|
|
# 19 (105),
Ջրափոս
Այս այգեստանցիներն ուղղակի պատուհաս են դարձել Հադրութի վարչակազմի համար: Հիմա էլ պահանջում են փակել ու հողով ծածկել Հադրութ քաղաքի՝ գյուղի հարեւանությամբ գտնվող աղբանոցը՝ պատճառաբանելով, թե իբր գյուղի տեսարանը փչացնելուց բացի՝ այնտեղից գարշահոտություն է գալիս, որից իրենց երեխաները հիվանդանում են: - Ինչպե՞ս փակել,- զարմանում է իշխանավորը,- կարո՞ղ է՝ իմանում եք, թե Ցորի դպրոցն է, որ փակենք, կամ էլ կազինո է, որ փակենք ու Խուրհատի լանջերին ձեզ համար լասվեգասներ կառուցենք: Աղբանոցը պետական ռեգիստրով հաստատված տարածք է: Պատկերացնո՞ւմ եք, թե մեր շրջանի մասին ինչ կմտածեն եվրոպական կառույցներում, եթե խախտենք աղբանոցի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է գյուղի տեսարանին, ապա, ի՞նչ իմանաս, գուցե գյո՞ւղն է փչացնում աղբանոցի համայնապատկերը, քանի որ գեղեցիկը հարաբերական հասկացություն է՝ նայած՝ ում տեսանկյունից ես նայում,- ներողամիտ ժպտալով՝ ավարտեց իշխանավորը: Ի պաշտպանություն վարչակազմի՝ նշեմ, որ նեապոլյան վերջին դեպքերը ցույց տվեցին, որ աղբի հարցը լուծված չէ նույնիսկ քաղաքակիրթ Եվրոպայում: Աշխարհում չկա նման հարցի լուծման որեւէ նախադեպ: Իտալիայում աղբը համարվում է ազգային հարստություն. հիշո՞ւմ եք, թե ինչպես Բերլուսկոնիի ձեռքից մաֆիան խլեց ցախավելը, երբ նա փորձում էր մի բուռ աղբ յուրացնել: Այգեստանի դեպքում Հադրութ քաղաքի եւ N զորամասի կենցաղային ու շինարարական աղբի խառնուրդը դուրս է հորդում գյուղամերձ տարածքը ինչպես առատության եղջյուրից, ու այդ ամենը՝ ձրի: Կուտակիր՝ ինչքան ուզում ես, մեկ էլ տեսար՝ գյուղական ակումբը կվերանորոգես: Բայց քաղաքակրթությունից շատ հեռու այգեստանցիները, թքած ունենալով աղբի վերաբերյալ եվրոպական մոտեցումների վրա, ղարաբաղցու համառությամբ պահանջում են՝ կա°մ ձեր «ազգային հարստությունը» պահեք ձեր տներում, կա°մ մենք դուրս ենք գալիս Հադրութի շրջանի վարչական տարածքից ու միանում Մարտունու շրջանի վարչական տարածքին՝ համոզված լինելով, որ Մարտունին իր «ազգային հարստությունը» 60 կմ չի տեղափոխի մինչեւ Այգեստան: Նման անջատողական պահվածքը, իհարկե, այգեստանամոլ մի քանի ծայրահեղականների (էքստրեմիստների) ձեռքի գործն է, որոնք նպատակ են հետապնդում միջազգային հանրության աչքում գցել Հադրութի շրջանի վարկանիշը եւ կասկածի տակ դնել այդ շրջանում ղեկավար ունենալու անհրաժեշտությունը: Հադրութում ասում են, որ քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, վարչակազմը հապշտապ որոշում է պատրաստում, համաձայն որի՝ պաշտպանելով քաղաքային աղբանոցի տարածքային ամբողջականությունը եւ այգեստանցիների ապրելու իրավունքը՝ տարհանել Այգեստանը եւ վերաբնակեցնել լեռնային Տյաք գյուղում (պատմությունը հիշում է նման տարբերակ, երբ Շահ Աբասի օրոք տարհանեցին Ջուղան): Սողոմոնյան այս որոշմամբ կվերակենդանանա մարդաթափման եզրին գտնվող Տյաքը իր դոնոր բնակիչներով: Կշահեն նաև այգեստանցիները՝ շնչելով մաքուր լեռնային օդ ու նվեր ստանալով իրենց երազանքի ակումբի վերանորոգված շենքը: Տյաքը կունենա գյուղապետ եւ ավագանի, որոնք, օգտագործելով իրենց փորձը, կանվանակոչեն նույնիսկ գյուղի ցանկապատերը, եւ եթե պետք լինի... նույնիսկ գյուղը, որը համագյուղացու թեթեւ ձեռքով իսկույն կհաստատվի: Հադրութ-Մարտունի մայրուղու այգեստանյան հատվածում առավոտյան ժամերին կվերանան գյուղի նախիրի մեղքով առաջացող ու ժամերով տեւող խցանումները: Ուրիշները նման որոշման համար խրախճանքներ կսարքեին, բայց ոչ կասկածամիտ այգեստանցիները, ովքեր չարամտորեն ենթադրում են՝ «իսկ միգուցե մեզ տարհանում են, որպեսզի մեր աչքից հեռու քանդեն ու վաճառքի հանեն գյուղի ջրատարը, ինչպես արեցին շրջանի մյուս ջրատարները»... Ափսո¯ս: Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
քաղաքականություն ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ
1. Հայտարարում են, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար: 2. Հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց՝ 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ և հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: 3. Համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի՝ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով: 4. Նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ, այդ թվում նաև բարձրագույն մակարդակով հետագա շփումների ընթացքում, և հանձնարարեցին իրենց արտաքին գործերի նախարարներին` ակտիվացնել հետագա քայլերը բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ փոխգործակցությամբ: 5. Կարևոր են համարում խրախուսել կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում վստահության ամրապնդման միջոցների կենսագործման համար պայմանների ստեղծումը:
Բելգիայի հայ համայնքի առջև Ս. Սարգսյանի ելույթից
Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ մենք համատեղ
հռչակագիր ստորագրեցինք, որը, կարծում եմ, նախանշում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ
կարգավորման նոր՝ առավել ակտիվ փուլի սկիզբը:
«Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան հռչակագիրը հիմք է հանդիսանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնության համար»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ վերընտրումից հետո առաջին պաշտոնական այցով գտնվելով Թուրքիայում: Ի.Ալիեւի խոսքերով, հակամարտության լուծման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները:
Է. Մամեդյարով. Բաքուն ճանաչում է ինքնորոշման իրավունքը, քանի որ ընդունում է միջազգային իրավունքի նորմերը Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման հնարավոր չի լինի խոսել խնդրի հաջող լուծման մասին՝ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը ճանաչում է ինքնորոշման սկզբունքը, քանի որ, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ եւ ստորագրելով Հելսինկյան եզրափակիչ ակտը, ընդունում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, սակայն, մյուս կողմից, ազգերի ինքնորոշման իրավունքը չի նշանակում, թե «տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել ռազմական միջամտության ճանապարհով»: «Եթե դիմենք միջազգային իրավական փաստաթղթերին, ապա տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայող է մյուս սկզբունքների համեմատ»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:
Մեթյու Բրայզա. «Մեզ մնում է օգնել` վերջնական տեսքի բերելու պայմանավորվածությունները»
Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը
մինչեւ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը,
Մեթյու Բրայզան արձագանքեց. «Դա լիովին հնարավոր է, իհարկե: Ես չեմ
կանխատեսում, թե այդպես կլինի, բայց ասում եմ, որ դա հնարավոր է, եւ ես
