#18 (104)
31 հոկտեմբերի 2008 թ. 18 (104)

ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է 

Վերնագրի չարենցյան բնօրինակը, գիտեք, իրականում այլ կերպ է հնչում՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Իրականում, սակայն, այդ հավաքական ուժին չի հաջողվել ու չի հաջողվում ականատես լինել հայկական որևիցե սերնդի, ուստի ստիպված ենք լինում թե-ական խոսել հավանական ուժի մասին՝ թե ինչ կլիներ, եթե...

Հույսդ դիր միայն քեզ վրա՝ խորհուրդ էին տալիս մեր մտավորականներից ոմանք, հերթական անգամ հիասթափվելով միջազգային հանրության, լուսավորյալ Եվրոպայի և այլոց անհոգի վերաբերմունքից: Ոմանք էլ շարունակում են քամահրանքով վերաբերվել մեր սեփական ներուժին և պնդում աշխարհի այս կամ այն ուժեղի թևի տակ մտնելու պատմական անհրաժեշտությունը:

Սեփական ներուժի վրա ոչ թե պարզապես հույս դնելը, այլ այն մշտապես առավելագույնս «մոբիլիզացված» պահելը միշտ էլ օդի պես անհրաժեշտ է եղել և այսօր էլ անհրաժեշտ է: Եւ այս հենքի վրա կարելի է կառուցել հարաբերությունները արտաքին աշխարհի հետ ու հաջողության հասնել: Բայց կառուցել, անպայման կառուցել նման հարաբերություններ, այլ ոչ թե հույսդ դնել միայն քեզ վրա կամ էլ վարակվել թերարժեքության բարդույթով: Աշխարհը մեր թշնամին չէ բնավ, ոչ էլ ամենևին մեր բարեկամը: Մեր շահերը պարզապես պիտի կարողանանք ընկալելի դարձնել աշխարհի համար և ի ցույց դնել մեր պատրաստակամությունն ու ունակությունը՝ դրանք ըստ ամենայնի պաշտպանելու:

Բայց բոլոր դեպքերում էլ հավաքական ուժն անհրաժեշտ պայման է՝ դեպքերի զարգացման ինչպես ցանկալի, այնպես էլ ոչ ցանկալի տարբերակների դեպքում: Առավելագույնը կորզելու կամ նվազագույնը կորցնելու համար: Մեր իսկ պատմությունն է քանիցս վկայել, որ մեր ներքին ռեսուրսների մոբիլիզացման նույնիսկ անհաջող փորձերն էին որոշակի հաջողություն ապահովում:

Ընդհանրապես, շատ դժվար է միջազգային քաղաքական կյանքի, աշխարհաքաղաքական զարգացումների վայրիվերումներում հստակ կողմնորոշվելը: Դրա համար մեծ հեռատեսություն է պետք, դրա համար պիտի տիրապետել մեծ ինֆորմացիայի, դրա համար, վերջապես, մեծ խելք է պետք: Ցավալի է, բայց դրանցից և ոչ մեկը ներկա պահի դրությամբ մենք չունենք: Եւ, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս չենք էլ ունենալու, քանի որ դրանք երկնային մանանայի պես չեն թափվում, մանավանդ, որ ունենալու առանձնապես մեծ ցանկություն էլ չունենք:

Ուրեմն ի՞նչ անել: Նման իրավիճակներում, երբ շատ բան չես հասկանում ու չգիտես ինչ անել, միակ խելամիտը ներքին ռեսուրսների արդար ժողովումն ու ամրապնդումն է, ներքին առողջությունն ու ամրությունը: Այստեղ հասկանալու մեծ բան չկա, այստեղ, մեծ հաշվով, խանգարող էլ չկա: Այստեղ ոչ մեծ հեռատեսություն է պետք, ոչ ինֆորմացիա և, շատ կներեք, ոչ էլ մեծ խելք: Այստեղ արդեն պետք են ազնվություն ու հայրենասիրություն:

Մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառն այն է եղել, որ ի վիճակի չենք եղել ժողովելու մեր ամբողջ ներուժը: Ավելին՝ ամենաքիչը մենք ենք հավատացել այդ ներուժին: Ամենաշատ չհավատացողներն էլ մեր իսկ իշխանություններն են եղել: Իսկ այդպես է եղել, որովհետև իշխանությունն ու ժողովուրդը տարանջատված են եղել, ունեցել են միանգամայն տարբեր շահեր ու նպատակներ: Բայց անգամ այս պարագայում՝ անգամ ջլատված ուժերի մի մասի ժողովումը թույլ է տվել գոնե հիմնովին չոչնչանալ: Իսկ ամբողջի ժողովու՞մն ինչ կաներ...

«Դեմո»-ի այս համարում ներկայացնում ենք  Սարդարապատի հերոսամարտի նորովի ընկալում: Այն ցավալի, շատ ցավալի է լինելու, բայց գոնե մի անգամ մենք պիտի սերտենք մեր պատմությունը ու ցավի պես դառը դասեր քաղենք: Որպեսզի մեր հավանական ուժը գոնե մեկ անգամ մինչև վերջ հավաքական դառնա:

Որովհետև զուգահեռներն ուղղակի ահասարսուռ են: Այն ժամանակ ևս մեր բանակն ամենամարտունակն էր, այն ժամանակ ևս մեծ տարածքներ ունեինք, այն ժամանակ ևս մեր դիվանագիտությունը, մեղմ ասած, չէր համապատասխանում առաջին երկու նախադրյալներին...

Մի խոսքով, դատեք ինքներդ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 լուրեր

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ  ԵՆԹԱԿԱ  ՉԵՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ եւ քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված ցանկացած հարց, սակայն ոչ մեր անկախության եւ անվտանգության հաշվին”,- այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ղարաբաղում անցկացված զինավարժություններից հետո լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ:

“Ղարաբաղի անկախությունը եւ անվտանգությունը ենթակա չեն որեւէ սակարկության եւ շահարկումների”,- նշել է Բակո Սահակյանը, միաժամանակ ընդգծելով, որ 1990-ականների սկզբներին ազատագրված տարածքները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությունում եւ որակված որպես անվտանգության գոտի:

25 հոկտեմբերի

 

 

ՍԱՐԳՍՅԱՆ-ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

“Ես հասկանում եմ, որ խնդիրը կա, եւ մենք պետք է այդ խնդիրը լուծենք: Այսօր, մեր բանակցության ընթացքում բնականաբար մենք խոսել ենք նաեւ Ղարաբաղի մասին: Ուզում եմ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է, պատրաստ է շարունակել բանակցությունը մադրիդյան սկզբունքի հիման վրա: Ինչ է նշանակում մադրիդյան սկզբունքը, ես կարծում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է Ինտերնետում կարդալ այդ փաստաթուղթը, քանի որ այդ փաստաթուղթը համանախագահները գրանցել են, իմ կարծիքով, կոնկրետ կազմակերպության դեպոզիտարիայում: Այնտեղ ոչ մի գաղտնի բան չկա: Դա հիմք է, որը հնարավորություն է տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ մի քանի այլ, մեզ համար սկզբունքային պահեր: Ամենից կարեւորը, որ մենք իսկապես վստահ ենք, որ հարցը իրապես կարող է լուծվել փոխզիջման հիմքով եւ բանակցության ճանապարհով”,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

“Քննարկեցինք շատ կարեւոր հարցեր: Ռուսաստանը այսուհետ էլ պետք է աջակցի այդ ոչ հեշտ խնդրի փոխադարձ ընդունելի լուծման տարբերակի որոնմանը”,- հայտարարել է Մեդվեդեւը: “Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացի աստիճանին: Այսօրվա դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մակարդակը որոշելը բարդ է, ես հուսով եմ, որ մենք գտնվում ենք առաջընթացի փուլում: Համենայն դեպս, երկու կողմերը պատրաստ են փնտրել լուծում: Մենք Սերժ Ազատիչի հետ իսկապես շատ մանրամասն խոսել ենք այդ մասին, ես չեմ մեկնաբանի նրբերանգները, քանի որ դրանք բանակցային նրբերանգներ են, դա է նրանց արժեքը: Բայց հուսով եմ, որ շատ մոտ ժամանակներս տեղի կունենա երեք նախագահների հանդիպում՝ այդ թեմայի քննարկումը շարունակելու համար: Հուսով եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Դա առայժմ ամենն է, ինչ ես կարող եմ ասել”,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

«Լրագիր»

 

