն, մանավանդ՝ վանքից հեռանալու մասին, օրինակ՝
շատ երկրներում վանքից հեռացողը զրկվում է անգամ հաղորդությունից:
Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ մեզ մոտ դա կկիրառվի: Տվյալ դեպքում,
միակ հարաբերականորեն հստակ սահմանափակումը տարիքն է (18-50 տարեկան), բայց
այստեղ ևս բացառություններ կարող են լինել:
- Քույր Տաթևիկ, ինչպե՞ս որոշեցիք միանձնուհի դառնալ, և ո՞րն էր Ձեզ համար
ամենամեծ փորձությունը:
- Դեռ մանկուց ծնողներս իմ մեջ Աստծո նկատմամբ խորը հարգանք են սերմանել:
Իսկ 15-16 տարեկանում Աստծոն չճանաչելով հանդերձ՝ ինձ հրապուրում էր
վանական կյանքը. չգիտես ինչու թվում էր, թե ես այնտեղ խաղաղություն կգտնեմ:
Քանի որ իմ պատանեկությունն անցել է խորհրդային կարգերի ժամանակ, ուստի իմ
այդ ցանկությունն այդպես էլ չիրականացավ: Մինչև վանք մտնելս ես ապրել եմ
աշխարհիկ կյանքով, բայց այդպես էլ չեմ գտել իմ տեղն ու առաքելությունը:
Պարզապես Աստված այլ ուղի էր նախանշել ինձ համար: Բավական ժամանակ ու ջանք
պահանջվեց, որ ես դա հասկանամ և ընդունեմ: Հենց Աստծո ձայնն ինձ վանք
բերեց: Ծնողներս իմ որոշումից, մեղմ ասած, գոհ չէին, բայց ինչպես
ամուսնացողին չեն խանգարում, այնպես էլ ինձ չխանգարեցին: Նրանք հարգեցին իմ
որոշումը: Տվյալ պարագայում, թերևս, ամենամեծ փորձությունը հնազանդությունն
է Աստծո և քույրերի առաջ:
- Բավական ժամանակ ապրելով վանքում և հնարավորություն ունենալով վերջինս
համեմատել աշխարհիկ կյանքի հետ՝ երբևէ չե՞ք փոշմանել:
- Փոշմանելը՝ չեմ փոշմանել, բայց եղել են պահեր, երբ ինձ անարժան եմ
համարել: Սակայն Աստծո օգնությամբ կարողացել եմ հաղթահարել այդ
փորձությունը ևս, դեռ ավելին՝ կարող եմ ասել, որ փորձությունն այդ ավելի
ամրապնդեց իմ հավատը:
- Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք ձեր հարազատների հետ, այցելու՞մ եք,
արդյոք, նրանց ծննդյան տոներին:
- Հարազատների հետ կապը կա: Ճիշտ է, հաճախակի հանդիպել չի ստացվում. մենք
վանքից կարող ենք ամենաշատը երեք օրով բացակայել, այն էլ՝ պետք է դիմում
գրենք և պատճառները նշենք: Բացառությամբ արտակարգ դեպքերի (հիվանդություն,
դժբախտ պատահար), երբ ժամկետը երկարաձգվում է: Ինչ վերաբերում է ծննդյան
տոներին, ապա միայն ամենամոտ հարազատներին ենք շնորհավորում: Հակառակ
դեպքում, մեր նոր կենսակերպը ոչնչով չի տարբերվի հնից, բայց, ամեն դեպքում,
դա յուրաքանչյուրիս ընտրությունն է, և մենք ազատ ենք այդ ընտրության մեջ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում աշխարհիկ կյանքի այնպիսի «բարիքներին», ինչպիսիք
են, ասենք, հեռուստացույցը, ինտերնետը, բջջային հեռախոսը…
- Մինչ վերջերս մենք հեռուստացույց անգամ չունեինք: Նորությունները իմանում
էինք մեր աշխատողներից: Վերջերս վեհափառը որոշեց, որ մենք պետք է տարրական
պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում և աշխարհում
ընդհանրապես: Բացի այդ, մեզ հաճախ են այցելում հեռուստատեսությունից և
նկարահանումներ անում, ու մինչ այսօր մենք չենք տեսել այդ հաղորդումներից և
ոչ մեկը: Ինտերնետից ընդհանրապես չենք օգտվում համապատասխան միջոցների
բացակայության և ոչ միայն այդ պատճառով… Իսկ բջջային հեռախոսը անգամ մեզ
համար եթե չասենք խիստ անհրաժեշտ, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ պարագա
է, և աշխատանքի բերումով հաճախակի ենք օգտվում:
- Սնվելով աղոթքով և գտնվելով Աստծո գթության ներքո՝ ֆիզիկական տկարության
դեպքում դիմու՞մ եք, արդյոք, բժշկի:
- Ես ինքս վստահում եմ բժիշկներին և անհրաժեշտության դեպքում դիմում եմ
նրանց օգնությանը: Ըստ իս, բժիշկը բժիշկ է Աստծուց …
- Ինչո՞վ է լցված ձեր առօրյան:
- Չնայած այս մի քանի օրերին մեր օրակարգը որոշակի փոփոխություններ է կրել,
այնուամենայնիվ, այն բավականին հստակ է ու կանոնակարգված: Օրը սկսում ենք
ժամը յոթին՝ վանքի ժամերգությամբ: Այնուհետև նախաճաշում ենք, որին
հաջորդում է եկեղեցու ժամերգությունը: Ինչից հետո մենք անցնում ենք
աշխատանքի, որն իր մեջ ներառում է եկեղեցու մաքրություն, աշխատանք այգում,
ձեռագործ և նմանատիպ այլ գործեր: Ժամը մեկին ճաշում ենք: Մինչև հանգստյան
ժամերգությունը աղոթում ու սաղմոսներ ենք կարդում: Եվ այդպես՝ Աստծո ամեն
օր: Բայց դա, բնավ, չի նշանակում, որ այդքանով սահմանափակվում են մեր
պարտականություններն ու առաքելությունը: Քույրերը միշտ պատրաստ են
անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրին օգնության ձեռք մեկնել,