կանեմ հնարավոր ամենը դա իրականություն դարձնելու համար»: Բրայզան նաեւ հաստատեց, որ համաձայնության շուրջ բանակցությունների հիմքում մադրիդյան սկզբունքներն են. «Եթե դիտարկում ենք Մոսկվայում ստորագրված հռչակագրի հստակ ձեւակերպումները, հասկանում ենք, որ Մադրիդում անցկացված քննարկումները կազմել են այս բանակցությունների հիմքը, եւ մեզ` եռանախագահներիս, մնում է օգնել նախագահներին` վերջնական տեսքի բերելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Դրանք, իհարկե, 10 պատվիրանները չեն. կարող են ճշգրտվել եւ, հուսով ենք, նաեւ բարելավվել, սակայն հիմքը հենց մադրիդյան սկզբունքներն են»: Օրերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Մոսկովյան հանդիպումը թեեւ իսկապես շրջադարձային, սակայն կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է: Այժմ այդ գործընթացը շարունակվում է Եվրոպայում, իսկ ավարտվելու է, ամենայն հավանականությամբ, դեկտեմբեր ամսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»: Այս կապակցությամբ Մեթյու Բրայզան ասաց. «Շատ լավ գաղափար է: Կուզենայի, որ կարողանայինք իրականացնել: Այն, ինչ ասել է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, ամբիցիոզ նպատակ է, բայց թերեւս փոքր-ինչ ավելի ամբիցիոզ է, քան իրականությունը կարող է թույլ տալ»:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՈՉ ԹԵ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ, ԱՅԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ»
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը մոսկովյան հռչակագրի վերաբերյալ
Հանդիպումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանի եւ Հայաստանի` քաղաքական
մեթոդներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ
դիրքերը հստակեցնելու փորձ՝ այդ թվում հաշվի առնելով նաեւ ս.թ. օգոստոսին
հայտնի իրադարձություններից հետո տարածաշրջանում փոփոխված իրավիճակը: Անցած տարիների կարգավորման գործընթացը ցույց տվեց, որ բանակցությունների արդյունավետության համար պակասում է շահագրգիռ կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքին լրիվությամբ համապատասխանող կայացած պետություն:
Եթե Ադրբեջանը իսկապես շահագրգռված է հակամարտության կարգավորման մեջ, ապա
վաղուց պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ նստեր բանակցային
սեղանի շուրջ, այլ ոչ թե տարբեր միջազգային ատյաննե Ամեն դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախ կարգավիճակը եւ դրանով իսկ պայմանավորված ժողովրդի անվտանգությունը ԼՂՀ քաղաքականության բացարձակապես փոխկապակցված հիմքերն են:
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ. «15 տոկոսն այն տարածքների, որոնց վրա հռչակվել է ԼՂՀ-ն, ցայսօր զավթված է մնում Ադրբեջանի կողմից»
Հարկ է նշել, որ միջազգային իրավունքում պետության ճանաչումը ինքնաբերաբար չի նշանակում սեփական հռչակված սահմանների ճանաչում: Համաշխարհային փորձը վկայում է, որ սահմանակից երկրների միջեւ տարածքային սահմանազատումը կարող է լուծվել միայն ու միայն միմյանց պետական անկախության ճանաչման դեպքում: Առանց կողմերի միջազգային իրավասուբյեկտության եւ պետական անկախության ճանաչման տարածքային սահմանազատման հարցերի լուծման ցանկացած փորձ իրավաչափ չէ:
Ես գտնում եմ, որ պիտի խոսվի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի
Հանրապետության միջպետական սահմանի հստակեցման մասին, իսկ ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի
միջեւ դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանների զատման հարցերով
միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը հնարավոր է Ադրբեջանի կողմից Արցախի
պետական անկախության ճանաչման դեպքում միայն:
Ոչ առանց ԼՂՀ-ի
Վերջինս նաեւ հայտարարել է,
որ եթե որեւէ երկիր փորձում է հանդես գալ որպես միջնորդ,
ապա այդ միջնորդությունը պետք է ուղղված լինի միայն պատերազմ չսկսելու
մասին պայմանագրի կնքմանը:
«Մնացած
հարցերում Ադրբեջանի հետ պետք է բանակցի Ղարաբաղը:
Իսկ Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անկախության եւ անվտանգության
երաշխավորը»,-
ասել է Արմեն Սարգսյանը:
Դաշնակցական պատգամավորը հավելել է նաեւ,
թե Հայաստանը Ադրբեջանի հետ կարող է հանդիպել միայն մի նպատակով՝ հաջորդ
հանդիպմանը ԼՂՀ-ի
մասնակցությունը պատրաստելու համար:
Սկսել երկրորդ խաղակեսը՝ ճանաչելով առաջին խաղակեսի արդյունքները Հոկտեմբերի 27-30-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական քաղաքացիական ֆորում, որի թեման էր «Եվրաինտեգրումը՝ որպես ղարաբաղյան հակամարտության փոխակերպման (տրանսֆորմացիայի) հնարավոր մեխանիզմ»: Ֆորումը, որին մասնակցել են նաեւ ԼՂՀ ներկայացուցիչները, կազմակերպվել է International Alert միջազգային կազմակերպության ծրագրերի շրջանակներում: Տեղեկության կարգով նշենք, որ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում արդեն մի տարի է, ինչ իրականացվում է եվրաինտեգրման ուղղություն ունեցող ծրագիր: Ծրագրի շրջանակներում մեզ մոտ անց է կացվել լրագրողների համար թրենինգ, պարբերաբար դիտարկվում էին տեղական լրատվամիջոցները՝ պարզելու համար, թե որքանով են ղարաբաղցիները հետաքրքրված եւ տեղեկացված եվրոպական թեմաներից: Իսկ այս տարվա մայիս-հունիսին ծրագրի շրջանակներում կայացել են քննարկումներ Հադրութում եւ Մարտակերտում, ապա նաև Ստեփանակերտում՝ պետական եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Սակայն Բրյուսելում գրեթե չխոսվեց եվրաինտեգրման մասին:
Ավելի ճիշտ,
բոլորն ընդգծել են,
որ եվրաինտեգրումը կարող է մերձեցնել հակամարտող կողմերին,
քանի որ դրանցից ոչ ոք չի հրաժարվում եվրոպական ուղղությունից:
Դրա հետ մեկտեղ,
սակայն,
նշվեց,
որ նույնիսկ եվրաինտեգրումը հնարավոր է հակամարտության քաղաքական լուծումից
հետո միայն:
Այդ իսկ պատճառով հիմնական շեշտը ֆորումի ժամանակ դրվել է հենց
հակամարտության լուծման ուղիների վրա:
Ընդ որում,
այն արվել է Հյուսիսային Օսիայում օգոստոսին տեղի ունեցած
իրադարձությունների եւ դրանց հետևանքով փոփոխված տարածաշրջանի ֆոնի վրա:
Ֆորումի մասնակից բավականին հեղինակավոր ադրբեջանական փորձագետներ,
ինչպիսիք են Էլդար Նամազովը,
Ռասիմ Մուսաբեկովը և Իլգար Մամեդովը,
բավականին հստակ ներկայացրեցին իրավիճակը:
Օրինակ,
Ռ.
Մուսաբեկովը նշեց,
որ տարածաշրջանում ավելացել են հակամարտությունները ռազմական հարթություն
տեղափոխելու հնարավորությունները,
և թեկուզ Ալիեւը դադարել է ռազմական լուծման մասին հայտարարություններ
անելուց,
փաստ է,
որ Մինսկի խմբի աշխատանքները կաթվածահար են եղել,
եւ Մոսկվան անպայման կակտիվանա:
Հայաստանյան փորձագետ Կարեն Բեքարյանի կարծիքով,
տարածաշրջանում հնարավոր են գործընթացներ,
որոնք ուղղված կլինեն Իրանի մեկուսացմանը եւ ղարաբաղյան խնդրում որեւէ
կողմի մենաշնորհի հաստատմանը:
Ադրբեջանցի պատմաբան Իրադա Հուսեյնովայի կարծիքով,
փոխվել է նաեւ Հայաստանը,
որի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը
առաջարկվող մադրիդյան սկզբունքները անվանել է կապիտուլյացիոն:
Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Գեորգի
Սահակյանը նկատել է,
որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել,
եւ չնայած խաղաղ կարգավորման մասին հայտարարություններին՝ Ադրբեջանը
շարունակում է սպառազինության մրցավազք հրահրել:
«Այդ
ծավալի զենքն ու զինամթերքը,
միեւնույն է,
իրենց ցույց են տալու տարածաշրջանում»,-
նկատել է Գ.