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է

«Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները: Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այդ իրադարձությունների զարգացմանը, գնահատելու Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի համարժեքությունը իրավիճակի պահանջներին, հասարակությանը մշտապես իրազեկ պահելու ղարաբաղյան կարգավորման ընթացքի մասին եւ փորձելու ենք կանխել կամ նվազագույնի հասցնել հայկական կողմի շահերին սպառնացող վտանգները: Նույն սրտացավությունը մենք ակնկալում ենք ազգի եւ պետության բախտով մտահոգված բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերից»,- երեկ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ Համազգային շարժումն առժամանակ դադարեցնում է երթերի ու հանրահավաքների անցկացումը, եւ իր այս որոշման առիթով կանխագուշակում է իշխանական ճամբարի չարախնդությունը:

«Առավոտ»

 

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է 

Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներն անհասկանալի են համարում ԼՂ իշխանությունների եւ քաղաքական էլիտայի քար լռությունը՝ ԼՂ շուրջ ծավալվող իրադարձությունների, «մադրիդյան» կոչվող սկզբունքների շուրջ հնչող տեսակետների վերաբերյալ: Նրանք պահանջում են ԼՂ պատկան մարմիններից՝ արձագանքել ՀՀ-ում առկա մտավախություններին եւ քաղաքական գնահատականներ տալ այդ սկզբունքներին, մանավանդ, որ դրանց առնչությամբ ոչ պաշտոնական աղբյուրներից մտահոգիչ տեղեկություններ են ստացվում: Օրինակ, ասվում է, թե այն տարածքներում, որոնցից առաջարկվում է դուրս բերել հայկական զինուժը, կարող են տեղակայվել ռուսական 58-րդ բանակային ուժերը:

«Առավոտ»

 

ԱՍԵԼ ԵՆ` ԿՕԳՏՎԵՆ

Ուրբաթ օրը երկու տարով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրված Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե առաջիկա երկու տարում ինչ առաջնային հարցեր են փորձելու լուծել` օգտվելով իրենց նոր կարգավիճակից:

Մասնավորապես, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը երեկ Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, ջանք չի խնայելու` ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: «Թուրքիան ամեն հնարավոր բան կանի` ՄԱԿ-ում Ադրբեջանին վերաբերող ընդունված բոլոր 4 բանաձեւերը կյանքի կոչելու համար, որոնցով Հայաստանից պահանջվում է ազատել ադրբեջանական գրավյալ տարածքները»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ Թուրքիան որոշակի հավակնություններ ունի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու առումով: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ կազմում այս երկրի ընդգրկումը մեծ ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում:

«Հայկական ժամանակ»

 

ՀՀ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ 

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հոկտեմբերի 22-ին Թեհրանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մեզ համար ընդունելի չէ, որ Հայաստանը սահմանը բացելու համար տեղի տա որեւէ նախապայմանի դիմաց: Մեզ համար ընդունելի չէ որեւէ զիջում՝ սերունդների իրավունքների առումով: Մեզ համար անընդունելի է, որ Թուրքիան միջնորդի կամ որեւէ դերակատարություն ստանձնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցով: Մեզ համար անընդունելի է ամեն գնով մաս կազմել Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան նախագծին՝ առանց Իրանի»: Մինչդեռ ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իր երեւանյան այցելության ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական առաքելության վերաբերյալ հարցը բարձրացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. «Թուրքիայի միջնորդության մասին հարցը իմ կողմից չի առաջադրվել: Այդ հարցը Երեւանում մեր զրույցի ժամանակ բարձրացրել է Սերժ Սարգսյանը»:

«Առավոտ»

 

քաղաքականություն

ԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՉ ՄԵԿԸ ՉՈՒՆԻ 

«Ստեղծված իրավիճակն այնքանով է խնդրահարույց, որքանով այսօրվա դրությամբ մոտալուտ է թվում գոնե մադրիդյան սկզբունքների իրականացման գործընթացը: Եվ այս իրավիճակի ստեղծման հիմնական պատասխանատուն իհարկե մեր ժողովուրդն է՝ ի դեմս քաղաքական միավորումների, հասարակական կազմակերպությունների եւ այլն: Այսօր ունենք պետական քաղաքականություն, որը բացառապես չի արտացոլում հայ ժողովրդի իրական շահը, ունենք հայ ժողովուրդ, որը չի խորհում այն մասին, թե ինչպես այդ քաղաքականությունը տանի դեպի նորմալ հուն: Ստեղծվել է մի վիճակ, երբ մեր ժողովրդի բարոյական հիմքերը քարկոծվել են, ժողովուրդը որպես ազգ կազմալուծվում է: Դա է պատճառը, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունը կարողացավ հասնել այն վիճակին, որը կա: Դա է պատճառը, որ մեզ «հաջողվեց» ամենաանցանկալի իրավիճակում հայտնվել»,- այս կարծիքն է նորերս Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից անցկացված քննարկումների ժամանակ արտահայտել ՀՅԴ անդամ Սերգեյ Շահվերդյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին հայտարարություններին ու ստեղծված իրավիճակին:

Շարունակելով միտքը՝ նա ընդգծել է. «Այդուհանդերձ, վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտակցում է, որ իրավիճակը փակուղային է իր համար, եւ ժողովուրդը չի կարող թույլ տալ բանակցությունների այս տեսակ ավարտ: Նաեւ վստահ եմ, որ Հայաստանի նախագահը հարկ եղած դեպքում հրաժարական կտա եւ այս տեսակ իրավիճակի չի մատնի ժողովրդին»:

Այս պայմաններում, ըստ Ս. Շահվերդյանի, ամենակարեւորը մարդկային գործոնի դերի բարձրացումն է: Հասարակությունը լուռ է, լուռ են նաեւ պետական պաշտոնյաները: Իսկ այդ վիճակը պետք է փոխել, ինչը, նրա կարծիքով, հնարավոր է միայն հասարակական բողոք բարձրացնելով. այն մարդիկ, ովքեր մտահոգ են իրենց երկրի ճակատագրով, պետք է կարողանան հասարակությանը համախմբել: Ամենակարեւոր գործոններից մեկն էլ, անշուշտ, ԼՂՀ ղեկավարության կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ միանշանակ եւ հստակ դիրքորոշման հրապարակային արտահայտումն է: «Մարդիկ պետք է իմանան, թե ինչ դիրքորոշում ունի մեր երկրի ղեկավարությունը՝ անկախ նրանից, թե որքանով դա դուր կգա կամ դուր չի գա Հայաստանի այսօրվա իշխանությանը»,- եզրահանգել է ՀՅԴ անդամը:

Նա նաև ընդգծել է, որ «կան սահմաններ, որոնք անցնելու իրավունք ոչ մեկը չունի, եւ ԼՂՀ-ն այսօր այդ սահմաններում է»: Ուստի, ըստ Շահվերդյանի, պետք է չլռել ու ցանկացած ամբիոն օգտագործել դիրքորոշումը արտահայտելու համար:

ՀՅԴ մեկ այլ անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանի կարծիքով էլ՝ մենք հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ «կարծես թե պարտված երկիր ենք եւ որոնում ենք պարտությունից դուրս գալու ուղիներ»: «Հաղթանակից հետո կարծես ապացուցում ենք, որ չենք կարող այդ հաղթանակը պահել»,- շարունակել է նա, նկատելով, որ «Ղարաբաղի հարցում Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնելու փոխարեն՝ նրա ոտքերն ենք ընկնում ու փոխզիջում խնդրում»: Ա.Սարգսյանը կարևորել է արտաքին քաղաքականության հայեցակարգի մշակման եւ Ղարաբաղի ճանաչմանն ուղղված գործընթացները:

Իսկ լրագրող Նարինե Աղաբալյանի կարծիքով, ղարաբաղյան կարգավորման շուրջ լռությունը եւ սպասողական վիճակը հենց գալիս են Ղարաբաղի քաղաքական ուժերի պասիվությունից ու քաղաքական դաշտի չկայացվածությունից: Ըստ նրա, քաղաքական ուժերի ներկայացուցիչները չեն աշխատում հասարակության հետ եւ, կարծես թե, կտրվել են ժողովրդից:

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 17-ին կայացած հանրահավաքում Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը մոտենում է իր հանգուցալուծմանը, ավելի ստույգ՝ 2-3 ամիս անց հարցը լուծված կլինի: Նա մեղադրել է իշխանություններին բանակցություններում թույլ տված սխալների համար, ընդսմին հայտարարելով, որ ընդդիմությունը դադարեցնում է իր ակտիվությունը, որպեսզի թույլ տա Սերժ Սարգսյանին բևեռացնել իր ուշադրությունը  արտաքին քաղաքականության վրա: 