համբերատար լսել և ինչու չէ՝ նաև խորհուրդներ տալ: Հաճախ ենք այցելում
մանկատներ, ծերանոցներ, հիվանդների…Փորձում ենք մեր աղոթքներով սփոփել
նրանց ցավն ու տկարությունը:
- Հետաքրքիր է, ի՞նչ է խորհրդանշում ձեր համազգեստի սև գույնը:
- Սևը, ինչպես գիտեք, սգո նշան է: Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց մենք էլ
ենք սգավոր. մենք աշխարհի մեղքերն ենք սգում: Ասածներս միգուցե վերամբարձ
են հնչում, այնուհանդերձ, դա է մեր առաքելությունը:
- Ապագայի հետ կապված վանքն ի՞նչ ծրագրեր ունի:
- Վեհափառը ցանկանում է վանքին կից մանկատուն ստեղծել, բայց քույրերը
չափազանց քիչ են նման պատասխանատու և դժվարին առաքելության համար: Սակայն
հույսով ենք ապրում և համոզված ենք, որ մեզ, այնուամենայնիվ, Աստծո
օգնությամբ կհաջողվի կյանքի կոչել այդ մտահղացումը: Աստված միշտ ընդառաջում
է բարի մտադրությունները…
Քնար ԲԱԲԱՅԱՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Ալմա-Աթայում տեղի ունեցավ Աշխարհի և Ավանդական կրոնների առաջնորդների
երրորդ կոնգրեսի նախապատրաստական ժողովը:
Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ
Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Համաժողովն անց է կացվում Ղազախստանի Հանրապետության նախագահ Նորսուլթան
Նազարբաևի բարձր հովանու ներքո, որի նպատակն է կրոնների միջև երկխոսության
ուղիներ գտնելը և ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ մտքերի
փոխանակումը` հայտնում են Մայր Աթոռից:
ԵՀԽ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՈՍՍԵԻ ԷԿՈՒՄԵՆԻԿ
ԴՊՐՈՑՈՒՄ
Բոսսեի էկումենիկ դպրոցում անցկացվել է ԵՀԽ եւ Կաթոլիկ Եկեղեցու միջև
համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը` համանախագահությամբ Նորին
Սրբազնություն Նիֆոն միտրոպոլիտի (Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցի) եւ Նորին
Սրբազնություն Մարտին արքեպիսկոպոսի (Կաթոլիկ Եկեղեցի):
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձան աշխատանքային խմբի օրակարգի
հարցերին, որոնք վերաբերում են էկումենիկ փաստաթղթերի ընդունման
գործընթացներին, էկումենիզմի հոգևոր ակունքներին, միգրացիայի եւ
երիտասարդության հարցերին:
Մասնակիցները նաև այցելել` են ԵՀԽ եւ ծանոթանալու են ԵՀԽ գործունեությանը`
հանդիպումներ եւ քննարկումներ ունենալով ԵՀԽ ծրագրերի պատասխանատուների եւ
աշխատակիցների հետ: Հանդիպումներ տեղի ունեցան Շվեյցարիայում պապական
նվիրակ Սիլվիանո արք. Թոմասիի, Շամբեզիի Ուղղափառ կենտրոնի պաշտոնեության
հետ, մասնակիցները այցելեցին Ռեֆորմիստական Եկեղեցու կենտրոն, ինչպես նաև
Գրանդշոնի Ռեֆորմիստական վանք:
Հանձնախմբում Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի միաբան, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ.
Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Պլենար նիստին անձնափոխանորդի կարգավիճակով
մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միջեկեղեցական հարաբերությունների
գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը` հայտնում են Մայր Աթոռի
տեղեկատվական համակարգից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և
Կրթության ազգային ինստիտուտի միջև այսօր ստորագրվեց հանրակրթության
ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման
հուշագիր:
«Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում ապրող մեր ժողովրդին
հանդուրժողականության արժեհամակարգը բնորոշ է: Սա մեզ համար նորություն չէ,
ու ժամանակակից աշխարհում որպես նույն մշակույթների և քաղաքակրթությունների
երկխոսությունն ապահովող ազգ, ինչի մասին հաճախ ենք սիրում կրկնել,
անհրաժեշտ է պահպանել և «վերարտադրել» մեզ հատուկ այդ արժեհամակարգը: Այն
կարևորվում է նաև նոր իրողությունների՝ քաղաքացիական հասարկության կայացման
տեսանկյունից»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց ԿԳ նախարար
Սպարտակ Սեյրանյանը:
«ՄԱԿ-ը ձգտել է մշտապես խթանել հանդուրժողականությունն ուսուցման միջոցով,
քանզի ապագա սերունդը, որը դաստիարակվում է դպրոցում, պետք է ունենա
համագործակցելու, հասարակության մեջ տարբեր մոտեցումներով մարդկանց հետ բաց
հաղորդակցվելու վերաբերմունքը»,- իր հերթին նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող,
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ
ԿԳՆ-ից:
|