Սահակյանը:
Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Ավազ
Հասանովն ասել է,
որ իր երկրում որպես ստատուս-քվոյի
դրական կողմ նշում են կրակի դադարեցումը,
սակայն գտնում են,
որ այդպես հավերժ չի կարող շարունակվել:
Ստեփանակերտի
«Ռեսուրս»
կենտրոնի տնօրեն Իրինա Գրիգորյանն էլ,
ներկայացնելով փորձագետների եւ հանրության հարցման արդյունքները,
նշել է,
որ ստատուս-քվոն
Ղարաբաղում ընկալվում է որպես տարածաշրջանային կայունության պահպանման միակ
միջոց:
Նա ասել է,
որ ղարաբաղցիների կարծիքով,
ստատուս-քվոյից
դուրս գալու միակ
«անարյուն»
ձեւը կլինի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը:
Փիտեր Սեմնեբին նշել է,
որ վրացական իրադարձությունները ցույց են տվել ստատուս-քվոյի
անկայունությունը:
«Վրացական
պատերազմը ցույց է տվել հակամարտությունների
ոչ մեկուսացված լինելը,
դրանց համալիր բնույթը:
Եվ նկատի ունենալով այդ հանգամանքը՝ մենք պետք է ընդլայնենք ստատուս-քվոյի
համատեքստը եւ ընկալենք հակամարտությունները տարածաշրջանային տեսադաշտում»,-
ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Նա նշել է,
որ գոյություն ունի նոր սառեցման վտանգ:
Կլինի՞ արդյոք նոր սառեցում, թե՞ այս անգամ միջնորդներին «կհաջողվի» կոտրել ստատուս-քվոն: Դա ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, տխրահռչակ Միջազգային ճգնաժամային խումբը, որի զեկույցներով միջնորդները հասարակության մեջ են մտցրել կարգավորման սկզբունքները, չի պատրաստում նոր զեկույց: Դրա մասին «Դեմո»-ին ասել է ՄՃԽ խորհրդատու Մագդալենա Ֆրիչեւան: «Պետք է ոչ թե ռազմական ավանտյուրաներով զբաղվել, այլ վստահություն կառուցել»,- ընդգծել է նա: Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը հանրության մի մասին հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանը արդեն զիջել է ազատագրված տարածքները եւ նույնիսկ արդեն հանձնել է Ղարաբաղը: Թե հռչակագրի հատկապես որ դրույթն է տվել այդօրինակ մտահոգության տեղիք, թերեւս այդքան էլ հստակ չէ, բայց խնդիրն այն է, որ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը փաստացի չի պարունակում որեւէ նոր բան, որ կարող է նկատվել հակամարտության կարգավորման գործընթացի եւ, մասնավորապես, Հայաստանի իշխանության դիրքորոշման առումով: Հետեւաբար, եթե կա մտահոգություն, որ Հայաստանի իշխանությունը տվել է հողերն ու Ղարաբաղը, ապա այդ մտահոգությունը պետք է որ լիներ շատ ավելի վաղ, քան Մոսկվայի հռչակագիրը, քան Սերժ Սարգսյանի նախագահությունը, եւ գուցե ավելի վաղ, քան Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը: Հողերը եւ Ղարաբաղը հանձնելու մտահոգության հիմքը պետք է լիներ ոչ թե Մոսկվայի հռչակագիրը, այլ, ասենք, ազատագրված տարածքները գեներալների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների համար մաքսազերծված կալվածքների վերածելը: Հողերը եւ տարածքները հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ ոչ թե Մոսկվայի հռչակագիրը, այլ, ասենք, Ղարաբաղում ուռա-պատրիոտական ընտրություններ անցկացնելն ու ընդդիմության եւ այլակարծության վերջին նշույլները վերացնելը, երբ աշխարհում թերեւս միայն երկու երկրում են 88 տոկոս ձայնով նախագահ դառնում` Ադրբեջանում եւ Ղարաբաղում, մեկ էլ գուցե Վենեսուելայում: Հողերը եւ Ղարաբաղը հանձնելու մտահոգության հիմք պետք է լիներ Հայաստանի ներքին կյանքի, հասարակական եւ քաղաքական հարաբերությունների, իշխանության ձեւավորման մեխանիզմը, որ արդեն մոտ մեկուկես տասնամյակ է, ինչ հաջողությամբ աշխատում է Հայաստանում եւ բարեխղճորեն վաճառվում արտասահմանում: Երբ այդ ամենից մտահոգությունն ավելի քիչ է լինում, քան, ասենք, որեւէ համանախագահի հայտարարությունից կամ հենց որեւէ ընդունված բանաձեւից ու ստորագրված հռչակագրից, ապա այդ մտահոգության արժեքը կամ, ավելի շուտ, կշիռը գրեթե զրո է: Ղարաբաղի հարցը, տարածքների հարցը, Ղարաբաղի անկախությունն ու Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը վճռվում են ոչ թե Մոսկվայում, ոչ թե հռչակագրով, բանաձեւով կամ որեւէ այլ ձեւով, այլ Հայաստանում եւ Ղարաբաղում կառուցված պետությունների որակով: Եթե որեւէ մեկին հետաքրքրում է Ղարաբաղի ճակատագիրը, անվտանգությունը, ապա այդ մարդը պետք է առաջին հերթին հետաքրքրվի Հայաստանի եւ Ղարաբաղի պետականությունների որակով: Կասկածից վեր է, որ մոսկովյան հռչակագիրը ոչինչ էլ ավելի չի ենթադրում տարածքները հանձնելու կամ Ղարաբաղը զիջելու առումով, քան առկա է մինչեւ այժմ: Հռչակագիրն իրականում ոչ մոտեցնում, ոչ էլ հեռացնում է այն վտանգը, որ կա Ղարաբաղի եւ տարածքների հարցում: Այդ վտանգը ներքին այն քաղաքականությունն է, որ Հայաստանում անփոփոխ է արդեն մոտ մեկուկես տասնամյակ եւ արդեն մի քանի տարի է, ինչ սկսել է ներառել նաեւ Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղի հարցում բոլոր զարգացումներն ընդամենը այդ ներքին քաղաքականությունից ստեղծված իրավիճակի հետեւանք են, որոնք իրենց ամբողջ ծանրությամբ չեն իջնում մեզ վրա միայն այն պարզ պատճառով, որ համընկնում են ոչ բոլոր միջնորդների շահերին:
Ջեյմս ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՊԱԹԵՏԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻՆ ՉԵՆ «Դեմո»-ի 17-րդ համարի (2008 թվականի հոկտեմբերի 15) 3-րդ էջի հոդվածները կարդալով՝ չկարողացա մնալ պասիվ ընթերցողի դերում: Ղարաբաղյան խնդրի գերքաղաքականացումը ավելորդ անգամ ապացուցում է, որ խոշոր տերությունները գործում են՝ առաջնորդվելով բացարձակապես սեփական շահերով: Ժողովրդավարական ազատություններ, մարդու եւ անհատի իրավունքներ շեփորահարող երկրներն իրենց պարագլուխներով բութ համառությամբ չեն ուզում նկատել իր ազատության համար պայքարող ժողովրդին: Ինչեւէ, ստիպված ենք գործ ունենալ եղածի հետ: Բայց ափսոս, որ մեզանում ցայսօր չկա ուժերի այս դասավորվածության մասին պարզ պատկերացում: Տարվում է քաղաքական պայքար, եւ միանգամայն պարզ պիտի լինի, որ կողմերը դիմելու են ամենավսեմ գաղափարներով քողարկված անազնիվ միջոցների, միայն թե հասնեն իրենց նպատակին: Նման անազնիվ մեթոդ է առաջին հերթին Աբդուլա Գյուլի տված հարցազրույցը, որտեղ խոսվում է հողերի հանձնման մասին£ Իհարկե, հատկանշական է, որ տարածքների հանձնման մասին լուրն առաջինը տարածել է Թուրքիայի նախագահը: Եվ շատ ափսոս, որ մեզանում դեռ կան մարդիկ, որոնք հավատում են թուրքին եւ ենթարկվում նրա սադրանքներին:
Հայաստանի ղեկավարությունը իր համար ոչ շահեկան,
անհավասար դիրքերից քաղաքական պայքարի մեջ է ավելի ուժեղների հետ:
Միամտություն կլիներ ակնկալել անզեն աչքով տեսանելի դիրքափոխություններ:
Շահեկան դիրք ձեռք բերելու համար կպահանջվեն հնարավոր եւ անհնար
ճկունություն,
դիվանագիտական հմտություն,
ինչը եւ անում է Ս.Սարգսյանը:
Համոզված եմ,
որ ամեն ինչ գտնվում է ընթացքի մեջ,
և ոչ մի վերջնական պայմանավորվածություն չկա:
Միանշանակ,
պաթետիկ հայտարարությունները նման բարդ իրավիճակում տեղին չեն:
Ընդսմին, ցավում եմ, որ կա ղարաբաղցի, ում մոտ դեռեւս համոզմունք չի դարձել, որ կա մեկ ԼՂՀ՝ 2006 թվի դեկտեմբերի 10-ի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններով: Ուրիշ ԼՂՀ չկա, եւ լրացուցիչ պարզաբանումներն ու մեկնաբանություններն ավելորդ են: Սույն կարծիքս առանձնակի բացահայտում չի պարունակում: Ավելին, ես չեմ կարծում, որ «Դեմո»-ի խմբագրությունում աշխատում են քաղաքականությանը բոլորովին անտեղյակ անձինք: Սակայն մեծ խանդավառությամբ կկասկածեի, քանի որ մտորումներս առ այն, թե ինչ տրամաբանություններ են մշակում հոդվածների հեղինակները, բերում են ինձ ոչ ցանկալի, անկեղծորեն ասած, ցավալի եզրահանգումների: Գայանե ԲԱԽՏԱՄՅԱՆ
հասարակություն ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՆ ՏՐՎՈՒՄ, ԻՍԿ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ՍԽԱԼՎԵԼ ''Ордена людьми даются, а люди могут ошибаться!''