Թե ինչով է առաջնորդվել Տեր-Պետրոսյանը, կատարելով այս քայլը, պարզ չէ. կամ, իրոք, իրադրությունն այնքան լուրջ է, որ նա պայմանավորվել է իշխանությունների հետ թայմ-աուտ վերցնել, կամ նա պարզապես չի ուզում կապված լինի ընդունվելիք որոշումների պատասխանատվության հետ: Իսկ միգուցե այդ քայլը պայմանավորված է նաև նրանով, որ ընդդիմությունը համաձայնությո՞ւն է տվել մասնակցել նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խմբի աշխատանքներին:

Այսպես թե այնպես, առաջին նախագահի հայտարարությունը բավականին փոխեց քաղաքական իրավիճակը Հայաստանում: Եւ, ինչպես ցանկացած փոփոխություն, այն ենթադրում է վերադասավորումների մի ամբողջ շղթա:

Նախ՝ մի փոքր «թոթափվեց» կոալիցիան. Դաշնակցությունը, որը կոալիցիայի անդամ է, հայտարարել է, որ համաձայն չէ հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում իշխանությունների վարած քաղաքականությանը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է, որ կոալիցիայում իրենց պահում է միայն իշխանության վրա ազդելու հնարավորությունը: «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունը: Դա, իհարկե, չքանդեց կոալիցիան, սակայն ազդանշան էր, որ ամեն ինչ փայլուն չէ:

Երկրորդ ուղղությունը Ռոբերտ Քոչարյանն է: Հոկտեմբերի կեսերին մի խումբ լրագրողների հետ զրույցի ժամանակ նա հայտնեց, որ նոյեմբերին կվերադառնա ակտիվ քաղաքականություն: Դրան հետեւեց նախկին նախագահի մասնակցությունը Մեդվեդեւի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին: Իսկ մինչ այդ տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի բացումը, որի ժամանակ նախկին արտգործնախարարը մի քանի կոշտ արտահայտություններ է թույլ տվել գործող իշխանությունների հասցեին: Մասնավորապես, դրանք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված քաղաքականությանը, որի մեջ ինքը սխալներ է գտել: Բավականին սուր քննադատական հարցազրույցներ է տալիս նաեւ Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: 

Այս ամենը հիշեցնում էր թռիչքի նախապատրաստում: Սակայն փաստահավաք խմբի ստեղծումը, կարծես, ազդարարեց, որ ներկայիս իշխանությունները գերադասել են համաձայնության գալ արմատական ընդդիմության հետ, քան լուռ սպասել մինչեւ կվերադառնա Ռ. Քոչարյանի թիմը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել փաստահավաք խումբ ստեղծելու եւ դրա մեջ ընդդիմության ներկայացուցիչներին ընդգրկելու մասին: Կարելի է ենթադրել, որ մինչեւ այդ խմբի աշխատանքի ավարտը, ներքին իրավիճակը Հայաստանում համեմատաբար կայուն կմնա:

Եթե, իհարկե, չլինեն էքսցեսներ: Իսկ դրանք սպասվում են Ղարաբաղյան կարգավորումից: Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած այցից հետո պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներով սկսեցին խոսել, որ Ռուսաստանը կարող է պայմանավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ իր զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտի մտցնելու հարցում: Խոսվում է նաեւ Իջեւանում նոր ռուսական ռազմակայանի ստեղծման մասին: Մեդվեդեւը նույնիսկ հայտարարել է, որ Ռուսաստանը վերցնում է նախաձեռնությունը եւ պատրաստում նախագահների եռակողմ հանդիպում: Եթե Հայաստանի իշխանությունները գնան զիջումների ղարաբաղյան հարցում եւ թույլ տան ռուսների մուտքը հակամարտության գոտի, Հայաստանի ներսում եւ դրսում անպայման դժգոհներ կգտնվեն: Եւ պարզ չէ, թե ինչով կավարտվի «դժգոհության ակցիան»:

Երկրորդ «վտանգավոր» դրվագը, կարծես թե, սպառվել է. Հայաստանում դժգոհություն առաջացրած «թուրքամետ» ֆուտբոլային նախաձեռնությունը, ըստ երեւույթին, չստացվեց: Համենայն դեպս, դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերից, Թուրքիան չուզեց հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ դա Հայաստանին դուր չեկավ: Թե չէ, եթե հարաբերությունները հաստատվեին, Հայաստանի քաղաքական ուժերը մեկ առիթ եւս կունենային իշխանություններից դժգոհելու:

Եւ այսպես, Հայաստանի իշխանությունները փորձում են կանխել իրենց սպառնացող ներքին եւ արտաքին վտանգները: Ընդգրկելով ընդդիմությանը մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման գործում, նրանք փոքր ինչ չեզոքացրին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Կարելի է ենթադրել, որ մինչեւ 2009-ի հունվար կազատվեն նաեւ մինչ օրս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչները: Որպեսզի ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չկիրառվեն:

Մնում է միայն կանխել արտաքին վտանգը՝ չխախտելով 1994-ին հաստատված ստատուս-քվոն ղարաբաղյան հակամարտության գոտում:

 Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

 

ՔԱՆԻ ԴԵՌ ԿԱ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ 

Ազատագրված տարածքները վերադարձնելու պատրաստակամությունը, որ հայտնում է Հայաստանի իշխանությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, շատ հաճախ հենց այդ նույն իշխանության ներկայացուցիչները մատուցում են իբրեւ դիվանագիտական հնարք: Այսինքն, ներկայացվում է, որ Հայաստանը հայտարարում է վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց իրականում ոչ մեկն էլ չի վերադարձնի որեւէ տարածք: Այս պնդումը իհարկե ինքնին բավական տարօրինակ է եւ նկատելիորեն անհիմն եւ անտրամաբանական:

Խնդիրը հետեւյալն է: Եթե Հայաստանի իշխանությունն ինքն է որոշում վերադարձնել-չվերադարձնելու հարցը, ապա բացարձակապես անհասկանալի է, թե ինչու եւ ում համար է մանեւրում: Եթե Հայաստանը ուզի կվերադարձնի, չի ուզի` չի վերադարձնի, ապա էլ ինչ կարիք կա հայտարարելու, որ պատրաստ ենք վերադարձնել, բայց իրականում տարածքները պահելու մեզ: Կարող է Հայաստանը հայտարարել, որ ոչ մի տարածք էլ չի վերադարձնի, դուրս գալ բանակցությունից, եթե Ադրբեջանն այլ պայմանով պատրաստ չէ բանակցել Ղարաբաղի կարգավիճակի համար եւ ձեռնամուխ լինել տարածքների սոցիալ-տնտեսական իրացմանը:

Դիվանագիտական մանեւրի վարկածի կողմնակիցները կարող են ասել, որ այդ մանեւրը աշխարհի ճնշումից խուսափելու համար է: Այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանն, այդուամենայնիվ, անկարող է պահել տարածքները, եթե ինքը նույնիսկ այդպես է ցանկանում: Այսինքն, եթե մեզ ստիպեն, ապա չենք կարող չտալ: Հետեւաբար եթե հիմա չենք տալիս, ապա միայն այն պատճառով, որ մեզ չեն ստիպում: Դա նշանակում է, որ ոչ թե Հայաստանն է մանեւրի միջոցով պահում տարածքները, այլ պարզապես աշխարհը, ի դեմս որի հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեզանից չի պահանջում այդ տարածքը վերադարձնել Ադրբեջանին: Միգուցե տարբեր ժամանակ տարբեր պետություններ պահանջում են, առանձին-առանձին, ասենք մեկ ամերիկացիները, հիմա՝ ռուսները, վաղը՝ գուցե Եվրոպան կամ էլի ամերիկացիները, բայց դեռեւս չի ստացվել, որ տարածքների վերադարձի հարցում «աշխարհը» գա կոնսենսուսի, եւ այդ իսկ պատճառով էլ փաստացի դրանք մնում են հայկական վերահսկողության տակ: Ստացվում է, որ Ղարաբաղի հակամարտության գործընթացում «ոչ մի թիզ հող» իրավիճակը ոչ թե հայկական դիվանագիտության, որքան աշխարհաքաղաքական իրադրության արդյունք է, եւ եթե հանկարծ ռուսները, ամերիկացիներն ու եվրոպացիները որոշեն, որ տարածքները պետք է վերադարձնել, Հայաստանը փաստացի չունի այլեւս պահելու որեւէ փաստարկ, քանի որ մշտապես հայտնել է կարգավիճակի դիմաց դրանք վերադարձնելու պատրաստակամություն: Ընդ որում, խոսքը կարգավիճակի անորոշ հեռանկարի մասին է, քանի որ այդ հարցը քննարկվում է ինչ որ տասնամյակ կամ մեկուկես տասնամյակ հետո անցկացվելիք հանրաքվեի կամ պլեբեսցիտի համատեքստում:

