|
|
15 փետրվարի 02 (88) 2008 թ.
«ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԻՐԱՎԵՊ» ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԵՎ` ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Մեզ մոտ հայրենասիրության մի տեսակ կա, որ բխում է ոչ թե հոգու խորքերից կամ սկզբունքներից, այլ զուտ սոցիալական վիճակից ու պաշտոնեական դիրքից, այլ կերպ՝ ի պաշտոնե հայրենասիրություն, հաստիքային հայրենասիրություն: Մարդիկ կան, որ պաշտոն ստանալուց, իմա՝ սեփական հարցերը լուծելուց հետո մի այնպիսի հայրենասիրությամբ են բռնկվում, որ նրանց մոտ կամա թե ակամա քեզ մեղավոր ես զգում հայրենիքի առաջ, քանի որ նման ջերմեռանդությամբ չես տառապում և հանգիստ սիրով ես տոգորված: Սովորաբար նման մարդիկ քեզ խորհուրդ են տալիս «խնամքով» վերաբերվել հայրենիքի պատվին ու ավելորդ բառեր չասել, սպառնում են դավաճանության խարանով պատել ճակատդ: Բայց այդ մարդկանց ջերմեռանդ ու նախահարձակ հայրենասիրությունից, որպես կանոն, հետք անգամ չի մնում, երբ նրանց զրկում են պաշտոնից, ավելին՝ պաշտոնանկությունից հետո նրանք պատրաստ են լինում երկրի, պետության ու ժողովրդի հերն անիծել, գալիս ու փորձում են մերձենալ առաջվա պես հանգիստ սիրով հայրենիքդ սիրողիդ հետ, ասում են՝ դու ճիշտ էիր, պետք էր ժամանակին թերությունների մասին խոսել: Սույն ողբերգությունը, սակայն, սահուն կերպով զավեշտի է վերածվում, երբ նույն մարդկանց նորից պաշտոն են տալիս, ինչը, ցավոք սրտի, այնքան սովորական է դարձել մեզ մոտ: Մեր ողբերգազավեշտական հերոսները նորից վարակվում են ջերմեռանդ ու նախահարձակ հայրենասիրությամբ և, ասես ոչինչ էլ չի եղել, նոր եռանդով շարունակում քեզ դասեր տալ ու հիշեցնել խարանի մասին: Հայրենիքի հետ այս ծառայողական սիրավեպը որքան զավեշտալի է համանուն ֆիլմի պես, նույնքան էլ ողբերգական, քանի որ ի տարբերություն հայտնի ֆիլմի՝ սրա վերջը լավ չի լինում: Ոչ թե մարդու, այլ հայրենիքի համար: Ի վերջո, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ նման մարդկանց սերը ոչ թե հայրենիքի հանդեպ է, այլ կերակրատաշտի: Հայրենիքն ու կերակրատաշտը նրանց համար հոմանիշներ են, չկա հայրենիք՝ առանց կերակրատաշտի: Իսկ մարդկանց մեծ մասը կերակրատաշտից զուրկ հանապազօրյա հացի պրպտումներում իր նյարդերն ու ժամանակն է մսխում, քարից հաց քամում, ապրում գյուղում, որ չամայանա, պահում իրեն ու հաստիքային հայրենասերներին՝ ժամանակ չունենալով մտածել ու խոսել հայրենասիրության մասին, քանի որ դա նրանց արյան մեջ է: Այս մարդիկ քեզ խորհուրդներ չեն տալիս, ջերմեռանդ ու նախահարձակ չեն, ոչ ոքի չեն սպառնում, պարզապես գլուխկախ ապրում են՝ չկասկածելով անգամ, որ ամենամեծ ու ամենաիսկական հայրենասերը հենց իրենք են, չիմանալով, որ առանց իրենց ուրիշները չէին կարողանա իրենց հայրենասիրությունը դրսևորել: Այդ նրանք են հաց արարում, կռվի գնում, որոշումները կատարում: Այս մարդկանց համար հատուկ տոներ չկան, նրանց համար տոն է Աստծո այն ամեն օրը, որ տանը հաց կա, որ երեխան օրոցքում ճռվողում է, որ երկինքը մաքուր ու խաղաղ է, որ իրենք ապրում են հայրենի հողում, որ իրենց հանդուչոլում իրենք տեր են: Ու քանի այդպես է՝ տոն է ամեն օր:
Շարժում 88 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ «ԱՐՁԱԳԱՆՔՎԵՑ» ԲԵՌԼԻՆՅԱՆ ՊԱՏԻ ՓԼՈՒԶՄԱՄԲ
Գրիգորի
ԱՖԱՆԱՍՅԱՆ Ազատության և մարդկային արժանապատիվ գոյության տենչող ժողովրդի ոգու համար այս ժամանակահատվածը մեծ չէ: 1988-ի փետրվարին արցախահայությունն ի լուր ամբողջ աշխարհի ազդարարեց ազատության և անկախության իր անկապտելի իրավունքը պաշտպանելու վճռականության և անհողդողդության մասին: Երկրների ու ժողովուրդների միջև փոխհարաբերությունների այն ժամանակվա համակարգի պայմաններում, երբ տիրապետող էր խմբային, «սևկամսպիտակ» մտածողությունը, ղարաբաղյան շարժումը խթանեց անխտիր բոլոր ժողովուրդների ինքնագիտակցության նոր վերելքը: Մարդիկ հասկացան, որ այդպես այլևս անհնար