Շատերն են գտնում, որ մեզ մոտ՝ Արցախում, հենց այնպես, մի նայվածքով են բաշխվում պետական բարձր պարգեւները: Արցախյան մեր ազատամարտի շատ հերոսներ են արժանացել հերոսի կոչման, շքանշանների ու մեդալների: Եվ եթե կան դեռեւս (իսկ հավանական է՝ դեռ կան), Աստված թող զորավիգ լինի նրանց հավուր պատշաճի եւս ըստ արժանվույն գնահատվելու համար: Բայց կան նաեւ այս գործի ընթացքից դժգոհ լինելու պատճառներ: Ամենից առաջ, չափազանց նեղ են այն շրջանակները, որոնք ընդգրկված են այդ ոլորտում: Առնվազն վերջին տարիներին դժվար է հիշել մի դեպք, երբ պարգեւի արժանացած լինի բանվոր կամ գյուղացի, այսինքն՝ նրանք, ովքեր հասարակության իրական հենասյուներն են, մարդիկ, ովքեր բերք ու բարիք են արարում մեզ համար: Ես (եւ երեւի շատերը) զույգ ձեռքս կբարձրացնեի, օրինակ, որ կոչում, շքանշան կամ մեդալ ստանա մեր հաջողակ ֆերմերը, այն տրակտորիստը, որ հողը մշակում է խղճով ու որակով: Սա մյուսներին կոգեւորի՝ բարձրացնելու իրենց որակավորումը: Թող չքմծիծաղեն, թե հիմա սեփականաշնորհված է ամեն ինչ, ուստի, իբր, նման առաջարկը տեղին չէ: Ո°չ, տեղին է, հարցի ճիշտ դրվածքի դեպքում ձևը կարելի է գտնել, ի վերջո, հո երկրի ապագան է՞լ չեն մասնավորեցրել: Վերջին տասը տարում երկու անգամ՝ 2003-ին եւ այս տարվա հուլիսին, առաջին անգամ՝ 80, երկրորդ անգամ 85-ամյա իր հոբելյանները տոնեց տասնամյակներ շարունակ միամորիկ թերթը՝ «Խորհրդային Ղարաբաղը», այսօրվա մեր «Ազատ Արցախի» նախորդը: Բայց տոնեց ոչ թե մեր հանրությունը, այլ խմբագրության կոլեկտիվն ինքը՝ մեն-մենակ: Մեր բարձրաստիճան ղեկավարները բավարարվեցին միայն շնորհավորանքներով: Առանձին անհատների համար հոծ դահլիճներում, հանրապետության ղեկավարների մասնակցությամբ շքեղ երեկույթներ, ցերեկույթներ են անցկացվում, մինչդեռ մայր թերթի կոլեկտիվն ուշադրության չարժանացավ: Ճիշտ է, առաջին անգամ երկրի այն ժամանակվա նախագահը՝ Արկադի Ղուկասյանը, երեւի հիշելով, որ ինքն էլ եղել է մեր կոլեկտիվի անդամներից մեկը, թերթի խմբագրի տեղակալը, ներկայացավ «Ազատ Արցախի» խմբագրություն, շնորհավորեց կոլեկտիվին 80-ամյա հոբելյանի առթիվ, մասնակիցը եղավ այդ առթիվ գցված սեղանին, ջերմ ու սրտալի խոսքեր ասաց իր նախկին գործընկերներից ոմանց մասին եւ, որ կարեւոր է, խոստացավ ինչ-որ գործուղումից վերադառնալուց հետո շուքով, հանդիսավորությամբ եւ արժանավայել խնջույքով նշանավորել թերթի կարեւոր տարեդարձը: Գնա՞ց գործուղման, թե՞ չէ՝ այդ չիմացանք, բայց որ իր խոստումը չկատարեց, այս իմացանք ու իմացանք: Գտնում եմ, որ այս ամենի մասին գրում եմ օրինական իրավունքով: Իմ աշխատանքային գործունեության գերակշիռ մասը ես նվիրաբերել եմ «Խորհրդային Ղարաբաղին»: Ես նրա աշխատակիցը, ավելի ճիշտ՝ աշխատանքով բոլորից շատ ծանրաբեռնվածն էի, այսինքն՝ պատասխանատու քարտուղարը, երբ ձեռքի շարվածքով էր գլուխ գալիս թերթի լույսընծայումը: Ընդհատվում էր էլեկտրաէներգիայի մատակարարումը, օրվա համարի հերթապահն ու ես ձեռքով էինք պտտում տպագրիչ մեքենայի թափանիվը եւ եթե գիշերվա ժամը 2-3-ին էինք վերջնագծին հասցնում ամեն ինչ, մեզ բախտավոր էինք համարում: Հետո գլխավոր խմբագիրն էի: Թող չստեղծվի այն տպավորությունը, որ ես շքանշան կամ մեդալ եմ մուրում: Ես ցավում եմ սոսկ իմ այն գործընկերների համար, ովքեր այսօր մոռացված, տեսադաշտից դուրս են: «Խորհրդային Ղարաբաղը» մեր ժամանակներում ԽՍՀՄ-ում միակ հայատառ թերթն էր, որում հազարից մի անգամ էին տառասխալների հանդիպում: Եվ դա՝ շնորհիվ մեր վերահսկիչ սրբագրիչի՝ Գերասիմ Հովսեփյանի: Անմոռանալի մեր ընկերը նաեւ շնորհալի բանաստեղծ էր՝ ավա¯ղ, այսօր մոռացված: Նրա երբեմնի գործընկերները վերջին երկու-երեք տարում, մինչեւ վերջ քրքրելով իրենց արխիվները, հասցրել են տպագրել 5-7 հատորներ, մինչդեռ Գ. Հովսեփյանից բրոշյուր անգամ լույս չի ընծայվել: Երկարամյա եւ ազնիվ վաստակի տեր իմ այլ գործընկերների էլ կարող եմ հիշատակել, բայց բավարարվեմ միայն մեկով: Խոսքս Հովհաննես Արզումանյանի մասին է, ով «Խորհրդային Ղարաբաղի» գլխավոր խմբագրի ծանր, հալումաշ անող պաշտոնը վարել է ոչ ավել, ոչ պակաս 18 տարի: «Գինեսի» մրցանակին նեկայացնելու արժանի թեկնածու: Մանավանդ որ նա Մեծ Հայրենականի հաշմանդամ է, ճակատում որպես սպա եղել է կյանքի համար ամենից վտանգավոր դերում՝ վաշտի հրամանատար: Մի փոքրիկ պարգեւն էլ, կարծում եմ, կուրախացներ նրան, կառույգացներ, մանավանդ՝ մի քանի տարի է, ինչ գամված է անկողնուն: Մի կարեւոր հարց եւս: Կար ժամանակ, երբ մամուլում հրապարակված քննադատական ամեն մի խոսք արժանանում էր ուշադրության, մեղավորները պատասխանատվության էին ենթարկվում: Այլ է հիմա վիճակը: Հիշում եմ, այս տարվա սկզբին Շահմասուրի գյուղապետը ՀՅԴ «Ապառաժ» թերթի միջոցով ահազանգեց՝ կործանվում է գյուղը, 56 ընտանիքից 28-ն են մնացել: Գրում եւ խնդրում էր արտահոսքի ճանապարհը փակելու համար օգնել գյուղում ստեղծելու որեւէ արտադրամաս: Բայց... ձայն բարբառո հանապատի: Մնում է եզրակացնել, որ մեր իրավասու պաշտոնյաները կա°մ թերթ չեն ընթերցում, կա°մ գլուխները ցավեցնել չեն ուզում: Եվ ինչո՞ւ ցավեցնել, երբ ճիշտ ժամանակին ստանում են հասանելիք աշխատավարձը, տակներին էլ, փառք Աստծո, ծառայողական մեքենան կա ու կա՝ առոք-փառոք կյանք վարելու համար: Ինձ՝ որպես լրագրողի, շատ են անհանգստացնում մեր մայրաքաղաքի շենքերի պատերին ամսեամիս ավելացող տագնապիչ ազդերը՝ "срочно продаем квартиру": Մամուլում ահազանգեր եղել են այդ մասին, ինքս էլ արձագանքել եմ դրան իմ հրապարակումներից մեկում: Սակայն մեր պաշտոնյաներից չգտնվեց մեկը, որ հետաքրքրվեր, թե ինչու այդքան աճում է տնավաճառների թիվը: Ինքս այն համոզմանն եմ, որ մարդիկ դժգոհ են ոչ միայն ապրուստից, այլև սոցիալական անարդարությունից, իրենց նկատմամբ անտարբեր վերաբերմունքից: Կա նորահնար ասացվածք՝ հասարակության հասունությունը բնորոշվում է նրանով, թե շքանշաններ եւ այլ պարգեւներ ստացողների ո°ր մասն է արժանի դրանց: Այլապես՝ որքան շատանում են պրոբլեմները, այնքան ավելանում է պարգևներ ստացողների թիվը: Անարժան ստացողներինը՝ հատկապես: Ու արժեզրկվում է շքանշանն ինքը, արժանիներն էլ մի տեսակ են ընդունում դրանք, քանի որ նույնից անարժաններն էլ ունեն: Մի մշակութային հիմնարկ ունենք, որի բոլոր անդամները վաստակավոր են: Դե արի ու լավը վատից ջոկիր... Եղիշե ՍԱՐԳՍՅԱՆ