Այսինքն, ստացվում է, որ տարածքների խնդրի պարագայում Հայաստանի դիվանագիտական «մանեւրը» կառուցված է ընդամենը «համաշխարհային» կոնսենսուսի բացակայության վրա: Պաշտոնական Երեւանը համոզված է, եւ թերեւս եղել է նաեւ վերջին տարիներին, որ միեւնույն է, եթե ասենք Ամերիկան պահանջի հող հանձնել, ապա ռուսները դա թույլ չեն տա եւ կհակադրվեն դրան, իսկ եթե, օրինակ, ռուսները պահանջեն հող հանձնել, ապա դրան կհակադրվի Ամերիկան: Առայժմ այդ մեխանիզմը աշխատել է հաջողությամբ, եւ կարգավորման բոլոր հանգուցային թվացող պահերին միշտ եղել է մի գագաթնակետ, որից այն կողմ գործընթացը հետ է շրջվել, տարբեր առիթներով ու պատճառներով, եւ ամեն ինչ փաստացի սկսել է մեկնարկային կետից: Դրա վկայությունն են կարգավորման գործընթացի ժամանակահատվածում տարատեսակ սկզբունքների պարբերական առկայությունը` «փարիզյան սկզբունք», «քի ուեսթյան տարբերակ», «պրահյան գործընթաց», հիմա էլ «մադրիդյան սկզբունք»: Թերեւս պետք է սպասել, որ նախագահների եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, որ ցուցաբերում է Ռուսաստանը, կլինի «մադրիդյան սկզբունքիե դարաշրջանի վերջը կամ վերջի սկիզբը, քանի որ ակնհայտ է, որ այժմ չկա տարածքների հարցում «աշխարհի» կոնսենսուսի որեւէ շանս: Հետեւաբար, դա շանս է Հայաստանի իշխանության համար, որն այս անգամ էլ, անկասկած, կօգտագործվի, թերեւս անկախ այն բանից` ժամանակավորապես դադար վերցրել է ընդդիմությունը, թե ոչ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
www.lragir.am

 

Տիգրան Թորոսյան. «Տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու» 

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը շարունակելու է ձգձգվել` չնայած վերջին շրջանում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հաճախ հնչող հայտարարություններին:

«Ես համոզված եմ, որ տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու: Մի շարք դեպքեր են եղել, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ հարցը լուծվում է, բայց կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Թորոսյանը: - «Ի վերջո` որեւէ մեկը որեւէ փաստաթուղթ չի կարող թաքուն ստորագրել, եւ ամեն ինչ փակվի: Փաստաթղթերը պիտի ներկայացվեն հանրությանը»:

Նախկին խոսնակը վստահ է` եթե կլինեն իսկապես արդարացի լուծումներ, հանրությունը կարձագանքի:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե որպես Ազգային Ժողովի նախագահ` տեղյակ եղե՞լ է այն փաստաթղթի կամ փաստաթղթերի բովանդակությանը, որոնք քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ, Թորոսյանը պատասխանեց. - «Ես միշտ տեղյակ եմ եղել այն բոլոր իրողություններին, որոնք առնչվել են իմ պաշտոնին: Ես կարծում եմ, առայժմ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ, որը համապարփակ է»:

«Այնպես որ, դա եւս վկայում է, որ առջեւում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված որեւէ էական տեղաշարժ չի լինելու», - եզրակացրեց խորհրդարանի նախկին խոսնակը:

Աստղիկ Բեդեւյան
Armenialiberty.am

 

պատմություն

Բացահայտումներ... եւ արժեվորումներ 

 ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Ոչ միայն գրախոսություն

 ԱՐՏԱԿ ՄԱՂԱԼՅԱՆ.  «ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԼԻՔԱԿԱՆ ՏՆԵՐԸ XVII-XIX ԴԴ.»

Գրախոսվող աշխատությունը լույս է ընծայել «Գիտություն» հրատարակչությունը 2007 թվականին: Ա-5 չափսի 326 էջ ծավալով գիրքը լրամշակված եւ ամբողջացված տարբերակն է 31-ամյա երիտասարդ պատմաբանի թեկնածուական ատենախոսության, որը նա փայլուն կերպով պաշտպանեց 2007 թվականին: Աշխատությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրն է պատմագիտության դոկտոր, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Պավել Չոբանյանը: Գիրքը տպագրվել է Կուսապատի Աթաբեկյանների մելիքական տոհմի շառավիղ Հրաչիկ Աթաբեկյանի դրամական մասնակի աջակցությամբ: Աշխատության նյութերի հավաքման ու գրքի հեղինակման վրա Արտակ Մաղալյանն աշխատել է ութ տարի` 2000-2007 թվականներին:

Արտակ Մաղալյանի գիտական հետաքրքրությունների կենտրոնում Արցախի մելիքությունների պատմությունն է՝ ուշ միջնադարում եւ 19-րդ դարի առաջին կեսին:

Ներածության մեջ Արտակ Մաղալյանը իրավացիորեն գրում է, թե բավարար չափով լուսաբանված չեն Արցախի մելիքների իրականացրած գործառույթները, «հավուր պատշաճի ուսումնասիրված չէ նաեւ Արցախի մելիքական տների տոհմաբանությունը»: Ուսումնասիրության արդիականությունը նա հիմնավորում է նաեւ «ադրբեջանցի պատմաբանների» (կնախընտրեինք, որ հեղինակն այս բառն առներ չակերտների մեջ կամ գործածեր «կեղծ-պատմաբաններ», «պատմաշինարարներ» կամ նույնիմաստ եզրույթներ - Գ. Յ.) կողմից Արցախի պատմության խեղաթյուրված ներկայացմամբ»:

Աշխատության կարեւորագույն արժանիքներից մեկը արխիվային նորահայտ բազմաթիվ նյութերի առատ օգտագործումն է, որի բարդությունը կարելի է հասկանալ, եթե նշենք, թե այդ փաստաթղթերի զգալի տոկոսը գրաբար է, մյուս մասը` տվյալ ժամանակաշրջանի խոսվածքով, համեմված պարսկերեն, թուրքերեն, արաբերեն եւ ռուսերեն բառերով, բառակապակցություններով ու արտահայտչաձեւերով, իսկ ձեռագրերը երբեմն դժվարընթեռնելի են, նույնիսկ՝ անընթեռնելի: Այդ արխիվային նյութերի հիման վրա հեղինակը Խամսայի (արաբերեն` հինգ - Գ. Յ.) մելիքական տների տոհմաբանությունը ներկայացրել է տվյալ ժամանակաշրջանի պատմական անցքերի համաշարադրանքում, ինչից աշխատությունը միայն շահել է: Գրքի նորույթներից է եւ այն, որ հեղինակը տոհմաբանությանը նվիրված ենթագլուխներին կցել է մելիքական տների տոհմածառերը` շատ բարդ մի աշխատանք, որի ծանրությունը միայն մասնագետները կարող են պատկերացնել: Տոհմածառերի կազմման Ա. Մաղալյանի բծախնդիր ու տքնաջան աշխատանքը հատուկ դրվատանքի ու շնորհակալության է արժանի: Հեղինակի օգտագործած աղբյուրներից են 17-18-րդ դարերի հայ պատմագիրների եւ նախախորհրդային ու խորհրդային շրջանի պատմաբանների աշխատությունները: Բավարար է ասել, թե գրքի վերջում բերված ցանկում միայն թվարկված աղբյուրներն զբաղեցնում են 15 էջ` պատկառելի մի թիվ: Ու եթե ավելացնենք, որ սա միայն քանակ չէ, այլ` հեղինակի գիտական լուրջ վերաբերմունքի շնորհիվ ստեղծված որակ, աշխատության գիտական արժեքն ու բերած նորույթն ավելի հստակ կդառնան:

Օգտագործված աղբյուրների տեսության մեջ հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր աղբյուրը, նշում նրա` իր կարծիքով դրական ու բացասական կողմերը եւ այլ հատկանիշները, կատարում պատմաբանասիրական ճշգրտումներ ու լրացումներ: Ամբողջ աշխատության մեջ նա հետեւողականորեն քայլում է այս սկզբունքով` նույնիսկ պատմագիտական մտքի մեծությունների համար (Րաֆֆի, Լեո, Մակար եպս. Բարխուդարյանց, Աշոտ Հովհաննիսյան, Բագրատ Ուլուբաբյան եւ այլոք)` առանց երբեք թերագնահատելու յուրաքանչյուրի հիրավի մեծ ներդրումն արցախագիտության, մասնավորաբար Արցախի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրության գործում: Ա. Մաղալյանը գրում է նաեւ վերջին տարիներին լայն տարածում գտած մի արատավոր երեւույթի մասին, ինչպիսին է սիրողական գրականության «ծաղկումը», որը հաճախ ավելի վնաս է պատճառում, քան ինչ-որ օգուտ բերում: Նմանատիպ աշխատանքներից նա վկայակոչում է քաղաքագետ Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» ռուսերեն գիրքը (Երեւան, 2007), ինչպես նաեւ Արսեն Մելիք-Շահնազարովի «Վարանդան Արցախի սիրտն է» հրապարակումը հայկական ռուսալեզու «Անիվ» հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37): Դ. Բաբայանը (որն, ի դեպ, ԼՂՀ նախագահի խորհրդական էր) «հանրահայտ փաստերի միակողմանի եւ կամայական մեկնաբանությունների հիման վրա առաջ է քաշել մի անհեթեթ վարկած, ըստ որի, ի¯բր... Փանահ խանին հատուկ խորհրդակցությունից հետո Արցախ են «հրավիրել» տեղի մելիքները»: Ցավալի ու ամոթալի իրողությունն այն է, որ թյուրքական ջիվանշիր ցեղախմբի սարջալլու ճյուղի հիշյալ ցեղապետին Արցախ է հրավիրել Վարանդայի տիրակալ Մելիք Շահնազար Բ-ն` Արցախի մյուս մելիքների հետ սեփական հաշիվները մաքրելու համար: Իսկ Արսեն Մելիք-Շահնազարովին Արտակ Մաղալյանը մեղադրում է իր «տխրահռչակ նախնուն արդարացնելու փորձի» համար: Հիրավի, ինչպե՞ս կարելի է արդարացնել թուրքածնունդ, թուրքի խնամի, եղբայրասպան, բազմակին, ազգային միաբանության թշնամի, հայոց թշնամու բարեկամ ու դաշնակից արարածին. Մելիք Շահնազար Բ-ն, ծնված լինելով Նախիջեւանի խանի դուստր մորից, սպանել է տվել հայ կնոջից ծնված իր խորթ եղբայր Մելիք Հովսեփին, առնվազն երեք կնոջ հետ է կենակցել (երեքից էլ զավակներ ունենալով), Փանահ-Ալի կոչված հանցագործ փախստականին տրամադրել Շուշիի անառիկ ամրությունը, եւ նրա հետ դաշնակցած` ամենաստոր վատություններն արել իր ազգակից մելիքների ու նրանց հպատակների նկատմամբ, սխալներ, որոնցից մի քանիսը հայ ազատամարտիկները կարողացան ուղղել միայն 240 տարի հետո` Արցախյան փառապանծ ազատամարտում, հազարավոր զոհերի արյան ու հայ ժողովրդի մեծ տառապանքի գնով: Համանման կարծիք է հայտնում նաեւ Արտակ Մաղալյանը` գնահատելով Մելիք Շահնազար Բ-ի ու նրա մերօրյա դատապաշտպանների «գրչամարզանքները», իսկ նման աշխատությունների հրապարակումը, հատկապես՝ մեր օրերում, «անթույլատրելի» համարում: Անվերապահորեն համաձայն ենք երիտասարդ պատմաբանի տեսակետին, որը նույնիսկ մեղմ ենք համարում: Գանձասարի վանքում 1714 թվականին կայացած մելիքական գաղտնի ժողովին վերագրվող բազմաթիվ որոշումներ կոպտորեն խախտած Մելիք Շահնազարը նույն ժողովի որոշման 23-րդ կետի համաձայն («Մեզանից ով կհանդգնի սույն կանոններին հակառակ գործել, Հայրենիքի եւ կրոնի թշնամու կողմն անցնել, նրա հետ միաբանելով՝ Հայրենիքի հանգստությունը վրդովել, հայը հայի դեմ թշնամացնել եւ արյունահեղություն պատճառել») մահապատժով պետք է պատժվեր, մինչդեռ 21-րդ դարի սկզբում հայկական միջավայրում հայտնվել են նրա դավաճանական արարքներն արդարացնել փորձողներ, այդ թվում` ԼՂՀ նախագահի երբեմնի օգնականի հույժ պատասխանատու պաշտոն զբաղեցրած, այսօր էլ շատ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մի անձ: Դե°հ, նման դեպքերի համար է ասված. «Աստվա°ծ, փրկի°ր ինձ բարեկամների դավերից, թշնամիներիս հախից ինքս կարող եմ գալ»... (Դ. Բաբայանը դավաճաններին մերօրյա աշխարհի ամենահմուտ դիվանագետների եւ գաղտնի գործակալների նախանձը շարժող հեռատեսություն, դիվանագիտություն եւ գերգաղտնի ծրագրավորում է վերագրում:

Առաջին գլուխն ունի «Արցախի մելիքությունները որպես հայոց պետականության դրսեւորում» վերնագիրը: Ըստ մեզ` չափազանց կարեւոր է հենց վերնագրում պարփակված գաղափարը, որի ապացույցները հեղինակը շարադրել է գլխի բոլոր էջերում: Հիրավի, հիմնազուրկ է հայ պատմագիտական ու հասարակագիտական-քաղաքական մտքում լայն տարածում գտած եւ ստորակայության բարդույթից բխող այն տեսակետը, թե հայերս երկար դարեր զուրկ ենք եղել պետականությունից, որից էլ ոմանք հանգում են մի անհեթեթ եզրակացության, թե` «հայերս արժանի չենք պետականության, մենք պետություն պահել չենք կարող» ու նման «գոհարներ»: Այլ հարց, թե ուշ միջնադարի հայկական պետականության տարբեր դրսեւորումների ինքնիշխանության մակարդակները տարբեր են եղել (հիմնականում` զուրկ ամբողջական անկախության կարգավիճակից): Այս իմաստով միանգամայն ճիշտ է Ա. Մաղալյանի տեսակետը, թե Արցախի մելիքությունները «մնացել էին այն միակ ուժը, որոնց հենքի վրա հնարավորության դեպքում կարող էր վերստին հառնել հայոց պետականությունը»: Եվ երբեք պատահական չէ, որ Մադրասի հայրենասերների խմբակն առաջարկում էր հայկական սահմանադրական թագավորության հաստատման դեպքում թագը Արցախի մելիքներից արժանավորագույնին հանձնել:

Գլխի չորս ենթագլուխներում հեղինակը մեկ առ մեկ ներկայացնում եւ քննարկում է Արցախի մելիքների հիմնական գործառույթները` զինուժը, նրանց դատավարական համակարգը, պարսից շահերի նկատմամբ հարկային պարտավորությունները եւ մասնակցությունը իրենց գավառի, ինչպես նաեւ՝ Գանձասարի կաթողիկոսության հոգեւոր գործերին:

Առաջին ենթագլխում Ա. Մաղալյանը երկար կանգ է առնում 1720-ական թվականների արցախյան գոյամարտի վրա, երբ բոլոր մելիքների զորամիավորումները գործում էին միասնաբար, եւ այդ զինուժն իր պատմության ամենաբարձր նշաձողին էր հասել քանակապես եւ որակապես: Արցախյան զինուժը 1725-ի առաջին ամիսներին ջախջախում է օսմանյան բանակին, սպանում երկու եւ գերում մեկ փաշայի: Չափազանց ուշագրավ է գերի Սալահ փաշայի խոստովանությունը, թե «դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարպանտու եւ Պաքու վերա էինք գնացել, որ ղատիմի (արաբերեն եւ թուրքերեն` հնուց ի վեր - Գ. Յ.) մերն է»:

«Արցախի յուրաքանչյուր մելիքությունում դատական իշխանությունը կենտրոնացած էր տվյալ գավառի մելիքի ձեռքում: Ծանր հանցանքները քննում էր մելիքը, իսկ թեթեւները եւ գյուղական վեճերը` նրա հաստատած տանուտերերը»,- գրում է հեղինակը: Դատավարությունների ելքը «հիմնականում կախված էր սովորութային իրավունքի նորմերից եւ մելիքի կամքից, որը հպատակների համար օրենքի ուժ ուներ», իսկ «մելիքական դատարանը հանդես էր գալիս որպես վճռաբեկ ատյան՝ տանուտիրական դատարանի նկատմամբ»: Հեղինակն այս առնչությամբ արձանագրում է մի ցավալի երեւույթ, որի վերապրուկներն այսօր եւս առկա են մեր հասարակության մեջ. «Մելիքի վճռից դժգոհողները երբեմն անցնում էին թշնամի մելիքի կողմը կամ համալրում խանի լրտեսների բանակը»: Վճիռների կատարողական-պատժական իշխանությունը եւս մելիքների մենաշնորհն էր: Ամենատարածված պատիժներն են եղել ծեծն ու տուգանքները: Արձանագրվել են նաեւ կուրացման եւ աջ դաստակի հատման դեպքեր: Կիրառվել է նույնիսկ մահապատիժը` կախելու կամ գլխատելու ձեւով: «Իսկ անբարոյական կանանց սպառնում էր անվանարկությունը, երբ նրանց նստեցնում էին էշի վրա, պոչը ձեռքը տալիս, երեսին մուր քսում եւ պտտեցնում գյուղով, կամ անուղղելիներին կապում էին ձիու պոչից եւ քարշ տալիս»: Մելիքները մենաշնորհ են ունեցել նաեւ իրենց հպատակների քաղաքացիական գործերում, ինչպես ամուսնությունը, ամուսնալուծությունը, ժառանգությունը, որդեգրումը եւ այլն: Պսակվելու արտոնության դիմաց մելիքները որոշակի գումար էին գանձում:

