ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՕՐՆ ԸՆԿՆԵԼ՝ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Լուսանկարը` AFP-ի
Ըստ երեւույթին, մենք կորցրել ենք քաղաքականություն անելու ցանկությունը, հետեւաբար եւ՝ ունակությունը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այլեւս ոչ ոք մեր իսկ շահերից բխող ինքնուրույն քայլեր չակնկալի մեզնից: Դրա համար շատ բան պետք չէ՝ բավական է պարզապես ջայլամի պես գլուխը խոթել ավազի մեջ եւ ձեւացնել, թե շուրջբոլոր ոչինչ չի կատարվում: Հընթացս սերմանելով այն միտքը, որ մեզնից ոչինչ կախված չէ, եւ ամեն ինչ դրսում է վճռվում:
Մինչդեռ իրադարձությունները Ղարաբաղի շուրջ շատ ակտիվ եւ արագ են զարգանում: Ընդ որում, դրանք նախաձեռնում են եւ Ադրբեջանում, եւ այն տեղերում, որտեղ հասկանում են, որ առանց սեփական քաղաքականություն իրականացնելու անհնար է պաշտպանել սեփական շահը:
Ցավոք, ժամանակակից Ղարաբաղի առանձնահատկությունն է դարձել առաջնահերթությունները որոշելու եւ համապատասխանաբար դրանց արձագանքելու անընդունակությունը: Իսկ դա նշանակում է քաղաքականություն վարելու ունակության բացակայություն:
Ամենացայտուն օրինակներից մեկը, թերեւս, արդարադատության նախարարի պատասխանն էր այն հարցին, թե իսկապե՞ս փակվել են Ղարաբաղի տարածքում գործող ռուսական բանկերն ու դրամական փոխանցումների համակարգերը: Նա խոստովանել է, թե տեղյակ չէ: Նախարարը խոստացել է ուսումնասիրել հարցը եւ լրացուցիչ պատասխանել:
Այնինչ, հենց այդ հարցն էր այդ օրերին ամենաօրախնդիրը նորանկախ երկրի համար: Արտասահմանյան, այդ թվում՝ ռուսական մամուլը լի էր ԼՂՀ տարածքում բանկերի փակման մասին տեղեկություններով: Ընդ որում, ՎՏԲ բանկն ինքն էր հայտարարել Ստեփանակերտում իր մասնաճյուղի փակման մասին: Եւ հենց արդարադատության նախարարը պետք է իմանար, թե արդյո՞ք գրանցումից հանվել են բանկերը, չէ՞ որ պետռեգիստրը մտնում է արդարադատության նախարարության համակարգի մեջ:
Եւ ապարդյուն կանցնեին ձեր ջանքերը, եթե այդ օրերին փորձեիք փնտրել, թե ինչպես են այդ տեղեկություններին արձագանքել Ստեփանակերտում: Ամենամեծ որոնման համակարգն էլ կասեր, որ «ձեր հարցման շուրջ ոչինչ չի հայտնաբերվել»: Ինտերնետն այստեղ կապ չունի՝ մեզ մոտ նման բաներին չեն արձագանքում:
Բայց բանկերը դեռ ոչինչ: Օրերս աշխարհը բառացիորեն ցնցեց այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համոզել են Ադրբեջանին համաձայնել Ղարաբաղում հանրաքվեի հետ: Ադրբեջանում սկսվեց բացասական կարծիքների, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, դրական կարծիքների շքերթը: Միայն Ղարաբաղը պաշտոնապես չարձագանքեց Բրայզայի հայտարարությանը: Բայց ինչու՞ պետք է Ղարաբաղն արձագանքի, թե ինչ են խոսում Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունի Ղարաբաղը Երկիր մոլորակի հետ: Մենք ինչ-որ կերպ կապրենք, առանց ռուսաստանների եւ ամերիկաների: Կարեւորը, որ բերքը լավ լինի, որ բոլոր նախարարները երթեւեկեն ջիպերով, որ բոլոր խանութներում լինեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ:
Վերջին ամսվա ընթացքում, երբ տարածաշրջանում ծավալվում էին բավական լուրջ քննարկումներ, Ղարաբաղից չհնչեց որեւէ քաղաքական գնահատական: Ղարաբաղը ոչ մի կերպ չարձագանքեց Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու՝ Հայաստանի մտադրությանը: Չկա արձագանք Հայաստանի ընդդիմության մեղադրանքին՝ մարտի 1-ի իրադարձություններին ղարաբաղյան զինվորականների մասնակցության մասին: Պատասխան չկա քաղաքացիություն ստանալու մասին Ժիրայր Սեֆիլյանի նամակին: Արձագանք չկա հանրաքվեի մասին առաջարկին:
Փոխարենը, վերադառնալով կարճատեւ արձակուրդից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությանը եւ շինարարությանը: Ընդհանրապես, Ստեփանակերտում շինարարությունը հիմա հարգի է: Նախագահը կարող է շաբաթը երկու անգամ խորհրդակցություն հրավիրել շինարարության հարցերով, անձամբ այցելել շինհրապարակներ, ստուգել բետոնի ամրությունը եւ նույնիսկ կանգնեցնել շինարարությունը:
«Նույն օրը պետության ղեկավարը այցելեց մի շարք օբյեկտներ մայրաքաղաքում եւ նրա ծայրամասերում: «Արցախերկսերմետ» ՓԲԸ-ում Բակո Սահակյանին ցույց տվեցին նոր շինարարական եւ գյուղատնտեսական տեխնիկայի նմուշներ: Այցելելով «Դորոժնիկ» ընկերություն, նախագահը ծանոթացավ պլաստմասսայե խողովակների արտադրության ընթացքին, իսկ Ստեփանակերտի կահույքի նախկին ֆաբրիկայի տարածքում՝ բնակելի նոր շենքերի կառուցման աշխատանքների ընթացքին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Հաջորդ հաղորդագրությունը հետեւյալն էր. «Օգոստոսի 6-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է մայրաքաղաքի հանրապետական մարզադաշտ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին»:
Երեւի երջանիկ երկրում ենք ապրում: Այն օրերին, երբ տարածաշրջանում ռազմական գործողություններ են տեղի ունենում, մենք արձակուրդ ենք գնում արտասահման: Չենք կուտակում պարենային պաշարներ, շռայլ ծախսում ենք, այլ կերպ ասած՝ ուտում ենք ունեցածը, չմտածելով, որ վաղը կարող ենք հայտնվել Հարավային Օսիայի վիճակում: Չէ՞ որ հազարավոր մարդիկ զոհվել են միայն այն պարզ պատճառով, որ այդ հանրապետության ղեկավարությունը ապավինել էր Ռուսաստանի իշխանություններին, սեփական քաղաքականություն չէր վարում եւ չէր նախապատրաստում սեփական ժողովրդին իրադարձությունների նման զարգացմանը:
Ծանր պահին մարդ սովորաբար մտածում է, թե ինչ կարող էր անել մինչ այդ՝ անակնկալի չգալու համար: Այսօր հենց այս տրամաբանությամբ պիտի առաջնորդվել: Եւ ամենեւին էլ պարտադիր չէ Հարավային Օսիայի օրն ընկնել այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար:
Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