Իմ առաջին նամակը (տե°ս էջ 1 - խմբ.) դեռ չտպագրված՝ դեպքերը նոր զարգացում ստացան: Այգեստան ժամանեց ԼՂՀ վարչապետի կողմից ուղարկված հանձնաժողովը՝ հարցը տեղում ուսումնասիրելու համար: Թե ինչ եղավ հանձնաժողովի հեռանալուց հետո... Դա մի հին ու ծանոթ պատմություն է, որը կոչվում է ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ «Շատ մեղր ուտելը լավ չէ, ,իր պատիվը որոնելը պատիվ չէ»: (Առակաց, գլուխ ԻԵ, 28) ԼՂՀ նախագահին այգեստանցիների դիմումի պատասխանը երկար սպասել չտվեց: Գյուղաբնակները, որ հավաքվել էին ԼՂՀ վարչապետի կողմից ուղարկված հանձնաժողովին անձամբ հաստատելու իրենց դիմումն ու խնդրանքը, շատ զարմացան, որ իրենց հետ ոչ միայն զրուցում են (քանի տարի է՝ կիրթ պաշտոնյա չեն տեսել), այլեւ նույնիսկ լսում, ընդ որում՝ զրուցելիս էլ խոսում են ցա ծրաձայն՝ կարծես զգալով, որ մարդկանց թմբկաթաղանթները վաղուց են բորբոքվել ղեկավարների սին ճարճատյուններից: Առաջարկություններ խնդրեցին, ինչին ի պատասխան՝ գյուղացիները հաճությամբ առաջարկեցին, իսկ նրանցից մեկը (կարծեմ Գասպարյան էր ազգանունը) զայրույթով դուրս քշեց այծերը գյուղի՝ փարախի վերածված երկհարկանի շենքի ավերակներից: Հրաժեշտից առաջ հանձնաժողովը, արդարացի համարելով մարդկանց բողոքը, խոստացավ այն ներկայացնել անկողմնակալ: Չուշացավ նաեւ Հադրութի վարչակազմի պատասխանը դիմում-բողոքին: Չանցած մի շաբաթ՝ գյուղապետի ուղեկցությամբ գյուղապետարան մտան երկու ոստիկան ու մի քանի օր շարունակ հարցաքննեցին դիմումը ստորագրողներին, մոտավորապես այսպես՝ «գիտե՞ք, թե ինչ եք ստորագրել», «ովքե՞ր են կազմակերպիչները», «ովքե՞ր են տարածել դիմումը ժողովրդի մեջ»: Ցավագնորեն ծանոթ պատմություն է, չէ՞... Մարդիկ տարակուսած են՝ ինչո՞ւմ է իրենց սխալը, ինչո՞ւ են իրենց ենթարկում ստորացուցիչ հարցաքննության: Նախքան հանրապետության նախագահին դիմելը նրանք բազում անգամ դիմել են տեղական իշխանություններին, բայց դիմումները միշտ մնացել են արհամարհված ու անպատասխան, շրջվարչակազմի կողմից այգեստանցիների հանդեպ խախտված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաեւ անարգվել են մարդկանց սահմանադրական իրավունքները՝ նրանց կյանքի համար ստեղծելով մարդկային կյանքի համար հույժ վտանգավոր միջավայր, ավելին՝ Աստված մի արասցե, համաճարակի բռնկման դեպքում այն չի խնայի նույնիսկ Հադրութին: Իսկ փոքր տրամաչափի ղեկավարները շարունակում են «մշակել» ստորագրողներին՝ «գյուղապետարանի աշխատակից լինելով՝ ինչպե՞ս եք ստորագրել մեր ղեկավարի հասցեին վիրավորական դիմում, կարո՞ղ է ուրիշ աշխատանք եք ճարել»: Ցավով ու ափսոսանքով ես ընթերցում պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց «բացատրությունը» ոստիկանությանը: Մարդիկ, ովքեր, վախենալով վտանգել իրենց հանապազօրյա մի կտոր չոր հացը, ստրկամտորեն իրենց «մի խումբ սրիկաների կողմից» խաբվածի դեր են հատկացնում, սրիկաներ, ովքեր «վիրավորել են մեր ղեկավարներին» (կոմունիստական բարքերի վերակենդանացման դասական ձեւ): Ակամայից հիշում ես Գարեգին Նժդեհի խոսքերը. «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկը ազատության մեջ ու գարշեցի մարդուց»: Պարզվում է, որ «մեր ղեկավարներին վիրավորող» տողերը եղել են նախագահին ուղղված դիմումի «առաջին նախադասության մեջ», ինչպես բացատրել է ոստիկանը: Այդ «վիրավորական տողը» ներկայացնում ենք ընթերցողնին. «... հաշվի առնելով մեր ագրարային շրջանի ոչ պատշաճ տնտեսական վիճակն ու ղեկավարությունը...»: Ահա թե որտեղ է թաղված... Իհարկե, եթե շրջանի՝ ռուսական կրթությամբ ղեկավարն ունենար հայերենի իմացության պատշաճ մակարդակ, կամ էլ շրջվարչակազմում գտնվեր մեկը, որ պատշաճ (կամ՝ ըմբռնելի, հասանելի, «դոստուպնի») ձեւով բացատրեր նրան, որ «պատշաճ» բառը հոմանիշ չէ որեւէ վիրավորական բառի, ապա միգուցե ղեկավարն էլ չսկսեր կոմունիստական ժանդարմական հասարակարգից ժառանգած իր վհուկորսը Այգեստանի մտավորականության դեմ: Նրանց անհնար է ստրկացնել, ինչը, ցավոք, չի կարելի ասել ընտրություններով հաստատված համայնքի ղեկավարի մասին, ով քիչ դեր չի խաղացել համագյուղացիներին ահաբեկելու չեղյալ վիրավորանքի համար՝ դառնալով բարձր տրամաչափի իշխանավորների կամակատարը: Գուցե դա էլ ապրելու ձեւ է (Աստված նրա հետ): Մենք պատրաստ ենք աղբանոցի փակման հետ մեկընդմիշտ փակել այգեստանյան այս շարքը: Բայց աղբանոցն օրըստօրե ավելի է մոտենում գյուղի տներին: Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ «ՄԵԾ ԱՂԲԱՆՈՑ»