 

Մելիքների պարտավորությունների կարեւորագույններից էին հարկահավաքումն ու հարկերի ժամանակին մուծումը շահական գանձարան:

Հարկերի մուծումից հրաժարումը համարվում էր ապստամբություն եւ շահի կողմից պատժվում մահվամբ: Նադիր շահը 1744 թվականին նման պատժի է արժանացրել Վարանդայի Մելիք Միրզաբեկ Բ-ին:

Չորրորդ ենթագլխում Ա. Մաղալյանը գրում է եկեղեցիների շինության եւ նորոգության գործում մելիքների մասնակցության, քահանայագործության եւ կրոնական այլ աստիճանների կոչման ու հոգեւորական պաշտոններում նշանակումների համար մելիքների միջնորդությունների մասին: Մելիքների դիրքորոշումը վճռական էր հոգեւորական նվիրակների ու նվերների հավաքման գործի հաջողության մեջ: Նրանց քմահաճույքից էր կախված նույնինքն նվիրակության առաքելության անցկացումը մելիքությունների տարածքում: Հետաքրքրական է այն փաստը, որ տարածաշրջանում ռուսական իշխանության հաստատումից, այսինքն` Ռուսաստանի կայսրության օրենքների պարտադրումից հետո էլ «մելիքների ժառանգները (որոնց ժողովուրդը «բեկ» էր կոչում (Գ. Յ.), տեղի հասարակության շրջանում ունեցած բարձր դիրքի շնորհիվ շարունակում էին իրականացնել իրենց նախնիների որոշ գործառույթները»: Մեկ այլ ուշագրավ փաստ է Գյուլիստանի Մելիք Հովսեփի հյուրասիրությունը. ըստ սկզբնաղբյուրի, նա իր ապարանքի առաջից անցնողների համար օրական մորթել էր տալիս երկու եզ եւ հինգ ոչխար` չհաշված ձուկն ու տարբեր որսակենդանիները:

Երկրորդ գլուխը նվիրված է Արցախի մելիքական տների տոհմածառերին: Այստեղ առատորեն օգտագործվել են հեղինակի հայտնաբերած վավերագրերը, ձեռագրերի հիշատակարանները, Արցախի վիմական արձանագրությունները (եկեղեցիների նվիրատվական բնույթի արձանագրություններ, տապանաքարեր եւ այլն) եւ այլ սկզբնաղբյուրներ, որոնց համակողմանի եւ համադրական աշխատանքով էլ հեղինակվել են այս տոհմագրությունները: Վեց ենթագլուխներում ներկայացվել են Խամսայի մելիքական տները` Գլուլիստանի տիրակալ Մելիք-Բեգլարյանների, Ջրաբերդի տիրակալ Մելիք-Իսրայելյանների եւ վերջին տիրակալ Աթաբեկյանների, Խաչենի տիրակալ Հասան-Ջալալյանների, Վարանդայի տիրակալ Մելիք-Շահնազարյանների եւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանների տոհմածառերը` յուրաքանչյուրի գավառի, ինչպես նաեւ Արցախի ու տարածաշրջանի պատմության համաշարադրանքում: Այս գլխում Արտակ Մաղալյանը կատարում է բազմաթիվ ճշգրտումներ: Օրինակ, ըստ Րաֆֆու` Մելիք Հովսեփ Մելիք-Բեգլարյանը մահացել է 1775 թվականին, մինչդեռ Ա. Մաղալյանի հայտնաբերած մի փաստաթղթում վերջինս 1778-ի փետրվարին դեռեւս ողջ է հիշատակվում: Մինչ Մակար եպս. Բարխուդարյանցը Կուսապատի (Ջրաբերդ) Աթաբեկյաններին համարում է Մելիք-Իսրայելյաններից սերած, Ա. Մաղալյանն անհերքելիորեն ապացուցում է, որ նրանք ծագել են հարեւան Խաչեն գավառի տիրակալ Հասան-Ջալալյաններից, որոնք էլ սերում են Հայկյան Սիսակյան-Առանշահիկ տոհմից` վկայված Խորենացու հայոց ազգաբանության մեջ: Այսպիսով, Հասան-Ջալալյաններն ու Աթաբեկյանները, որոնք իշխել են մինչեւ 19-րդ դարի առաջին տասնամյակները, ապահովել են հայոց իշխանական համակարգի շարունակականությունը հայոց անվանադիր առաջին նահապետ Հայկի օրերից: Կարծում ենք, որ այս միտքն արժանի էր, որ հեղինակն արձանագրեր իր այս աշխատության մեջ: Մաղալյանը նաեւ պարզել է Գանձասարի վերջին կաթողիկոս, ապա մետրոպոլիտ, Ռուսաստանին դավաճանելու անհիմն մեղադրանքով Թիֆլիս տարված Սարգիս Հասան-Ջալալյանի՝ Արցախ վերադառնալու կոնկրետ օրը` 1827-ի հուլիսի 2-ը: Հեղինակը շուրջ 6 էջ գրում է Արցախի, եւ առհասարակ Հայ Առաքելական եկեղեցու վերջին մետրոպոլիտ Բաղդասար արք. Հասան-Ջալալյանի հայրենասիրական-եկեղեցաշինական գործունեության մասին: Հեղինակն արժանին է մատուցել «իր հավատավոր հոտին անմնացորդ նվիրվածության մի հիանալի օրինակ» ծառայած այս բազմավաստակ եկեղեցական գործչին, որի հիշատակը, կարծում ենք, մեր եկեղեցին պարտավոր է հավերժացնել պարտ ու պատշաճ ձեւով, նրա պայծառ անունը դուրս բերելով մոռացության փոշու տակից` որպես օրինակ մեր հոգեւորականների (եւ ոչ միայն նրանց) նոր սերունդների: Բավարար է ասել, որ նրա հետեւողական ջանքերի շնորհիվ Ծար (Քարվաճառ) գավառում հաստատված Քոլանի քրդական քոչվորական ցեղախմբի խաշնարածները դուրս են դրվել Գանձասարի վանքապատկան Կուզլակ տափից: Տեղին է հնչում այս առթիվ հեղինակի մեկնաբանությունը. «Կարծում ենք, պարզ է, թե ինչ կարող էր լինել, եթե ժամանակին անկոչ վրանաբնակները չհեռացվեին այդ հողատարածություններից: 20-րդ դարը մեզ օրինակների պակաս չի թողնում»:

Մելիք-Շահնազարյանների տոհմագրության ենթագլխում հեղինակը մի անգամ եւս անդրադառնում է Մելիք Շահնազար Բ-ի դավաճանական կերպարին եւ այս առթիվ տեղին չի գտնում «Մելիք Շահնազարի բացասական կերպարի ստեղծման համար Ա. Մելիք-Շահնազարյանի` Րաֆֆու հասցեին հնչեցրած մեղադրանքը»: Մի անգամ եւս մեջբերելով արխիվային վավերագրեր, Մաղալյանը եզրակացնում է. «Եվ եթե Րաֆֆուն կարելի է մի բանում «մեղադրել», ապա միայն՝ Մելիք Շահնազարի բացասական կերպարը մասսայականացնելու մեջ»: Մեր համոզմամբ, որեւէ դավաճանի համար շատ մեղմ է «բացասական կերպար» բառակապակցության գործածումը... Մի՞թե կարելի է Արցախյան ազատամարտից հետո էլ փորձել արդարացնել մի զազրելի արարածի, ում ակտիվ գործակցությամբ թյուրքազգի ոմն Փանահ-Ալի հաստատվեց հայոց հայրենիքի արեւելյան կողմերում, որով եւ «սկսվեց այլացեղ եւ այլակրոն էթնիկ տարրի ներթափանցումն այդ երկրամաս», իսկ «քոչվորների ձիերի սմբակների տակ կոխկրտվողը հայրենի հողն էր»: Դավաճաններն անարգանքի սյունին պետք է գամված լինեն այժմ եւ միշտ եւ հավիտյան, իսկ Արսեն Մելիք-Շահնազարովն ու իր տոհմակիցները ճիշտ կանեն, եթե պանծացնեն իրենց արժանավոր մեկ ուրիշ նախնուն, օրինակ, նույն դավաճանի որդի Մելիք Ջումշուդին, ով «իշխանության է եկել՝ իր հոր աջակցությամբ կայացած Ղարաբաղի խանության դեմ անհաշտ պայքար մղելու վճռականությամբ», եւ ով իր ողջ կյանքում փորձեց հոր ճակատագրական սխալը սրբագրել, թեեւ քիչ համեստ արդյունքների հասավ, քանի որ գործված սխալն ահռելի էր: Փանահի, նրա որդի Իբրահիմի եւ թոռան` Մեհդի-ղուլի խաների հակահայկական հարվածների տակ ընկան նաեւ Դիզակի տիրակալ Մելիք-Եգանյանները, որոնցից մի քանիսը հերիք չէր սպանվեցին հիշյալ խաների դավադրություններով, այլեւ Բաղդադ-բեկն ու նրա որդիներ Ասլանն ու Վահանը բռնի իսլամացվեցին, թեեւ առաջին երկուսին դա եւս չփրկեց արյունախում Իբրահիմ խանի սրից: «Մելիքական տների ներկայացուցիչներին դավանափոխելը խաների կողմից դիտվում էր որպես նրանցից ձերբազատվելու ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը»,- գրում է Ա. Մաղալյանը: Բռնի իսլամացված Ասլանից սերվեցին Մելիք-Ասլանովները, որոնք էլ ժառանգեցին Մելիք-Եգանյանների ողջ հարստությունը: Մի վավերագիր արձանագրում է, որ Մելիք-Ասլանովներն իրենց կրոնական մոլեռանդության մեջ գերազանցել են իրենց նոր հավատքի մարդկանց եւ իրենց նախկին ազգակից-հավատակիցների հետ վերաբերել անասելի դաժանությամբ: Այսպես, Զանգեզուրի գավառում պրիստավ ոմն Մելիք-Ասլանով 1904-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ «անորակելի գազանություններ կատարեց հայերի դեմ», իսկ մեկ այլ ուրիշ Մելիք-Ասլանով անդամ էր մուսավաթական Ադրբեջանի այն կառավարության, որի հանցակցությամբ 1918-ի սեպտեմբերին 30 հազար հայեր կոտորվեցին Բաքվում:

Գրքի ավարտին առանձին էջերում տպագրված վեց տոհմածառերում իգական սեռի ներկայացուցիչները անբավարար են ներկայացվել, ինչը հեղինակը բացատրում է «սկզբնաղբյուրներում նրանց մասին եղած տեղեկությունների սակավությամբ»:

«Վերջաբանում» Արտակ Մաղալյանը ընթերցողին է փոխանցում երկու կարեւոր դիտարկում, որոնք անհրաժեշտ են մեր այսօրվա ու վաղվա համար. «... Արցախի մելիքությունների պատմությունը նաեւ միաբան լինելու մի յուրօրինակ դաս է գալիք սերունդներին: Այդ դասը հաշվի չառնելու դեպքում մեր Հայրենիքի այլեւայլ անկյուններում եւս կարող են հայտնվել նորօրյա փանահներ եւ իբրահիմներ»: Ա. Մաղալյանը շարունակում է. «Եվ, վերջապես, եթե այսօր ունենք ազատ եւ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ապա այդ պետության կայացման ենթախորքում, անտարակույս, իրենց անուրանալի դերն ունեն նաեւ Արցախի հերոսական մելիքությունները...»:

Այս եզրակացություն-պատ-գամները կրկնվում են նաեւ գրքի ռուսերեն ու անգլերեն ամփոփումներում, որոնց լեզուն համարյա անթերի է:

Արտակ Մաղալյանն Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում եւ Հայաստանի ազգային արխիվում իր հայտնաբերած վավերագրերից 50-ը հրապարակել է գրքի երկու հավելվածներում: Դրանք վերաբերում են Մելիք-Շահնազարյանների տոհմին (32 վավերագիր) ու Արցախի գործիչների եւ Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս-Միրզայի 1826 թ. հանդիպման հետեւանքներին (18 վավերագիր): Հավելվածներն ունեն ներածական, անհրաժեշտ ծանոթագրություններ, իսկ վավերագրերը բերված են բնագրի լեզվով (հայերեն, ռուսերեն):

Գրքի բովանդակությունը հարստացնում են առանձնատիպ ներդիրները, որոնք թեմային առնչված դեպքերի, վայրերի, փաստաթղթերի եւ այլ արժեքների լուսանկարներ են: Ներդիրների ամենասկզբում Խամսայի մելիքությունների քարտեզն է` արտատպված Հայկական համառոտ հանրագիտարանից: Հետեւում է Արցախի հոգեւոր կենտրոն Գանձասարի հոյակերտ եկեղեցու գունավոր լուսանկարը:

Արտակ Մաղալյանը, հակառակ իր երիտասարդ տարիքին, սույն աշխատության մեջ դրսեւորել է հասուն պատմաբանին հատուկ հմտություն, խորիմացություն, գիտական բացառիկ բծախնդրություն, փաստերը ներկայացնելու եւ, հատկապես, դրանք վերլուծելու ակնհայտ կարողություն: Նորությունների հայտնաբերումը նրան չի շլացրել երեւալու մոլուցքով, առավել եւս` նույն թեմայի մասին գրած նախորդների վաստակի նսեմացման գայթակղությամբ, ինչին հաճախ ենք ականատես լինում: Նա բոլոր հեղինակություններին վերաբերվել է անաչառությամբ ու հարգանքով, ինչը գիտականության գլխավոր սկզբունքներից է: Նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ դրսեւորել է գիտական կասկածանք, ինչը եւս գիտական մեթոդաբանության հիմնասյուներից է: Այս բոլորը նա ոչ միայն կարողացել է հիանալիորեն համատեղել, այլեւ համադրել ու համակարգել, որով ընթերցողի դատաստանին է ներկայացվել գիտական բարձր մակարդակի մի աշխատություն, որն ունի արդիական կարեւորագույն նշանակություն ադրբեջանցի թշնամու դեմ դիվանագիտական ու տեղեկատվական-հոգեբանական կատաղի պայքար մղող մեր հասարակության եւ հայկական երկու հանրապետությունների համար: Ա. Մաղալյանի մոտեցումները ազգային են, վճիտ, ազգային փքուռույց եւ կործանարար սնապարծության սահմանից շատ հեռու: Դատապարտելով դավաճաններին ու նրանց մերօրյա պաշտպաններին, նա, այնուամենայնիվ, զերծ է մնում հակառակ ծայրահեղությունից` ազգայնամոլությունից եւ պատմության գունազարդումից:

Գիտական պարբերական մամուլի հրապարակումներից համոզված լինելով Արտակ Մաղալյանի գիտական բացառիկ բծախնդրության մասին, գրախոսվող հատորի ընթերցման ժամանակ քննադատական խոսք ասելու հիմքեր գտնելու համար գիրքն ընթերցել ենք ծայրագույն ուշադրությամբ: Այդ մոտեցումը տվեց իր պտուղները... նվազագույն արդյունքներով: Մեր նկատողություններն ամփոփում ենք հետեւյալ կետերում.

Բացթողումներ. կարելի էր մի քանի տողով գրել Գանձասարի կաթողիկոսի, մելիքների եւ Ղարաբաղի խաների դատական գործառույթների համատեղման կամ տարամիտման հարցերի մասին:

Անհամապատասխան գնահատականներ կան Արցախի երեք ղեկավար գործիչների վերաբերյալ՝ Շուշիի բանտում երկու տարի արգելափակումը հեղինակը «ոչ երկար» է գնահատում, մինչդեռ ընդամենը ութը ամիս Թիֆլիսում, այն էլ` Ներսես Աշտարակեցու հսկողության տակ Սարգիս մետրոպոլիտ Հասան-Ջալալյանի պատվավոր կալանքը հեղինակը համարում է «անտեղի նվաստացման երկար ու ձիգ ամիսներ»: Իհարկե, նախկին կաթողիկոսի ու մետրոպոլիտի հարցաքննությունը նվաստացուցիչ է, բայց մի՞թե երկու տարի արյունարբու խանի զարհուրելի բանտում անցկացնելը ութ ամիսների համեմատությամբ «ոչ երկար» կարող է համարվել:

Բնագրերից արտագրված սխալներն աննշան թիվ են կազմում:

Վերոհիշյալները երբեք չեն նսեմացնում «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» պատմագիտական լուրջ աշխատության որակը: Բծախնդրությունն ակնբախ է գրախոսվող գրքի ամեն մի էջի եւ տողի մեջ:

Հանձին Արտակ Մաղալյանի, հայ պատմագիտությունն անտարակույս հարստացել է մի արժեքաւոր պատմաբանով: Նա իր այս առաջին մենագրությամբ իսկ իրեն հաստատել է իբրեւ կայացած պատմաբան: Համոզված ենք, Ա. Մաղալյանը հաջորդ տարիներին է°լ ավելի ծանրակշիռ ներդրում է ունենալու հայկական պատմագիտության, մասնավորաբար՝ Արցախի ուշ միջնադարի պատմության ոլորտում:

www.azg.am
(արտատպվում է մասնակի կրճատումներով)

 

հասարակություն

«ՎԱ¯Յ, ՏՈ¯ՒՆՍ, ՏՈ¯ՒՆՍ...»

(իրապատում)  

Թոշակառու վաղեմի ընկերոջը տեսակցության գնալու համար Հակոբ պապը, թեեւ սիրտը շատ բան էր ուզում, կարողացավ միայն մի քիչ միրգ գնել: Տնից դուրս գալու ժամանակ կնոջը պատվիրեց ուրիշ տեղ չգնալ: Չէր սիրում, երբ որեւէ տեղից վերադառնում էր, մտնում նկուղային խոնավ սենյակ ու միայնության մեջ մտորում փախստականի իր դաժան ճակատագրի մասին, վերհիշում մեկը մյուսից ծանր իր կորուստները, աշխարհի անարդարությունները, փակուղու մեջ հայտնված իր անիմաստ, անորոշ օրերը:

... Վաղեմի հավատարիմ ընկերների հանդիպումը ջերմ էր, սրտառուչ: Ողջագուրվելուց հետո նստեցին սեղանի շուրջը, քաղցր զրուցելով թեյ խմեցին ու հին սովորությամբ սկսեցին շախմատ խաղալ: Այդ պահին տանտիրոջ հինգ, թե վեց տարեկան թոռնիկը ներս վազեց, մոտեցավ, սեղանից քաղցրավենիք վերցրեց, ոտքի վրա կերավ ու դուրս եկավ: Քիչ հետո նա կարտոնե մի արկղ գրկած ներս մտավ, սենյակի հատակին փռած գորգի վրա արկղը շուռ տվեց, պապի կողմը նայելով՝ ծիծաղեց, ուրախ, զրնգուն ծիծաղեց:

-Պապի° ջան, գիտե՞ս ինչ եմ ուզում անել:

-Չէ, բալիկ ջան, չգիտեմ:

-Սպասի’ր. սպասի’ր, հիմա կտեսնես, թե ինչ եմ անելու,- խնդալով ասաց փոքրիկն ու գործի անցավ:

Շախմատի տախտակի վրա խաղը լարված բնույթ էր կրում, փոքրիկն էլ լրջորեն իր գործով զբաղված, խաղալիքներից տուն էր կառուցում: Զանազան փոքրիկ տուփեր, կոնստրուկտոր խաղալիքի մասեր, լուցկու դատարկ տուփեր եւ այլն օգտագործում էր որպես շինանյութ եւ իրար վրա դասավորելով հարմարեցնում, պատ էր շարում, զգուշորեն «քարը քարին» դնելով տուն էր կառուցում: Առաջին հարկից հետո անցավ երկրորդ հարկի քրտնաջան աշխատանքին: Ամեն մի պատ, դուռ, պատուհան հաջողությամբ ավարտելուց հետո ստեղծագործական ոգեւորությամբ երջանիկ ցատկոտում էր, գուցե արյան կանչն էր դա, արտահայտված մանկական խաղում:

 Վերջապես ավարտեց նաեւ երկրորդ հարկն ու զգուշորեն սկսեց տանիքը ծածկել: Իրոք, ամեն ինչ իրականի էր նման: Երբ տանինքն էլ ծածկեց, մոտեցավ, պապի ձեռքից բռնեց ու խնդրեց.

-Պապի° ջան, արի° մոտիկից նայիր, տես՝ տունս լա՞վն է:

Պապը վեր կացավ, ժպտալով գնաց կանգնեց թոռնիկի կառուցած տան կողքին:

- Ապրե°ս, կեցցե°ս, շատ լավ շինարար ես դառնալու, իմ գործը շարունակողը դու ես լինելու,- ասաց պապը, հուզված գրկեց թոռնիկին, համբուրեց, վերադարձավ ու նստեց տեղը:

Այդ պահին դպրոցից վերադարձավ փոքրիկ «շինարարի» քույրը`  պայուսակը ձեռքին: Նա նոր էր  ներս մտել, երբ տղան վազեց ընդառաջ ու բացականչեց.

-Արի, արի տես ինչ տուն եմ կառուցել, պապիկն ասաց իսկական տան նման է:

Քույրը հետաքրքրությամբ դիտելով «նորակառույց տունը», ժպտալով ասաց.

-Իրոք, իսկական տուն է, ապրես, շատ լավ է, էդ ո՞նց ես սարքել, մեծ շնորհք ունես, չգիտեի:

Քույրը չորս կողմից զննելով եղբոր կառուցած տունը, իր հիացմունքը, գոհունակությունն էր արտահայտում, իսկ փոքրիկ տղան ուրախ ցատկոտում, ծափ էր տալիս: Հակոբ պապը խաղը թողած, աչքերում թախիծ, ուշադրությամբ հետեւում էր երեխաների ցնծությանը, թեեւ խաղատախտակի վրա իր հերթական քայլն էր: Եղել է ժամանակ, երբ այնտեղ՝ հեռվում, ինքն էլ իր տունը հաջողությամբ կառուցելիս էր ուրախանում, իրեն երջանիկ զգում: Պահը խորհրդավոր էր:

Բայց հանկարծ, մի ակնթարթում սենյակը լցվեց աղեկտուր ճիչ ու ծվվոցով: Տանտերը եւ Հակոբ պապը վեր թռան, արագ մոտեցան դեպքի վայրին: Աղջիկը շփոթված մի կողմ էր կանգնել: Մեղավորը գրքերով լիքը  պայուսակն էր, դիպել էր «տանը», քարուքանդ արել:

-Վա¯յ, տո¯ւնս, տո¯ւնս, տունս քանդվեց, վա¯յ, վա¯յ, տո¯ւնս, տո¯ւնս,-  ճչում, ողբում էր փոքրիկ տղան ու հոնգուր-հոնգուր լացում:

-Այ տղա, գժվե՞լ ես, ի՞նչ է պատահել, սուս արա, հիմա ես ինքս քեզ համար այնպիսի տուն կառուցեմ, որ ավելի լավը լինի,- հորդորում էր պապը:

-Չէ°, չէ°, չեմ ուզում, ես իմ ձեռքով կառուցած իմ տունն եմ ուզում, ուրիշը չեմ ուզում, վա¯յ, տո¯ւնս, տո¯ ւնս եմ  ուզում, ուրիշը չեմ ուզում, վա¯յ, տո¯ւնս, տո¯ւնս,- անընդհատ ճչում էր  փոքրիկ տղան:

Հակոբ պապին թվաց, թե ինչ-որ հեռավոր ձորերից, կիրճերից իր իսկ սեփական ձայնն է գալիս, հեռո¯ւ-հեռուներից իր սրտից բխած ողբի արձագանքն է տարածվում սենյակում:  Աչքերը թացացան, քիչ էր մնում հեկեկար երեխայի պես:

«Այս երեխան ողբում է խաղալիքներից կառուցած իր տան համար, իսկ ես ո՞նց եմ դիմանում,- մտածեց Հակոբ պապը,- ավելի քան տասը  տարվա ընթացքում հոյակապ երկհարկանի տուն եմ կառուցել սեփական ձեռքերով, որ տղաներս կողք- կողքի ապրեն, աչքիս առաջ թոռ, ծոռ  լինեն, տունս ուրախությամբ լցնեն, ո՞ւր են նրանք... Ոչ մի մեղք չգործած տնաքանդ եղա, վա¯յ, տո¯ւնս, տո¯ւնս, քանդվեց... Մարդ չսպանես, գողություն չանես, որեւէ հանցանք չգործես եւ դաժանորեն պատժվե՞ս, աշխարհի ո՞ր օրենքով, ինչո՞ւ, ինչո՞ւ...»:

Այդ գիշեր, օտարի նկուղում Հակոբ պապը առաջին անգամ տեսավ իր վաղեմի երկհարկանի լուսավոր տունը, բակը, վարդերով լի պարտեզը:

Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Powered by NKSoft Company



                                     © 2008 «Դեմո»

 

 Հրատարակվում է "Conciliation Resources" կազմակերպության ֆինանսական և Ստեփանակերտի մամուլի ակումբի ստեղծագործական աջակցությամբ