է ապրել, ինքնապահպանման բնազդը համառորեն պահանջում էր վճռական գործողություններ և նախաձեռնություններ: Ստեփանակերտյան առաջին հանրահավաքն «արձագանքվեց» բեռլինյան պատի փլուզմամբ և մեծ, հզոր, անսասան թվացող կայսրության կազմաքանդմամբ: Ահա արդեն 20 տարի է, ինչ ազատության մեր կարգախոսը՝ լինել հայ ժողովրդի անմատույց միջնաբերդ, խթանում է վստահությունը մեր իսկ իրավացիության մեջ, և ոչ մի բռնություն չի կարող կասեցնել մեր վստահ շարժումը դեպի զարգացում և առաջադիմություն: Մինչդեռ մի շարք նախկին միութենական հանրապետություններ, սկսելով ժողովրդավարությունից՝ հիմա ընկնում են ազգայնամոլության և շովինիզմի գիրկը: Պատմությունը հուշում է, որ բոլոր «իզմ»-երը ենթադրում են պատերազմ և ավերածություններ, տեռոր և բռնություն: Մեծ հաշվով, Հարավային Կովկասում առավել ժողովրդավարական հանդիսանում են երեք հանրապետություններ՝ Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսիան: Եւ դա զարմանալի չէ, քանի որ մենք չենք սպառնում ոչ ոքի, այլ ձգտում ենք մարդկային հարաբերությունների: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը չեն կարող առանց մեզ: Այդ պետական կազմավորումների մեծությունն ու վեհությունը որոշվում է հենց «չճանաչվածների» նկատմամբ վերաբերմունքով: Բարեկամության կամուրջներ գցելը շատ ավելի դժվար է, քան ավերելը: 20 տարվա ընթացքում նոր սերունդ է աճել, որին չի կարելի ժառանգել ատելության բեռը: Արհեստականորեն գաղափարայնացված ցանկացած համակարգ հղի է փլուզմամբ և արժեզրկմամբ, հսկայական էներգիայի արտամղմամբ, որը տանում է ավերման: Արարման և վերականգնման հանդիպական գործընթացը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջում: Ահա թե ինչու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության ճանաչումը մի քայլ կլինի դեպի ժողովուրդների փոխադարձ ճանաչում, դեպի հաշտեցման փուլ: Խաղաղ գործընթացի այլընտրանքը ավերված քաղաքներն ու գյուղերն են, զոհերն ու վիրավորները, անհայտ կորածներն ու հաշմվածները: Պատերազմը բարբարոսություն է, և ցանկացած նման քայն ունի իր համարժեք հակաքայլը, որն ավելի լավը չէ: 20 տարի է անցել ղարաբաղյան շարժման սկզբից և 20 դար՝ Սուրբ Ծննդից, և իսկը ժամանակն է մեր միջուկահրթիռային դարում խորհելու, թե ինչպես պիտի անցում կատարել Արարման:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒ՞Մ Է
Գագիկ
ԱՎԱՆԵՍՅԱՆ Արցախի հանրային հեռուստատեսությամբ լուսաբանված՝ Արցախյան շարժման 20-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նիստի ժամանակ ի պատասխան ղարաբաղյան շարժման «ընդհատակյա» փուլի կազմակերպիչների անունները հրապարակելու մասին Ժաննա Գալստյանի առաջարկության՝ նշյալ հանձնաժողովի համանախագահ, ԼՂՀ ԱԺ խոսնակ Ա.Ղուլյանի ասածը, թող ներվի համեմատությունը, հիշեցնում է մեր ազգի համար մի շատ ցավոտ հարցում մեր ընդդիմախոսների փաստարկը՝ «թող դրանով պատմաբանները զբաղվեն»: Ցավալի է, որ ընդամենը 20 տարի է անցել, բայց արդեն ղարաբաղյան շարժման կազմակերպիչներին ու ակտիվիստներին ընտրովի են ներկայացնում, ելնելով պահի քաղաքական կոնյունկտուրայից: Պատմաբանները, հավանաբար, նրանց անունները կտան շատուշատ տարիներ անց՝ նրանց մահից հետո, ինչպես ծպտված հետախույզներին: Ողջերի անունները կարծես թե ոմանց խանգարում են: Բոլորը չէ, որ մուտք ունեն լրատվամիջոցներ, և եթե նման արտոնություն ունեցող որևէ մեկը միայն իրեն է տեսնում շարժման մեջ, խեղաթյուրելով փաստերը, ապա դրանով էլ սկսվում է ամբողջ շարժման խեղաթյուրումը: Լռության մատնելը ստախոսության ձևերից մեկն է, այն ևս պատմության խեղաթյուրում է նշանակում: Երեկվա օրն արդեն իսկ պատմություն է, և չի կարելի այն փոփոխել, անկախ այն բանից՝ ոմանց դու՞ր է գալիս, թե՞ ոչ այն, թե ինչպես են իրենք ապրել այդ նույն «երեկ»-ում: Սա միայն իշխանություններին չէ, որ վերաբերվում է, այլև ղարաբաղյան շարժման որոշ առաջամարտիկների, որոնք ձգտում | ||