Այժմ, երբ նայում ես մեր թաղամասը շրջապատող խանութներին, ակամայից հիշում ես Ավետարանի հետեւյալ խոսքերը. «Նոր շորը չեն կարում հին շորի վրա, դրանից պատռվածքը ավելի մեծ է լինում»: Իսկապես, այդ խանութները նոր կարկատանների պես են մեր հին թաղամասի կողքին, որովհետեւ մեր թաղամասի տները շատ հին են եւ ուր որ է փլվելու վրա են, հատկապես փայտաշեն երկհարկանի շենքը, որտեղ էլ նախկինում բնակվում էր Սերգեյ Շահվերդյանը: Այն կողքից արդեն փլվում է, բայց չնայած շենքի փլվելու վտանգին՝ նա ոգեւորությամբ ու հպարտությամբ է պատմում այդ թաղամասի մասին, որովհետեւ այդտեղ է ծնվել ու մեծացել: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ սովորաբար տեսնում են միայն շենքի քարե կամարներն ու փայտահիմնվածքները ու չեն նկատում այդ թաղամասում բնակվող մարդկանց վիճակը, մարդիկ, ովքեր արդեն գտնվում են անճար ու անհույս վիճակում, քանի որ այդ թաղամասը ոչ քանդում են, ոչ էլ կարգի բերում: Հնություն համարվող այդ փայտաշեն երկհարկանի շենքում, ասում են, մի կուլակ էր ապրում, իսկ մեր տները, որտեղ ես եմ բնակվում, այդ կուլակի ձիանոցն էր: Հետագայում՝ սովետական կարգերի օրոք, այդ ձիանոցը տվել են մարդկանց՝ որպես կացարան: Դա են վկայում տարբեր տեսակի միջատները, որոնք պատճառ են դարձել, որ մի քանի անգամ դեզինֆեկցիա անեմ տունս: Այդ տների անբարենպաստ վիճակից ելնելով՝ մարդիկ սկսել են նոր «կարկատաններ» անել: Օրինակ, իմ դիմացի հարեւանը նոր «բալկոն» է կառուցել, որպեսզի իր երեխաները արեւի երես տեսնեն ու աղմուկով լցնեն շրջապատը: Մյուս հարեւանս անընդհատ փռշտում է՝ ամառ լինի, թե ձմեռ: Ալերգիկ է դարձել տան խոնավությունից: Տանս հետեւում ապրող հարեւանս իր մյուս հարեւանի տան հետեւում բաղնիք է կառուցել, իսկ իմ տան պատին անմիջապես կպած՝ «կուխնի», դրանով չի բավարարվել, փակել է իմ տան միակ օդափոխող անցքը: Էլ չեմ ասում, թե ինչքան է քաշքշել իմ տան կտուրը ծածկող թիթեղները, ինչի հետեւանքով անձրեւը կաթկթում ու ավելի է խոնավացնում մեր տան պատերը: Դիմացի հարեւանիս նոր կառուցած «բալկոնը» ծածկող կտուրից ձմռանը սառցե լուլաներ են կախվում, որոնք հալելով լցվում են իմ բակը՝ առաջացնելով սառցադաշտ, որտեղով անցնելը վտանգավոր է դառնում: Թաղամասի հենց կենտրոնում աղբի կույտ է կուտակվել, որից ելնելով էլ այս թաղամասը կարելի է անվանել «մեծ աղբանոց»: Որովհետեւ թաղամասի բնակիչները նույնպես «աղբ» են համարվում, քանի որ նրանց բողոքները ոչ ոք չի լսում: Միայն նկատում են շենքի գեղեցիկ կամարները: Մեր թաղամասը ոչ ոք չի սրբում, անգամ հավաքարար չեն հատկացնում, ասում են՝ ձեզ չի հասնում, դուք պիտի սրբեք: Իսկ թաղամասը շրջապատող խանութները կարծես կարկատաններ լինեն, որոնք ավելի են ազդում թաղամասի բնակիչների նյարդերի վրա, որովհետեւ դրանք քողարկում են թաղամասի հին լինելը ու մարդկանց «հին» վիճակը: Որպես մայրաքաղաքի բնակիչ՝ Ստեփանակերտ քաղաքի 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ համաքաղաքացիներիս տոնը ու ցանկանում եմ, որ «մեծ աղբանոցի» տեղը նոր շենքեր կառուցվեն, կամ դրանք նորոգվեն, որպեսզի ոչ մի խոնավ ու խարխլված տուն սոսկ հնություն չհամարվի, որպեսզի չվտանգվի Արցախի բնակչության առողջությունը: Խոնավ, ոչ բարենպաստ պայմանները պատճառ են հանդիսանում զանազան հիվանդությունների առաջացման: Իմ հարեւանները բոլորն էլ լավ մարդիկ են. իրենց պայմանները մի քիչ լավացնելով՝ նրանք նեղություն են տալիս մյուսներին, բայց, միեւնույն է, ես նրանցից չեմ նեղանում, քանի որ ամեն մարդ ստիպված է ինքն իր գլխի ճարը տեսնել: Շատ լավ է, որ տուրիստներ են գալիս մեր քաղաքը, Սերգեյ Շահվերդյանը նրանց ցույց է տալիս հին ու նոր Ստեփանակերտը: Ես ապրում եմ հին Ստեփանակերտում: Բայց եթե այս հին թաղամասը որպես թանգարան են պահում, ապա լավ կլինի, որ մարդ չբնակվի այնտեղ: Մարդը հնություն չէ, որ թանգարանում ցուցադրվի: Հետեւաբար, խնդրում եմ մեր պետությանը, որ մեզ թանգարանի նմուշ չհամարի, չէ՞ որ մարդ ենք ու լավ ապրելու իրավունք ունենք: Առանց այն էլ մարդու կյանքը կարճ է: Խնդրում եմ՝ ինձ ճիշտ հասկանան Ս.Շահվերդյանն ու բոլորը: Իհարկե, հաճելի է հիշել մանկությունը, լսել մանկության հուշեր, տեսնել և ուրիշներին ցույց տալ հնությունները, գեղեցիկ կամարները: Այդ ամենը պետք է, իհարկե, այդ մարդիկ սիրում են իրենց քաղաքը և ուզում են ուրիշների համար էլ ընկալելի դարձնել այդ գեղեցկությունը, այդ մարդկանց համար թանկ է իրենց մանկության քաղաքը: Ինձ համար ևս թանկ է, ես ևս սիրում եմ իմ քաղաքը: Պարզապես զմայլվելուց բացի ուզում եմ մի առաջարկ անել: Լսել եմ, որ ուրիշ քաղաքներում հնությունների արտաքին տեսքն անպայման պահպանում ու խնամում են, բայց ներսն էլ պարտադիր փոխում ու նորացնում են: Այսինքն՝ անցյալն ու անցյալի հուշերը խնամքով պահում են արտաքին տեսքում, իսկ ներսն էլ՝ համապատասխանեցնում ժամանակին: Ասել է թե՝ մարդիկ ապրում են հնություն համարվող շենքում, բայց նորմալ, ժամանակակից պայմաններում: Հնություն ասելով չպիտի հասկանալ խարխուլ ու օրեցօր քանդվող շենք, որի ծերությունը չպիտի խանգարել: Ոչ, այնտեղ մարդիկ են ապրում, որոնք իրավունք ունեն լինելու ոչ միայն անցյալում, այլև ներկայում: Մարդիկ հնություն չեն: Մարիետա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ Ինչպես ցույց է տալիս փորձը, կառավարությունը ջանքեր է գործադրում, որ հարկատուների մոտ խաբեբաները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն: Հենց այդ նպատակով կիրարկվեցին հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ), հիմնականում՝ առևտրական կազմակերպությունների համար: Սակայն կարելի է ասել, որ դրանք ոչ լրիվությամբ են իրենց արդարացնում, եւ շատ բան թողնված է բնակչության հսկողության վրա: Բանն այն է, որ առեւտրականների մի մասը չի կատարում իր պարտականությունները, այն է՝ ամեն մի վաճառված արտադրանքի համար, լինի դա սննդամթերք, տնտեսական ապրանք, շինանյութ թե դեղամիջոց, առանց գնորդի պահանջի պետք է տրվի ՀԴՄ-ի կտրոնը: Մինչդեռ միշտ չէ, որ հենց այդպես էլ լինում է: Որպեսզի խաբելու հնարավորություն չլինի, առաջարկում եմ հետեւյալը: Օրինակ, խանութի ապրանքների փաստացի մնացորդը առ 01.01.08 թ. կազմել է 3 մլն դրամ, հունվար ամսում ձեռք է բերել 10 մլն դրամի ապրանք, ՀԴՄ-ով ցույց է տվել առեւտրի ծավալը հունվար ամսում 4 մլն դրամ: Մնացորդը առ 01.02.08թ. պետք է որ լինի 9 մլն դրամ: Ստուգմամբ եթե պարզվում է, որ փաստացի մնացորդը 2 մլն դրամ է, ուրեմն մնացած գումարը, որը կազմում է 7 մլն, վաճառվել է ՀԴՄ-ից դուրս: Ստացվում է, որ 4 միլիոնից հատկացրել է 100 հազար դրամ, սակայն նա պետք էր վճարեր առեւտրի հարկ եւս 7 մլն-ից, այսինքն՝ 175 հազ. դրամ թաքցրել է: Իմ առաջարկած տարբերակի դեպքում պետք է ամեն ամիս հաշվետվության հետ միասին ներկայացնել նաև խանութի ապրանքների մնացորդի քանակը եւ գումարը ըստ ապրանքատեսակների: Այս ճանապարհով կարող ենք անբարեխիղճ հարկատուների թիվը կրճատել եւ ավելացնել պետական բյուջեի եկամուտների մուտքերը: Եվս մի առաջարկ: 1994թ. ապրիլի 1-ին արժեզրկվեց նախկին խորհրդային ռուբլին, եւ ԼՂՀ ներմուծվեց հայկական դրամը: Այն անձինք, ովքեր ունեցել են մեծ գումարներ, դարձել են «չունևոր», կարելի է ասել, որ հավասարվել են գումար չունեցողների հետ, այսինքն՝ բոլորս հավասարվել ենք: Ուրեմն այդ ինչպե՞ս եղավ, որ կարճ ժամանակում հենց մեր Ղարաբաղում առաջ եկան նորաթուխ փողատերեր, չէ՞ որ նրանց եւս կարելի է դասել խաբեբաների ու գողերի շարքին: Ահա թե ինչու պետք է անցկացնել շենքերի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների գույքագրում՝ դրանց իրական տերերին հայտնաբերելու համար: Եթե գույքը գրանցված է որեւէ թոշակառուի կամ սակավատեր այլ անձի վրա, ապա պարզ է, որ նա չէ իրական տերը, քանի որ կենսաթոշակի գումարը չի հերիքում անգամ նվազագույն կենսական մակարդակն ապահովելու համար: Ուրեմն գույքը կա°մ ձեռք է բերվել գողությամբ, ապօրինաբար, կա°մ էլ նրա ծանոթ-բարեկամներից մեկն է նրա վրա գրել տվել: Հետաքրքիրն այն է, որ շարքային քաղաքացիները շատ բան գիտեն այդ ամենի մասին, քանի որ փոքր քաղաք է, բայց ահա պատասխանատու պաշտոնյաները չգիտեն ու չգիտեն: Գուցե ՀԴՄ-ի նման դա՞ էլ են թողել բնակիչների վրա: Եթե այդպես է, ապա ինչի՞ համար են պետական կառույցները, ինչո՞ւ ենք ընտրում նախագահ, պատգամավորներ, ձևավորում կառավարություն, որոնք էլ պարտավոր են հակահասարակական երեւույթները վերացնել: Եթե ժողովուրդը սկսեց զբաղվել վերը նշված արատների վերացմամբ, ապա մեր նորաստեղծ պետության վրա դա թանկ կնստի: Եվս մի փաստ, որը նպաստում է հարկերից խուսափելուն: Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ ներմուծելով ապրանք՝ խանութում սահմանվում է այդ վաճառվող ապրանքի նոր գին՝ ծածկելու համար արված ծախսերը: Ապրանքների թանկացումը դարձել է շարունակական, և երբ լսում են, որ սպասվում է թանկացում, իսկույն թանկացնում են խանութում, պահեստում գտնվող ապրանքները՝ մոռանալով, որ այդ ապրանքների ինքնարժեքը որոշված է, այդ ապրանքների վրա լրացուցիչ ծախս չի կատարվել: Իրականում թանկացումը կարող է վերաբերել ապրանքների նոր խմբաքանակին, բայց մեզ մոտ ո՞վ է հետևում դրան: Այսպիսի մի դեպք եմ հիշում: 1968թ. ԽՍՀՄ կառավարությունն ընդունեց մի որոշում կոլխոզների եւ սովխոզների համար, ըստ որի՝ նրանք, ովքեր թորում են օղի եւ վաճառում ինքնարժեքից բարձր գնով, ավել վաճառված գումարը պետք է մտնի պետական բյուջե: Օրինակ, թթի օղու ինքնարժեքը սահմանվել էր 2ռ. 50կ., սակայն կոլխոզները եւ սովխոզները վաճառում էին 5 ռուբլով, ավել գումարը անարգել մտնում էր բյուջե: Նույն տրամաբանությամբ, եթե մինչև թանկացումը ստացված ապրանքները վաճառում են թանկ գնով, ապա հավելյալ գումարը պետք է մտնի պետական բյուջե: Սա այնքան էլ դժվար չէ, եթե կառավարությունը ընդունի որոշում, եւ այդ որոշումը իրականացնեն մասնագիտորեն ու արհեստավարժ: Վերոնշյալ քայլերը կօգնեն կոռուպցիայի դեմ պայքարելու, արդյունքում կշահեն ե°ւ պետությունը, ե°ւ բնակչությունը: Արտո ՍԱՀԱԿՅԱՆ
Հարգելի խմբագրություն Մեծ հարգանքով եմ վերաբերվում ձեր թերթին և ընթերցում եմ յուրաքանչյուր համար: Այսօր մի խնդիր է հուզում ինձ, որի մասին նպատակահարմար եմ գտել պատմել Ձեզ: Յուրաքանչյուր ազգ հիշում է իր պատմությունը, սովորույթները, բայց մենք կարծես թե մոռացել ենք: Օրեր առաջ ձեր թերթում կարդացել եմ հայկական տարազի մասին մի նյութ, որն էլ դարձել է այս նամակիս հիմնական դրդապատճառը: Այսօր մեր մայրաքաղաք են այցելում ուրիշ երկրներից ժամանած հյուրեր, որոնք հիանում են մեր բնությամբ եւ պատմաերկրագիտական հուշարձաններով: «Պիտաչոկ» կոչվող հատվածում տեղադրված է Այայի արձանը, որն այսօր փոշով ու կեղտով է պատված: Ամեն անգամ կենտրոնական շուկա գնալիս կանգնում եմ, տխուր նայում այդ արձանին, որն անուշադրության է մատնվել եւ ամաչում է իր կեղտոտ տեսքից: Ուզում եմ ջուր վերցնել եւ գնալ մաքրել, բայց, ախր, մեր տնից շատ է հեռու, եւ մարդիկ կկարծեն, թե խելագարվել եմ: Ես շատ խնդրում ձեր թերթի միջոցով համապատասխան մարմնին դիմեք, եւ այդ հարցով թող որ նրանք զբաղվեն: Մոտակա տարածքում ռեստորան կա, որին էլ կարծես թե քիչ է հետաքրքրում դա, բայց չէ՞ որ նրանց այցելուներից շատերը հենց այդ արձանի համար են մտնում ռեստորան: Ձեր թերթի մշտական ընթերցող՝Էմմա ԱՌՍՏԱՄՅԱՆ
ԷԼԻ ՀՈՒՍԱԽԱԲ ԵՂԱ Մայրս արմատներով ղարաբաղցի է: Ղարաբաղում ծնված, մեծացած, հայ ազգի պարծանք հանդիսացող պետական համալսարանը ավարտած: Քույրերս եւս ղարաբաղցի են ոչ միայն ծագումով, այլև կրթությամբ, ապրելակերպով եւ անձնագրով: Ես էլ մորս հետ միասին գրանցված եմ այդտեղ, բայց միշտ չեմ ապրում Ղարաբաղում: Շատ եմ ուզում մշտաբնակ ղարաբաղցի լինել, բայց ծնողներս Ղարաբաղում աշխատանք չեն գտնում, իսկ ես դեռ փոքր եմ, առանց ծնողների չեմ կարող ապրել ոչ մի տեղ: Չեմ ուզում քույրերիս մոտ մնալ, նրանք ծեծում են ինձ՝ իրենց չլսելու համար, մեր խնամքի տակ գտնվող զինվոր մորաքույրս էլ տառապում է կրկնվող կոնտուզիայով: Այդտեղ էլ առանց ծնողների չեմ կարող մնալ: Ամեն տարի Ղարաբաղի ղեկավարները աշխատանք են խոստանում, բայց դե... չի ստացվում: Այս տարի էլ հույս ունեի, որ կդառնամ մշտաբնակ ղարաբաղցի, դպրոց կգնամ, խմբակներ կգնամ, կվերականգնեմ բնածին ընդունակություններս շախմատի գծով, ծնողներս էլ կաշխատեն, մեր տոկոսները կամաց-կամաց կքչացնենք ու ամբողջ ընտանիքով շնորհակալ կլինենք Ղարաբաղի ղեկավարներին: Ափսոս, էլի հուսախաբ եղա, ու իմ բոլոր երազանքները օդը թռան, ի չիք դարձան: Նորից գնչուական գավազանս պիտի վերցնեմ ու որտեղ ծնողներս՝ այնտեղ էլ ես:
Արամ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մեծարգո պարոն Գ. Բաղդասարյան Ծնվել եմ Ղարաբաղյան շարժման հետ եւ մանկությունից սկսած՝ երկրպագել եմ Ղարաբաղն ու ղարաբաղցիներին: Մինչդեռ մտքովս չէր անցնում, որ իմ փրկությունը եւս կգտնեմ Արցախում, որտեղ հրաշք կատարվեց ինձ հետ: Տարիներ շարունակ տառապել եմ մաշկային բարդ մի հիվանդությամբ` փսորիազով, որը աշխարհին ու բժշկությանը հայտնի է իբրեւ անբուժելի հիվանդություն: Եվ, ո¯վ զարմանք, կարճ ժամանակում լրիվ բուժվեցի՝ զարմացնելով ողջ շրջապատիս, որոնք տեղյակ էին, որ ծնողներս փորձել էին ինձ բուժել աշխարհի տարբեր ծայրերում, սակայն ապարդյուն: Ստեփանակերտաբնակ բարեկամուհուս երաշխավորությամբ եղա այդ մարդու՝ մասնագիտությամբ անասնաբույժ, բարձրագույն կրթությամբ, մաշկային հիվանդությունների խորագիտակ Լեւոն Հովսեփյանի մոտ, եւ ցնցվեցինք տեղի ունեցածից. ես ապաքինվել եմ եւ աշխարհն արդեն իմն է... Երբ առաջին անգամ Էջմիածնից եկանք, ու մտա այն անշուք բնակարանը, որտեղ ապրում է այդ հրաշք-բժիշկը, եւ այն սենյակը, որի պատին փակցված էին ընտանիքի երկու զոհերի լուսանկարները, շատ ճնշված ու տպավորված էի, սակայն մտածում էի, թե ինչ կարող է անել այդ տարեց մարդը նման անփառունակ բնակարանում, անբարենպաստ պայմաններում: Սակայն, իրոք, եղավ հրաշքը: Իմացե°ք, որ աշխարհում առաջին անգամ անբուժելի համարվող մաշկային հիվանդությունը բուժում է ղարաբաղցին՝ Լ. Հովսեփյանը, ում հնարավորությունների օգտագործումը անկասկած կցնցի աշխարհը: Դա ոչ միայն իմ, այլեւ նրա մոտ բուժված բոլոր հիվանդների կարծիքն է նաեւ: Ցավալի է, որ նման անշուք պայմաններում է այդ հրաշագործ մարդը օգնություն ցույց տալիս կյանքից հուսահատ մարդկանց: Ճանաչե°ք, խնդրում եմ, այդ մարդուն, առանց չափազանցության՝ մերօրյա Ամիրդովլաթին, որն ապրում է ձեր քաղաքում, ձեր կողքին: Ստեղծեք, խնդրում ենք, նրա համար բնակարանային նորմալ պայմաններ. չէ՞ որ նա այսօր կարող է մեծ հռչակ բերել Ղարաբաղին՝ բուժելով բազում հիվանդների: Ընդունեք այս նամակը իբրեւ հայ մի ուսանողուհու երախտագիտության խոսք ու ցանկություն Արցախին ու մեծ արցախցուն՝ Լեւոն Հովսեփյանին: Հուսով եմ, որ անտարբեր չեք լինի ձեր կողքին ապրող, աստվածային առաքելությամբ օժտված բժշկի հանդեպ, որն աշխարհ է եկել ծառայելու անբուժելի հիվանդությամբ տառապող մարդկանց: Փայփայել ու խնայել է պետք նման մարդուն: Կանխավ շնորհակալությամբ՝
Վ. ՄԵԼՔՈՆՅԱՆ
մշակույթ Էռ ԿԱՄՍԱՐ (Էռնեստ Եսայան)
ԵՐԳԻԾԱՆՔԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆ
Էսքան նախանձկոտ, մոտ՝ անասունի, *** Վ.Խ.-ին
Ով իմ վատն է ուզել, ***
Նա համարվում է պետական գործիչ, ***
Հիսուն տարի քայլեց բեմին, ***
Սա էլ է գրող՝ Ատոմ Նեռունին. ***
Ուսերը բաց, կրծքերը բաց, պորտը բաց, *** ՖԱԼԱՔԻՆ
Տուր,
տուր քո սուր Եռաժանին
ԽԱՄՐԵՑ ԺՊԻՏԸ
Անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի խմբագրությամբ 1995 թվականին լույս տեսավ Կ.Սողոմոնյանի երգիծական մանրապատումների առաջին գիրքը՝ «Մտերմիկ խայթեր» վերտառությամբ: Սակայն 90-ականների խառնակ ժամանակներում գիրքը փորձանք բերեց երգիծաբանի գլխին. գրքի որոշ մանրապատումների բառացի, ոչ ընդհանրական ընկալումների հետեւանքով (իբր, նկատի է ունեցել այսինչին կամ այնինչին) ամբողջ տպաքանակը տպարանից բռնագրավել ու ոչնչացրել են: Ավելին, հեղինակը նույնիսկ «ֆիզիկական տույժի» ենթարկվեց, որը նրա առողջության համար ծանր հետեւանքներ ունեցավ... Շուրջ 10 տարի նա գրեթե ոչինչ չգրեց: Երկար «լռությունից» հետո վերջապես 2005 թվականի դեկտեմբերից «Եղինջ» հումորաթերթի հիմնադրման ամսից սկսվեց նրա ստեղծագործական երկրորդ շնչառությունը՝ դարձյալ նույն աննկուն ոգով: Նա չդավաճանեց իրեն, իր ներքին մղումին, չհարմարվեց, մնաց ինքզինքը մինչեւ իր կյանքի վերջին օրը: Անդառնալի է կորուստը, սակայն մխիթարվենք այն բանով, որ եկող տարվա առաջին ամիսներին հանրահայտ երգիծաբան Հորիզոնի խմբագրությամբ լույս կտեսնի Կառլեն Սողոմոնյանի մանրապատումների երկրորդ գիրքը: Հենրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ | ||
Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ | |||